Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տւել Ադրբեջանում իսրայէլական ուժերի մասին հաղորդման համար

Ադրբեջանի կառավարութիւնն անցեալ շաբաթ ԱՄՆ դաշնային դատարանում հայց է ներկայացրել CNN-ի դէմ՝ «Իրանի հետ պատերազմի ժամանակ Իսրայէլը զօրք է ուղարկել Ադրբեջան» յօդւածի համար։
Վկայակոչելով անանուն աղբիւրներ՝ CNN-ը 2026 թւականի յունիսի 5-ին հաղորդել է, որ Ադրբեջանում գտնւող իսրայէլական ուժերը «բաղկացած են եղել մի քանի տասնեակ զինծառայողներից, այդ թւում՝ Իսրայէլի յատուկ գործողութիւնների ուժերից, նրա էլիտար ուղղաթիռային մարտական եւ փրկարարական ստորաբաժանումներից եւ «Մոսադի» անձնակազմից»։ CNN-ը յայտնել է, որ իրեն տեղեկացրել են, թէ Իրանի սահմանի մօտ՝ Ադրբեջանի հարաւում գտնւող մի քանի ռազմաբազաներում տեղակայւած իսրայէլական խմբերն իրականացրել են հետախուզական տւեալների հաւաքագրում եւ անօդաչու թռչող սարքերի գործողութիւններ, ինչպէս նաեւ պատրաստութեան են բերել դիրքեր, որոնք կարող էին աջակցել օդային փրկարարական առաքելութիւններին՝ Իրանի օդային տարածքում իսրայէլցի օդաչուների խոցման դէպքում։
CNN-ը հաղորդել է, որ Իսրայէլն ամիսներ է ծախսել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով հետախուզական ենթակառուցւածքներ նախապատրաստելու համար՝ նախքան ռազմական գործողութիւնների սկսւելը։ Լրատւական ցանցի վկայակոչած աղբիւրների համաձայն՝ իսրայէլցի գործակալները 2026 թւականի սկզբին սահմանամերձ հատւածում տեղադրել են տեսահսկման եւ հետախուզական տւեալների հաւաքագրման սարքաւորումներ, ինչն արտացոլում էր Իսրայէլի մտավախութիւնները, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ դիւանագիտական ջանքերն ի վերջոյ ձախողւելու են։
CNN-ը նաեւ հաղորդել է, որ Իսրայէլի հետ այս յարաբերութիւնները «Ադրբեջանին հնարաւորութիւն են տալիս օգտւել կարեւորագոյն դիւանագիտական ռեսուրսից, ըստ «Ճգնաժամային խմբի» աւագ վերլուծաբան Ջոշուա Կուչերայի՝ դա Բաքւին թոյլ է տալիս օգտագործել Իսրայէլի լաբբին Վաշինգտոնում»։
CNN-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանից իրականացւած հիմնական գործողութիւններից մէկը 2026 թւականի մարտի 4-ին Ռահման Մողադամի սպանութիւնն էր, որը ղեկավարում էր Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) հետախուզական ստորաբաժանումը։
CNN-ի յօդւածում ընդգծւել են Իսրայէլի եւ Ադրբեջանի միջեւ ձեւաւորւած երկարամեայ ռազմավարական յարաբերութիւնները: Բաքուն ապահովում է Իսրայէլի նաւթի ներմուծման 40 տոկոսը, մինչդեռ Իսրայէլն Ադրբեջանին մատակարարում է նրա ժամանակակից սպառազինութեան 70 տոկոսը:
Նախագահ Իլհամ Ալիեւը Բաքւի յարաբերութիւններն Իսրայէլի հետ համեմատել էր սառցաբեկորի հետ, որի 90 տոկոսը թաքնւած է ջրի տակ:
Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Իսրայէլն առաջին երկրներից մէկն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախութիւնը, եւ երկու երկրները լայնամասշտաբ համագործակցութիւն են ծաւալել պաշտպանութեան, հետախուզութեան եւ էներգետիկայի ոլորտներում։
Ո՛չ Իսրայէլը, ո՛չ էլ Ադրբեջանը հրապարակայնօրէն չեն ընդունել Իրանի դէմ պատերազմին առնչւող որեւէ ռազմական համագործակցութիւն՝ իրենց գոյութիւն ունեցող պաշտպանական յարաբերութիւններից դուրս: Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան խօսնակը հերքել է CNN-ի հաղորդումը։ «Մենք կտրականապէս մերժում ենք անհիմն պնդումներն այն մասին, թէ իբր Ադրբեջանի տարածքն օգտագործւում է երրորդ երկրների դէմ գործողութիւնների համար», CNN-ին ուղղւած յայտարարութեան մէջ նշել է դեսպանատունը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնը CNN-ի հաղորդումը որակել է «լիովին անհիմն» եւ մի քանի անգամ կոչ է արել հեռացնել յօդւածը: CNN-ը մերժել է Ադրբեջանի պահանջը: «Մենք հաւատարիմ ենք մեր հաղորդմանը», պնդել է CNN-ի խօսնակը: Յատկանշական է, որ Իսրայէլի վարչապետի աշխատակազմը եւ Իսրայէլի պաշտպանութեան բանակը չեն արձագանգել CNN-ի հարցմանը:
2026 թւականի օգոստոսի 17-ին Ադրբեջանի կառավարութիւնը դատականհայց է ներկայացրել ԱՄՆ Դելավեր նահանգի շրջանային դատարան՝ ընդդէմ CNN-ի՝ ներկայացնելով երկու մեղադրանք.
Առաջին մեղադրանք՝ զրպարտութիւն – Ադրբեջանը յայտարարել է, որ CNN-ն անտեսել է իր հերքումները եւ ցուցաբերել է համակարգւած կողմնակալութիւն։ Այն նաեւ պնդել է, որ CNN-ն իր յօդւածը պատրաստել է «ակնյայտ չարամտութեամբ», այսինքն՝ գիտակցելով, որ իր յայտարարութիւնները կեղծ են, կամ անփութօրէն արհամարհելով ճշմարտութիւնը։
Երկրորդ մեղադրանք՝ դիտաւորեալ վնասի պատճառում – Առանց արդարացման կամ հիմնաւորման, CNN-ը դիտաւորեալ վնաս է հասցրել Ադրբեջանին, ինչը յանգեցրել է ֆինանսական կորստի։
Ադրբեջանի դատական հայցում լրատւական ցանցը մեղադրւել է «Ադրբեջանի հեղինակութեանն անչափելի վնաս հասցնելու եւ Ադրբեջանի քաղաքացիներին վտանգի ենթարկելու մէջ …․ CNN-ի անպատասխանատու լուսաբանումը սպառնում էր Ադրբեջանին ներքաշել պատերազմի մէջ …. Այս առնչութեամբ CNN-ի պնդումներն ապացուցելիօրէն եւ գիտակցաբար կեղծ են եւ ակնյայտօրէն սրում են աշխարհաքաղաքական լարւածութիւնն առանց այն էլ պայթիւնավտանգ տարածաշրջանում»։
Ադրբեջանը խնդրել է դատարանին «կայացնել վնասի փոխհատուցման որոշում [ընդդէմ CNN-ի]՝ դատաքննութեան ընթացքում սահմանւելիք չափով, հաշւարկել դատավճռին նախորդող եւ յաջորդող տոկոսագումարները, կարգադրել CNN-ին հրապարակել զրպարտչական նիւթի լիակատար, ակնյայտ եւ միանշանակ հերքում, կարգադրել CNN-ին հեռացնել զրպարտչական նիւթն իր կայքից, տպագիր հրատարակութիւններից, սոցիալական ցանցերի էջերից եւ CNN-ի վերահսկողութեան տակ գտնւող բոլոր թւային արխիւներից, ինչպէս նաեւ տրամադրել այնպիսի յաւելեալ փոխհատուցում, որը դատարանը կը համարի արդար եւ պատշաճ»։
Հետաքրքիր է, որ իսրայէլական ուժերի ներկայութեան մասին նմանատիպ հրապարակումներ միջազգային լրատւամիջոցներում յայտնւել են տարիներ շարունակ, սակայն անյայտ պատճառներով Ադրբեջանի կառավարութիւնը դատական հայց չի ներկայացրել այդ կազմակերպութիւններից որեւէ մէկի դէմ: 2012 թւականին «Foreign Policy»-ում հրապարակւած ծաւալուն յօդւածում Քւինսի ինստիտուտի փորձագէտ Մարկ Փերին գրել էր, որ Ադրբեջանը «Իսրայէլի գաղտնի յենակէտն» է Իրանի դէմ:
CNN-ի դէմ Ադրբեջանի ներկայացրած դատական հայցում առկայ են մի քանի բարդ իրաւական հարցեր.
1) Արդեօք Ադրբեջանը, որպէս օտարերկրեայ պետութիւն, իրաւո՞ւնք ունի ԱՄՆ դատարանում հայց ներկայացնել ամերիկեան լրատւական կազմակերպութեան դէմ՝ քննադատական յօդւած հրապարակելու համար։
2) Արդեօք Ադրբեջանը կարո՞ղ է ապացուցել, որ CNN-ը գործել է «ակնյայտ չարամտութեամբ», ինչը նշանակում է, որ նա հրապարակել է յօդւածը՝ իմանալով, որ այն կեղծ է եւ անփութօրէն արհամարհելով ճշմարտութիւնը։
3) Արդեօք Ադրբեջանը կարո՞ղ է դիմել դատարան՝ պահանջելով CNN-ից բացայայտել իր գաղտնի լրագրողական աղբիւրները։
4) Արդեօք Ադրբեջանի դատական հայցը խախտո՞ւմ է CNN-ի՝ ԱՄՆ Սահմանադրութեան Առաջին բարեփոխմամբ երաշխաւորւած խոսքի եւ մամուլի ազատութեան իրաւունքը։
5) Զրպարտութեան վերաբերեալ հայցապահանջում Ադրբեջանը պէտք է կարողանայ ապացուցել ոչ միայն, որ CNN-ի հաղորդումը կեղծ էր եւ հրապարակւել էր չարամտութեամբ, այլեւ, որ առաւել կարեւոր է, Բաքուն CNN-ի յօդւածի հետեւանքով կրել է փաստացի ֆինանսական կորուստ։
Այս դատական հայցի ամենամեծ հնարաւոր ցնցիչ մասը CNN-ի կողմից՝ Ադրբեջանի եւ Իսրայէլի գաղտնի ներքին փաստաթղթերը դատարանի միջոցով պահանջելու կարողութիւնն է, որպէսզի բացայայտի, թէ ինչ ռազմական համաձայնագրեր են նրանք ստորագրել միմեանց հետ: Եթէ դատաւորը հաստատի նման ծանուցագրի տրամադրումը, Ադրբեջանը կարող է յանգել այն եզրակացութեան, որ իր շահերից է բխում հայցի հետ վերցնելը, քան ռիսկի դիմել՝ բացայայտելու Իսրայէլի հետ իր գաղտնի ռազմական համաձայնագրերը: Այս առումով արտակարգ կարեւորութիւն է ստանում նախագահ Ալիեւի նկարագրութիւնն Ադրբեջան-Իսրայէլ յարաբերութիւնները՝ որպէս սառցաբեկոր, որի 90 տոկոսը թաքնւած է ջրի տակ։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



