
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայ մշակոյթի տօնին նւիրւած ձեռքի աշխատանքների, ձեռագործների եւ հայկական տարազների ցուցահանդէս էր կազմակերպւել երէկ՝ հոկտեմբերի 16-ին, նախաձեռնութեամբ «Հայ կին» միութեան՝ կից «Արմենուհի», «Անահիտ» եւ «Անի» միութիւնների եւ Հայ Հասարակական միութիւն (Հայ Ակումբ)-ի, համագործակցութեամբ՝ Թ. Հ. Թեմի «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի: Հայ ակումբի սրահում առաւօտեան ժամը 11:00-ից կազմակերպւած ցուցահանդէսը տեւեց մինչեւ ժամը 19:00-ը:
Ներկայացւել էր ոչ միայն հայ կնոջ ձեռքի աշխատանքները, այլ նաեւ ցուցադրութեան էին դրւել արւեստագէտներ՝ Արմէն Վարթինի եւ Պարթեւ Յակոբեանի ձեռքի աշխատանքները:
Ցուահանդէսի բացմանը ելոյթով հանդէս եկաւ «Հայ կին» միութեան վարչութեան նախագահուհի Դիանա Յովհաննիսեանը կարեւորելով հայկական մշակոյթի պահպանման ու տարածման անհրաժեշտութիւնը եւ ընդգծեց, որ ցուցադրութեան է դրւած ոչ միայն հայ կնոջ ձեռագործ աշխատանքները, այլեւ գորգեր, արծաթից գործեր եւ հայկական տարազներ:
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը գնահատելով կազմակերպւած ցուցահանդէսը, խօսքը ուղղեց Հայ կանանց միութիւններին, որպէսզի դասարաններ կազմակերպելով նոր սերնդի համար, նրանց ուսուցանեն հայկական ձեռքի աշխատանքները, որը գրաւականն է մշակոյթի պահպանման: Պատգամաւորը նաեւ գնահատանքով անդրադարձաւ միասնական ծրագրերի կազմակերպման անհրաժեշտութինը եւ կարեւորեց նման ցուցահանդէսների կազմակերպումը իրանական շրջանակներում տարբեր առիթներով, որպէսզի բոլոր իրանցիները եւս ծանօթանան հայկական մշակոյթին:
Իր խօսքը փոխանցեց նաեւ «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի վարիչ Ալիս Շահմուրադեանը անդրադառնալով նման ցուցահանդէսների կարեւորութեանը: Միջոցառմանը հայկական երաժշտութիւնը քանոնով ներկայացրեց պարմանուհի Ամրին Մարգարեանը Իսկ Տաւիղի կատարմամբ հանդէս եկաւ Սամարիա Շահմիրեանը:









