Իշխանութիւնները փորձում են ծնկի բերել ոչ թէ Գագիկ Ծառուկեանին, այլ բոլորիս

Աւելի քան ակնյայտ է, որ Գագիկ Ծառուկեանի նկատմամբ, ինչպէս նաեւ բազմաթիւ քաղաքական ընդդիմախօսների պարագայում, իրականացւում է ոչ թէ իրաւական գործընթաց, այլ տեղի է ունենում կամայականութիւն։ Այս մասին լրագրողների հետ ՊԵԿ շէնքի մօտ (որտեղ ընթանում է «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանի հարցաքննութիւնը) տեղի ունեցած զրոյցում յայտնել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստյանը։
Վրէժ, անբարոյականութիւն, կարմիր գծերի խախտում․ այսպէս է բնութագրել քաղաքական գործիչը իրավիճակը՝ յաւելելով, որ իշխանութիւնները փորձում են ծնկի բերել ոչ թէ Գագիկ Ծառուկեանին, այլ բոլորիս։ Գալստեանը նկատել է, որ իրաւունքների ոտնահարումը, վախի մթնոլորտի ստեղծումը ոչ մի ընդհանուր բան չունեն իրաւական պետութեան եւ ժողովրդավարութեան հետ։
Ողջ իրաւական համակարգը դարձել է Նիկոլ Փաշինեանի ձեռքին գործիք, Հայաստանում վաղուց խախտւած է սահմանադրական կարգը, Սահմանադրութիւնը չի գործում, տեղի է ունենում մէկ անձի կամայականութիւն, յաւելել է Գալստեանը։ Նրա խօսքով՝ այս պայմաններում իրաւունքի մասին խօսելու փորձերը դոնքիշոտութիւն են։
«Մենք երբեք չենք մերժել փողոցային պայքարը, սակայն մեծ նշանակութիւն ենք տւել միասնական ընդդիմադիր ճակատի ստեղծմանը։ Հայաստանի պետականութեան պահպանման համար այլ ելք չկայ դրա ստեղծումից բացի»,- նշել է Գալստեանը։



