Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026 թ․ 10-րդ համարը

Ընթերցողին է ներկայացւել «Դրօշակ»-ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտօնաթերթի հերթական համարը աչքի է ընկնում թեմաների բազմազանութեամբ եւ ընդգրկունութեամբ։ Անշուշտ թեմաների առանցքում քաղաքական գործընթացներն են՝ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։
Պատմաբան Անի Մելքոնեանը հետ հայեացք նետելով 105 տարի առաջ հայ բոլշեւիկների վարած դաւաճանական քաղաքականութեանը եւ Կարսի խայտառակ պայմանագրին զուգահեռ է տանում մեր օրերի հետ, կուռ փաստարկումներով ապացուցելով, որ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած իշխանութեան վարած թուրքամէտ քաղաքականութիւնը ոչ մի բանով տարբեր չէ իր հոգեւոր-քաղաքական նախորդների քաղաքականութիւնից։ Ինչպէս բախտորոշ այն օրերին բոլշեւիկ արկածախնդիրները պատմական թշնամու հետ ազգի արիւնով գրւող յարաբերութիւնների հարցում մեղադրում էին ազգային ուժերին եւ, յանձնելով երկիրը, ժողովրդին խաբում էին «խաղաղութեան հեքիաթով» նոյնն անում են այսօրւայ բախտախնդիրները։ Եւ սա այն պարագայում, որ հայկական կողմի անընդհատ զիջումների դիմաց եւ խաղաղութեան փուչ յայտարարութիւններին ի պատասխան ադրբեջանական կողմը մեծացնում է ագրեսիւ հռետորաբանութիւնը, ընդլայնում է Հայաստանի նկատմամբ յաւակնութիւնների սահմանները։
Պատմաբան Տարօն Յակոբեանը շարունակում է ներկայացնել ներքաղաքական զարգացումները Արցախի պետականութեան կայացման բարդ ժամանակահատւածում։
Ժողովուրդների կեանքում ազգային արժէքների եւ խորհրդանիշների դերի ու նշանակութեան մեկնաբանութեամբ, քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարեանը այս անգամ իր վերլուծութեան առանցքում շօշափում է Արարատ լեռան աւանդական-խորհրդանշական դերի ու արժէքի հարցերը։
Աւանդոյթների առումով հոկտեմբեր ամիսը յիշատակելի է վերջին տասնամեակներին թարգմանչաց տօների վերականգնմամբ, ինչն իր արմատներով հասնում է մինչեւ Մաշտոցեան ազգային-հոգեւոր վերածնութեան ոսկէդար։
Պաշտօնաթերթում տեղ են գտել հետաքրքրական այլ յօդւածներ եւս:
«Դրօշակ»-ի 2026 թ. 10-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:
Ներբեռնել համարը «Դրօշակ» թիւ 10 2026 թ.



