
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Մայիս 28-ի փառապանծ յաղթանակին նւիրւած, հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի՝ ուրբաթ, մայիսի 29-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 108-րդ տարեդարձի առիթով:
Թերանի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում օրւայ պատարագիչն էր Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը։ Հանրապետական մաղթանքից եւ ՀՀ եռագոյն դրօշի օրհնութեան արարողութիւնից յետոյ դպրաց դասը հնչեցրեց Մեր Հայրենիք օրհներգը։ Ս. Պատարագի ընթացքում տէր հայրը ընթերցեց օրւայ առիթով Սրբազան Հօր յղած պատգամը, որի մի բաժնում ասւել էր. «Այսօր՝ Մայիսի 28-ը, հայ ժողովրդի յաղթանակի, պետականութեան վերածննդի եւ արժանապատիւ պայքարի օրն է։

1918 թւականի այս օրը ծնւեց Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը՝ ապացուցելով, որ միասնական ժողովուրդը կարող է վերականգնել իր անկախութիւնն անգամ ամենածանր ժամանակներում։
Մայիս 28-ի խորհուրդը իր մէջ ունի պատգամ, որ մեր ամենօրեայ կեանքի հետ շաղախւած իրականութիւն պէտք է լինի, Մայիս 28 սիրելիներ մեզ պատգամում է հետեւեալը`
«Ազատութիւնը պահպանւում է ոչ միայն յաղթանակներով, այլ նաեւ ամէն օր հայրենիքի հանդէպ պատասխանատւութեամբ»։
Կրօնական արարողութեանը ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, «Ալիք» հաստատութան ներկայացուցիչ Գառօ Յովհաննիսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Նոր Ջուղայից հիւրաբար Թեհրան ժամանած եւ Մայիս 28-ի Կենտրոնակսն ծրագրի բանախօս ազգային-հասարակական գործիչ եւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը, պատմական գիտութիւնների թեկնածու Դերենիկ Մելիքեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ։
Յաւարտ Ս. Պատարագի կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցող ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։



