ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլի ընտրութիւններն առանց յստակ յաղթողի

Նեթանիահուի իշխանութեան ապագան հարցականի տակ է, սակայն ընդդիմութեան ճանապարհը դէպի իշխանութիւն նոյնպէս բարդ է

«ԱԼԻՔ» – Իսրայէլում հոկտեմբերի 27-ին կայացած Քնեսէթի ընտրութիւններից յետոյ յստակ մեծամասնութիւն չկայ: Բենիամին Նեթանիահուի աջակողմեան ճամբարը եւ Գադի Այզենկոտի գլխաւորած ընդդիմադիր ուժերն ըստ հեռուստաալիքների ելքային հարցումների, չեն ապահովել 120-տեղանոց խորհրդարանում կառավարութիւն կազմելու համար անհրաժեշտ 61 տեղը։

Նախնական գնահատականները տարբեր են։ Հեռուստաալիքների հրապարակած հարցումներում Այզենկոտի ճամբարին վերագրւում է 52-53 տեղ, իսկ Նեթանիահուի դաշինքին՝ շուրջ 50 տեղ։ Այլ գնահատականներով երկու ճամբարները գրեթէ հաւասար դիրքերում են։ «Լիկուդ» կուսակցութիւնը, միաժամանակ, ակնկալւում է, որ կը լինի խորհրդարանի ամենամեծ առանձին կուսակցութիւնը։ Այս թւերը դեռ վերջնական արդիւնքներ չեն։

Ընտրողների մասնակցութիւնը կազմել է 77.7 տոկոս՝ 2022 թւականի ընտրութիւնների համեմատ շուրջ 7 կէտով աւելի։ Արաբ քաղաքացիների բարձր մասնակցութիւնը եւ արաբական կուսակցութիւնների շուրջ 17-18 տեղ ստանալու կանխատեսումը միջազգային մամուլը դիտարկում է որպէս ընտրութիւնների կարեւոր հանգամանք։ Սակայն դրանց հնարաւոր աջակցութիւնը դեռ չի երաշխաւորում ընդդիմութեան համար խորհրդարանական մեծամասնութիւն։

Միջազգային մամուլի ուշադրութեան կենտրոնում

Reuters-ի եւ Associated Press-ի հրապարակումներում ընտրութիւնները ներկայացւում են որպէս Նեթանիահուի իշխանութեան համար լուրջ քաղաքական փորձութիւն  2023 թւականի հոկտեմբերի 7-ի յարձակումներից եւ դրանց յաջորդած պատերազմներից յետոյ։ Անվտանգութեան ձախողումների, Գազայի պատերազմի եւ երկրի միջազգային մեկուսացման հարցերը դարձել են ընտրական պայքարի հիմնական առանցքներից։

AFP-ն եւ Axios-ը յատուկ ուշադրութիւն են դարձնում արաբ ընտրողների մասնակցութեանը եւ արաբական կուսակցութիւնների հնարաւոր ազդեցութեանը կառավարութեան ձեւաւորման վրայ։ Սակայն Այզենկոտի ճամբարի համար նրանց աջակցութիւնը ներգրաւելը կարող է քաղաքական բարդութիւններ ստեղծել, հաշւի առնելով ընդդիմադիր դաշինքի ներքին տարաձայնութիւնները։

The Washington Post-ն իր հերթին անդրադարձել է այն հնարաւորութեանը, որ Նեթանիահուն, նոյնիսկ ընտրութիւններում զիջելու դէպքում, կարող է պահպանել իշխանութիւնը կոալիցիոն բանակցութիւնների կամ միասնութեան կառավարութեան տարբերակի միջոցով։

Այսպիսով, ընտրութիւնների արդիւնքը դեռ չի նշանակում իշխանափոխութիւն։ Նեթանիահուի դիրքերի թուլացումը քաղաքական նոր փուլ է ուղղորդելու Իսրայէլին, իսկ կառավարութեան ձեւաւորման հարցն այս անգամ կախւած կը մնայ փոքր կուսակցութիւնների դիրքորոշումներից, հնարաւոր դաշինքներից եւ սակարկմանը նմանող բանակցութիւնների արդիւնքից։

Related Articles

Back to top button