Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տեղի ունեցաւ «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

Նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը հանդէս եկաւ մամուլի ասուլիսով:

Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը եւ պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով Մայր օրէնքը փոխելու շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինեանի դիրքորոշումների «պարբերական փոփոխութիւններին»՝ Գեղամ Մանուկեանը դրանք որակեց որպէս «իրարայաջորդ ստախօսութիւնների հաւաքածու». «Մի պահ չքմեղանում էր, թէ 2018-ին է խօսել նոր Սահմանադրութեան մասին, յետոյ ՔՊ-ականները փորձում էին հերքել Բաքւի գործօնը։ Ի վերջոյ, եկաւ մի պահ, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանն ուղղակի բացայայտեց՝ նոր Սահմանադրութեան նախագիծը Ադրբեջանի պահանջն է։ Ամբողջ աշխարհի քաղաքական պատմութեան մէջ դժւար է գտնել մի դէպք, երբ միեւնոյն հարցի շուրջ հնչեն այսքան հակասական գնահատականներ՝ Անկախութեան հռչակագրին ձօներգեր ձօնելուց մինչեւ այն պետականութեանը սպառնացող փաստաթուղթ հռչակելը»,- նշեց պատգամաւորը։

Պատասխանելով հարցին, թէ արդեօք նոր Սահմանադրութիւնը կը բերի՞ լիարժէք խաղաղութիւն, Գեղամ Մանուկեանը նշեց, որ այն եզակի պատգամաւորներից է, ով անձամբ ծանօթացել է ԱԳՆ-ում պահւող հայ-ադրբեջանական խաղաղութեան պայմանագրի խմբագրումներին. «Բանակցութիւնները մեկնարկել էին հայկական կողմի մի շարք առաջարկներով, սակայն այսօր սեղանին դրւած փաստաթղթից հայկական կողմի բոլոր ելակէտերը, առաջարկներն ու ցանկութիւնները հանւած են։ Տեղում մնացել է այն թուղթը, որն ամենաձեռնտուն է Ադրբեջանին։ Այն որեւէ պարտաւորութիւն չի դնում Բաքւի վրայ, փոխարէնը Հայաստանի վրայ բարդում է ծանր պարտաւորութիւններ՝ ընդհուպ միջազգային ատեաններից հայցերը յետ կանչելը, սահմանների անյստակութիւնը եւ այլն»։

Մանուկեանը յիշեցրեց, որ ընդամէնը շաբաթներ առաջ Փաշինեանը յայտարարում էր, թէ խաղաղութիւնը կը հաստատւի 2031 թւականին, սակայն Աշխաբադում Իլհամ Ալիեւի հետ ունեցած կարճատեւ զրոյցից յետոյ յանկարծ պարզւեց, որ Սահմանադրութիւնը փոխելն անյետաձգելի է. «Ալիեւի հետ զրոյցից անմիջապէս յետոյ օդի ու ջրի պէս պահանջւեց հէնց հիմա փոխել Սահմանադրութիւնը»։ Անդրադառնալով Փաշինեանի ակնարկներին, թէ Սահմանադրութեանը դէմ լինելու պարագայում ընդդիմութեան դէմ հանրային ճնշում կը գեներացւի՝ ընդհուպ 2018 թ. հոկտեմբերի 2-ի նման ԱԺ-ն շրջափակելու միջոցով, Մանուկեանը դա որակեց պետական յեղաշրջման կոչ եւ ՀՀ օրէնսդրութեան կոպիտ խախտում. «Պատգամաւորների վրայ ճնշման միջոցով քւէարկութիւն պարտադրելը չի կարող լեգիտիմ լինել։ Փաշինեանը սպառնում է, բայց մոռանում է՝ 2018 թւականը չէ։ Եւ ամենակարեւորը՝ ժողովուրդը 2021 թւականի յունիսի 20-ի ընտրութիւններով Նիկոլ Փաշինեանին եւ ՔՊ-ին չի տւել սահմանադրական մեծամասնութիւն՝ Սահմանադրութիւն փոխելու համար։ Ժողովուրդն արդէն իսկ ասել է՝ դու չունե՛ս մանդատ՝ միանձնեայ Սահմանադրութիւն փոխելու»։

Հարցին, թէ արդեօք իշխանութիւնը կարո՞ղ է ճնշումներով կամ «առեւտրով» ընդդիմութիւնից կորզել պակասող 6 ձայները, պատգամաւորը կտրուկ բացառեց նման հնարաւորութիւնը․ «Ռոբերտ Քոչարեանն իր անցած ուղով եւ «Հայաստան» խմբակցութիւնն իր գործունէութեամբ փաստել են՝ ոչ մի ճնշման առաջ չեն ընկրկել։ Համազգային ու պետական հարցերի շուրջ որեւէ սակարկութիւն լինել չի կարող»։

Պատասխանելով հարցին, թէ արդեօք իշխանութեան գործելաոճը չի՞ հանգեցնի նոր քաղաքացիական բախումների, Գեղամ Մանուկեանը նշեց, որ Փաշինեանը 2008-ի մարտի 1-ից ի վեր եղել է հասարակական պառակտման «գլխաւոր ճարտարապետն ու հրձիգը». «Առաւօտից գիշեր իշխանութեան կողմից յորդում է ատելութեան խօսքը, որը ներթափանցում է դպրոց, փողոց, ընտանիք եւ բանակ։ Զինւած ուժերում օրերս տեղի ունեցած հերթական ողբերգական մահւան դէպքն ու այնտեղ տիրող անհանդուրժողականութիւնը օդից չեն իջել. դա հէնց այս համատարած թունաւոր մթնոլորտի արտացոլումն է»։ Լրագրողի դիտարկմանը, թէ ընտրողներից դժգոհութիւն կայ, որ ընդդիմութիւնը վերածւել է «բլոգերների կամ քաղաքագէտների» եւ գործուն քայլեր չի ձեռնարկում, պատգամաւորը չհամաձայնեց. «Կայ կոնկրետ քաղաքական ուժ եւ քաղաքական ուղղութիւն։ Ես պատրաստ եմ անել այն գործողութիւնը, որը դեռ չենք արել ու կարող ենք անել։ Փաշինեանն այս պահին դահլիճում է, եկէք երկուսով գնանք, դահլիճը շրջափակենք, դուրս չթողնենք։ Բայց պէտք է հասկանալ, որ պայքարը շարունակւում է բոլոր հնարաւոր հարթակներում, եւ մենք մեր անցեալով առիթ չենք տւել կարծելու, թէ որեւէ բանից վախենում ենք»։

Աւարտին Գեղամ Մանուկեանը տեղեկացրեց, որ ԱԺ Պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովում նոյեմբերի 5-ին տեղի է ունենալու յատուկ քննարկում՝ նւիրւած Զինւած ուժերում ոչ մարտական պայմաններում մահւան ելքով արտակարգ դէպքերին։ Քննարկմանը մասնակցելու են Պաշտպանութեան նախարարը, ԱԱԾ տնօրէնը, Ներքին գործերի նախարարը եւ Քննչական կոմիտէի նախագահը։ Քննարկումը լինելու է բիւջետային լսումներից առանձին։

Related Articles

Back to top button