Պարսկերէնի ուսուցման ընդլայնումը Հայաստանում. 5000 աշակերտ՝ աւելի քան 20 դպրոցներում

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի խորհրդականը պարսկերէնի ուսուցման ընդլայնումն ու իրանագիտութեան ամրապնդումը դիտարկում է որպէս Թեհրանի եւ Երեւանի միջեւ մշակութային համագործակցութեան հիմնասիւներ։
Մոհամմադ Ասադի Մովահեդը յայտնել է, որ Հայաստանում շուրջ 5000 մարդ սովորում է պարսկերէն, իսկ պարսկերէնին տիրապետող 22 հայ ուսուցիչներ դասաւանդում են երկրի աւելի քան 20 դպրոցներում։
Մատնանշելով հայաստանեան ԲՈՒՀ-երում իրանագիտական ծրագրերի եւ ամբիոնների առկայութիւնը, նա ընդգծել է ակադեմիական համագործակցութեան ընդլայնման եւ այս ոլորտի հետազօտողներին աջակցութիւն ցուցաբերելու անհրաժեշտութիւնը։
Ասադի Մովահեդը նաեւ նշել է, որ իրանական նշանաւոր բանաստեղծների՝ Ֆիրդուսու, Հաֆէզի, Ռումիի, Նիզամիի եւ Շահրիարի ստեղծագործութիւնների ներկայացումը նպաստում է երկու ժողովուրդների միջեւ մշակութային եւ գրական աւելի խորը փոխըմբռնման ձեւաւորմանը։



