Իրանը Բրիտանիայի ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպութիւններ է յայտարարել

ԱԳՆ-ը յայտարարել է, որ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայութիւնը (MI6) դիտարկւելու է որպէս թշնամական խմբաւորում, իսկ այդ երկրի ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը՝ ահաբեկչական կազմակերպութիւններ։
Նախարարութեան այսօր՝ կիրակի, նոյեմբերի 1-ին հրապարակած յայտարարութեան համաձայն այս քայլը պատասխան է Բրիտանիայի վերջին մէկ տարւայ ընթացքում Իրանի դէմ իրականացրած, Թեհրանի բնորոշմամբ թշնամական գործողութիւններին։
Իրանի ԱԳՆ-ն որպէս պատճառ նշել է նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի՝ Իրանի դէմ պատերազմի ընթացքում Բրիտանիայի աջակցութիւնն այդ երկրի իրաւասութեան ներքոյ գտնւող տարածքներում տեղակայւած ռազմակայաններն ու ռազմական եւ թիկունքային ապահովման հնարաւորութիւնները տրամադրելու միջոցով։ Նշւել է նաեւ Բրիտանիայի կողմից Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը (ԻՅՊԿ) 2026 թւականի «Պետական սպառնալիքների մասին» օրէնքի շրջանակում ներառելու որոշումը։
Ըստ յայտարարութեան նոյեմբերի 1-ից MI6-ի նկատմամբ կը կիրառւեն լրտեսութեան եւ թշնամական պետութիւնների հետ համագործակցութեան համար պատժամիջոցները խստացնող օրէնքի դրոյթները։ Իսկ Բրիտանիայի ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը կը ներառւեն ԱՄՆ-ի կողմից ԻՅՊԿ-ն ահաբեկչական կազմակերպութիւն յայտարարելու դէմ Իրանի ընդունած հակադարձ միջոցների մասին օրէնքի շրջանակում։
Թեհրանը յայտարարել է, որ որոշումներն ընդունւել են փոխադարձութեան սկզբունքի հիման վրայ եւ միջազգային իրաւունքի շրջանակում՝ դրանց հետեւանքների պատասխանատւութիւնը վերագրելով Բրիտանիայի կառավարութեանը։



