Հայաստան - ԱրցախՔաղաքական

Քաղաքացիութիւն ստանալը դժւարացնում են, որ Սփիւռքի հետ կապը թուլանայ

Ըստ ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավարի՝ Սփիւռքը չի կարող խանգարել, եթէ իրական խաղաղութիւն լինի, բայց քանի որ իրական խաղաղութիւն չկայ, Հայաստանի իշխանութիւնները փորձում են իրենց ձախողումները վերագրել ուրիշներին։

Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու ընթացակարգի խստացումը, այդ թւում՝ ազգութեամբ հայերի համար Հայաստանում բնակութեան եւ փաստացի գտնւելու նոր պահանջների սահմանումը, կարող է լրացուցիչ դժւարութիւններ ստեղծել Սփիւռքի հայերի համար։ Այս տեսակէտը Sputnik Արմենիայի հետ զրոյցում յայտնեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը։

Աւելի վաղ յայտնել էինք, որ ՀՀ ՆԳՆ-ն առաջարկում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ստանալու համար պետական տուրքի չափը սահմանել 250 հազար դրամ, իսկ քաղաքացիութիւնը դադարեցնելու համար՝ 1,5 միլիոն դրամ։

Իրավիճակին արձագանգել է California Courier-ի խմբագիր Յարութ Սասունեանը։ Նրա խօսքով՝ հաշւի առնելով այսօր բնակչութեան բարձր շարժունակութիւնը, որը պայմանաւորւած է ինչպէս աշխատանքային, այնպէս էլ անձնական պատճառներով, այս պահանջը տրամաբանական չէ։

Սասունեանը նաեւ նկատել է, որ եթէ սա երկրի բիւջէ լրացուցիչ մուտքեր ապահովելու փորձ է, ապա դրա փոխարէն Հայաստանի իշխանութիւնները պէտք է կրճատեն ոստիկաններին եւ պետական պաշտօնեաներին մեծ եւ չհիմնաւորւած պարգեւավճարներ վճարելու, ինչպէս նաեւ փառատօներ ու համերգներ կազմակերպելու ծախսերը։

Մեկնաբանելով ՆԳՆ-ի առաջարկած նախագիծը՝ Կիրօ Մանոյեանը նշում է, որ այդկերպ Հայաստանի կառավարութիւնը փորձում է սահմանափակել Հայաստան ներգաղթել ցանկացող օտարերկրացիների, արտասահմանում բնակւող ազգութեամբ հայերի թւաքանակը, ձգտում է սփիւռքահայերին հեռու պահել երկրից, քանի որ նրանցից շատերը համաձայն չեն օրւայ իշխանութիւնների հակահայկական քաղաքականութեան հետ։

Ըստ Կիրօ Մանոյեանի՝ քաղաքացիութիւն ստանալու գործընթացի նոր սահմանափակումները կարող են յատկապէս խնդիրներ ստեղծել այն սփիւռքահայերի համար, որոնք ցանկանում են Հայաստանի քաղաքացիութիւն ստանալ, սակայն աշխատանքի, ընտանեկան կամ այլ հանգամանքների պատճառով երկար ժամանակ Հայաստանում գտնւելու հնարաւորութիւն չունեն։

«Այն քիչ սփիւռքահայերը, որոնք ուզում են ՀՀ քաղաքացիութիւն ստանալ, այդ ընթացակարգն իրենց համար դժւարանում է։ Եւ այդ քաղաքականութիւնը նոյնն է, ինչ կարող էր անել, օրինակ, Բաքւում կամ Անկարայում նստած պաշտօնեան»,-ասաց Մանոյեանը։

Նրա խօսքով՝ խնդրայարոյց է յատկապէս ազգութեամբ հայերի համար բնակութեան ցենզի սահմանումը։

«Բնակութեան ցենզ ունենալն էլ Սահմանադրութեանը հակասող է։ Սահմանադրութիւնը յստակ ասում է, որ ազգութեամբ հայը այն պահին, որ Հայաստան մտաւ, կարող է Հայաստանի քաղաքացիութիւն ստանալ»,-ասաց նա։

Ըստ նախագծի՝ ազգութեամբ հայերը քաղաքացիութիւն ստանալու համար վերջին երկու օրացուցային տարիների ընթացքում պէտք է Հայաստանում օրինական բնակութիւն ունենան եւ այդ ընթացքում առնւազն 366 օր փաստացի գտնւեն երկրում։

Նախագծով նախատեսւում է նաեւ ազգութեամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերի ստուգման մեխանիզմների կատարելագործում։ Հիմնաւորման մէջ նշւում է, որ փոփոխութիւնների նպատակներից մէկը քաղաքացիութեան գործընթացում ներկայացւող փաստաթղթերի հաւաստիութեան բարձրացումն ու կեղծ տւեալների ներկայացման դէպքերի կանխարգելումն է։

Մանոյեանի խօսքով՝ եթէ խնդիրը կեղծ փաստաթղթերի դէմ պայքարն է, ապա դրա համար բոլոր սփիւռքահայերի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ կիրառելը ճիշտ մօտեցում չէ։

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Սփիւռքի յարաբերութիւններին՝ ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավարը նշում է, որ Սփիւռքը երբեք միատարր չի եղել, սակայն հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը եւ իշխանութիւնների քաղաքականութիւնը կարող են ազդել դրա ներսում առկայ յարաբերութիւնների վրայ։

«Սփիւռքը երբեք միատարր չի եղել։ Ընդհանուր համախոհութիւն եղել է ընդհանուր հարցերի շուրջ, բայց քանի որ Սփիւռքի հայեացքն ուղղւած է իր հայրենիքին՝ իշխանութեան կեցւածքից շատ բան է կախւած, թէ Սփիւռքը ինչպիսին կը լինի»,-ասաց նա։

Մանոյեանի խօսքով՝ Հայաստանի իշխանութիւնների քաղաքականութիւնը կարող է յանգեցնել Սփիւռքում տարբեր խմբերի միջեւ բաժանարար գծերի խորացմանը։

«Նոյն սովետական տարիներին էլ փորձում էին բաժանել մերոնքականների եւ ոչ մերոնքականների։ Մարդիկ պաշտօնական այցելութիւններ էին կատարում արտասահման, Դաշնակցութեան հիմնարկներ չէին գնում։ Հիմա էլ այս իշխանութիւնները փորձում են պառակտում ստեղծել»,-ասաց նա։

Սփիւռքը չի կարող խանգարել այն խաղաղութեանը, որը չկայ

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան գործընթացին՝ Մանոյեանը չհամաձայնեց այն տեսակէտին, թէ Սփիւռքը կարող է խոչընդոտել խաղաղութեան հաստատմանը։

«Սփիւռքը չի կարող խանգարել, եթէ իրական խաղաղութիւն լինի, բայց քանի որ իրական խաղաղութիւն չկայ, իրենք փորձում են ամէն ինչ վերագրել ուրիշին՝ ինչպէս միշտ են արել այս ութ տարիների ընթացքում՝ իրենց ձախողումները վերագրելով ուրիշներին, որ իրենք մեղաւոր չեն, պատասխանատու չեն։ Իրենք որ ասում են՝ կայ արդէն խաղաղութիւն, իմացէք, որ այդպէս չէ իրականութիւնը, չկայ խաղաղութիւն, իրենք փորձում են մեղաւոր գտնել, այս դէպքում՝ Սփիւռքին»,–ասաց Մանոյեանը։

Նա նաեւ յայտարարեց, որ եթէ խաղաղութեան պահպանման անհրաժեշտութիւնը մշտապէս ներկայացւում է հնարաւոր պատերազմի սպառնալիքի համատեքստում, ապա դա կայուն խաղաղութեան ցուցիչ չէ։

«Եթէ խաղաղութիւնը թելից է կախւած, բարակ թելից, դա արդէն խաղաղութիւն չէ։ Եւ դա բոլորն են տեսնում. ոչ միայն սփիւռքահայերը, օտարներն էլ են տեսնում»,-ասաց Մանոյեանը։

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանութիւնների օրակարգը Սփիւռքում աւելի դժւար է առաջ տանել, քան Հայաստանի ներսում, քանի որ արտերկրում գործող հայկական կառոյցների եւ համայնքների նկատմամբ իշխանութիւնը չունի այն նոյն լծակները, որոնք կարող է կիրառել երկրի ներսում։

«Միայն Սփիւռքը չէ. Հայաստանում էլ հասարակութեան կէսից մի քիչ աւելին այս քաղաքական ուժին քւէ չի տւել, ուրեմն կայ նաեւ ընդդիմութիւն այդ օրակարգին։ Եթէ Հայաստանում դա կարող են ճնշել, վախեցնել՝ բռնութիւններով եւ այլ հակաօրինական քայլերով, Սփիւռքում այդքան հեշտ չէ։ Դրա համար էլ անհանգստացած են, որ դրսում դժւարութիւններ են ունենում եւ իրենց օրակարգի իրականացումն այդքան սահուն չի գնում»,-ասաց Մանոյեանը։

Related Articles

Back to top button