«Բոխարայի երեկոներ» շարքի 990-րդ հանդիպումը՝ նւիրւած Ռոբերտ Սաֆարեանի իրանահայութեան պատմութեանը

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – «Բոխարայի երեկոներ» մշակութային շարքի 990-րդ հանդիպումը նւիրւած էր իրանահայութեան պատմութեանը՝ Ռոբերտ Սաֆարեանի «Ներածութիւն Իրանի հայերի պատմութեանը» գրքի հրատարակութեան առիթով։
Հանդիպմանը ելոյթներով հանդէս եկան անւանի լրագրող Սիրուս Ալինեժադը, դկտր. Շանթ Բաղրամը, գրքի հեղինակ Ռոբերտ Սաֆարեանը եւ «Բոխարայի երեկոներ» շարքի հիմնադիր ու վարող Ալի Դեհբաշին։ Գիրքը հրատարակւել է «Նաշրէ Մարքազ» հրատարակչութեան կողմից։
Բացման խօսքում Ալի Դեհբաշին նշեց, որ «Բոխարայի երեկոների» համար մեծ պատիւ է իրանահայութեան թեմայով նման մակարդակի հանդիպումներ կազմակերպելը՝ մտաւորականների մասնակցութեամբ։ Հանդիպման ընթացքում ցուցադրւեցին նաեւ աւելի քան քսան միջոցառումների աֆիշներ, որոնք վկայում էին շարքի՝ հայութեանն առնչւող թեմաներին պարբերաբար անդրադառնալու մասին։ Դրանց շարքում եղել են ոչ միայն իրանահայութեանը, այլեւ Հայաստանի եւ համաշխարհային ճանաչում ունեցող հայ գործիչներին նւիրւած հանդիպումներ։
Անւանի լրագրող Սիրուս Ալինեժադը կարեւորեց իրանահայութեան պատմութեան մասին պարսկերէնով նման աշխատութեան հրատարակումը, յատկապէս պատմական իրողութիւնների վրայ հասարակութեան ուշադրութիւնը հրաւիրելու տեսանկիւնից։ Նա նշեց, որ գիրքը բաղկացած է 13 հիմնական գլուխներից, որոնք պայմանականօրէն կարելի է բաժանել 12 եւ մէկ առանձին բաժինների։
Անդրադառնալով գրքի ընթերցման թողած տպաւորութեանն Ալինեժադն ընդգծեց, որ այն երբեմն պարսիկ ընթերցողի մէջ ամօթի զգացում է առաջացնում, երբեմն ստիպում մտածել պատմութեան կրկնւող սխալների մասին, իսկ այլ պահերի յիշեցնում հայ ընկերների ու հայրենակիցների հետ կիսած հարազատ պահերը։
Նա նաեւ քննադատաբար անդրադարձաւ պատմութեան ընթացքում հայերի նկատմամբ իրագործւած անարդարութիւններին, նշելով, որ որպէս հազարամեակների պատմութեան եւ քաղաքակրթութեան ժառանգորդներ, պէտք է առերեսւենք այն իրողութիւններին, որոնցում մեր թագաւորներն ու իշխանաւորները պատասխանատւութիւն են կրել հայերի տառապանքների համար։
Ալինեժադն առանձնացրեց նաեւ Սեֆեանների օրօք Շահ Աբբասի հրամանով հայերի բռնի տեղահանութիւնն ու Սպահանում նրանց վերաբնակեցումը։ Նրա գնահատմամբ այդ ողբերգական իրադարձութեանը յաջորդած համակեցութիւնը նպաստեց հայերի եւ իրանցիների միջեւ աւելի սերտ կապերի ու բարեկամութեան ձեւաւորմանը, ինչը նշանակալի ներդրում ունեցաւ Իրանի հասարակական ու մշակութային կեանքում։
Յաջորդ ելոյթով հանդէս եկաւ դկտր. Շանթ Բաղրամը։ Նա կարեւորեց գրքի հրատարակութիւնը եւ անդրադարձաւ «իրանահայ» ու «Իրանի հայեր» եզրոյթների տարբերութիւններին։ Նրա խօսքով՝ գրքի վերնագրում «Իրանի հայեր» ձեւակերպման ընտրութիւնը նպատակ ունի պարսկախօս ընթերցողին աւելի հասկանալի դարձնելու հայկական համայնքների աշխարհագրական ու հասարակական պատկանելութեան գաղափարը՝ Լիբանանի, Ֆրանսիայի եւ այլ երկրների հայ համայնքների օրինակով։
Բաղրամը կարեւորեց նաեւ Իրանի արդիականացման, ժամանակակից արւեստի ու մշակոյթի ներմուծման եւ տարածման գործում իրանահայութեան ունեցած դերակատարութիւնը։ Նա ընդգծեց, որ հայերի հետ երկարամեայ համակեցութիւնն էական ազդեցութիւն է ունեցել Իրանի հասարակական կեանքի ձեւաւորման վրայ։ Մասնաւորապէս, հայերի միջոցով հասարակութեան մէջ տարածում գտան հասարակական համակեցութեան, բարեգործական-հասարակական կազմակերպութիւնների գործունէութեան գաղափարները։
Նրա համոզմամբ այսօրւայ իրանցի երիտասարդ սերունդը, որը կրում է այդ գաղափարները, սակայն նւազ չափով է առնչւում անցեալի այդ համակեցութեան փորձին, գուցէ լիովին չի գիտակցում հայ-իրանական ընդհանուր ճանապարհի նշանակութիւնը։
Բաղրամը նաեւ բարձր գնահատեց Ռոբերտ Սաֆարեանի գրական վաստակն ու պարսկերէնի իւրայատուկ գործածութիւնը, նշելով, որ նրա լեզուն ընթերցողի համար մատչելի եւ ընկալելի է դարձնում ներկայացւող նիւթը։ Որպէս օրինակ՝ նա յիշատակեց հեղինակի պարսկերէնով հրատարակւած գրքերն ու վէպերը։
Իր ելոյթում գրքի հեղինակ Ռոբերտ Սաֆարեանն անդրադարձաւ աշխատութեան ստեղծման գաղափարին՝ նշելով, որ այն մէկ օրում ծնւած մտայղացում չէ, այլ տարիների ընթացքում հասունացած նպատակ եւ պահանջ։ Նրա խօսքով իրանահայութեան պատմութեան վերաբերեալ ամբողջական ու մատչելի աղբիւրների պակասն էր, որ մղել էր իրեն ձեռնամուխ լինելու այդ աշխատանքին։
Սաֆարեանը ներկայացրեց նաեւ գրքում տեղ գտած հայ ժողովրդի տեղահանութիւններին ու գաղթերին վերաբերող նիւթերը։ Նա նշեց, որ աշխատութեան մէջ ներկայացւած աղիւսակում արձանագրել է Իրանի հայերի պատմութեան ընթացքում տեղի ունեցած շուրջ 12 գաղթի դէպք, դրանք դիտարկելով հայ-իրանական համատեղ պատմութեան համատեքստում։
Հանդիպման աւարտին բանախօսները պատասխանեցին ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հայերի եւ իրանցիների համատեղ կեանքին, ինչպէս նաեւ Իրանի հասարակական, տնտեսական եւ մշակութային կեանքում հայութեան թողած դրական ազդեցութեանը։



