«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն այցելել են Եռաբլուր

2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 6-րդ տարելիցի կապակցութեամբ նոյն օրը Եռաբլուր են այցելել ԱԺ Հայաստան» խմբակցութեան անդամները: Նրանք ծաղիկներ են խոնարհել զահւածների շիրիմներին, յարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանութեան համար իրենց կեանքը զոհաբերած հերոսների յիշատակին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը լրագրողների հետ զրոյցում ասաց. «Իրականում դեռ ամբողջովին գնահատւած ու իմաստաւորւած չէ այն մեծ ողբերգութիւնը, որը պարունակում է նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթուղթը, որովհետեւ դա Հայաստանի այդ ժամանակւայ քաղաքական իշխանութեան կազմակերպւած անկազմակերպւածութեան ողբերգական արդիւնքն էր:
Դրանից յետոյ էլ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շարունակեց իշխանութիւնների կողմից շահարկւել։ Այսօր, երբ իշխանութիւնը հպարտութեամբ խօսում է TRIPP կոչւածի մասին, որն իրականում Ադրբեջանին տւել է Նախիջեւանի հետ անխոչընդոտ կապ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտի հետեւողական մերժման հետեւանքն է։
Այստեղ, բնականաբար, մեծ է Ադրբեջանի ագրեսիւ, հակահայ եւ այլատեաց դրսեւորումը, ինչը յանգեցրեց Արցախի շրջափակմանը եւ 2023 թւականի սեպտեմբերի 19-ից 21-ը Արցախի հայաթափմանը»:
Ըստ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արթուր Խաչատրեանի՝ այս իշխանութիւնները մոլորեցնում են հասարակութեանը, յայտարարելով, թէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութիւն է հաստատւել։ Դա սուտ է եւ կեղծիք։ Ի՞նչ խաղաղութիւն, եթէ երկրի մի հատւածը օկուպացրել է թշնամի պետութիւնը։ Ի՞նչ խաղաղութիւն, եթէ թշնամին մինչ այս պահը շարունակում է փակ պահել Հայաստանի ճանապարհները, շրջափակւած է պահում, շարունակում է սպառնալ, բոլոր միջազգային հարթակներում խօսում է սպառնալիքների եւ վիրաւորանքների լեզւով։
Ի՞նչ խաղաղութիւն, եթէ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութիւնը պատանդառւած է, Արցախի ժողովրդին արգելւում է վերադառնալ իր բնօրրան, իսկ Արցախում ամէն օր ոչնչացւում է հայկական հետքը։
Սա խաղաղութիւն չէ։ Սա 2020 թւականի սեպտեմբերի 27-ին սկսւած պատերազմի ընթացքում հաստատւած ինչ-որ դադարի փուլ է»,- լրագրողների հետ զրոյցում ասաց նա:
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Աննա Գրիգորեանի խօսքով՝ իշխանութիւնների պատկերացրած խաղաղութիւնը չի հաստատւում, որովհետեւ ամէն անգամ ականատես ենք լինում Ադրբեջանի նոր պահանջների։ Նա նաեւ նշեց, որ այս փուլում ՀՀ հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը մէկ հարցի շուրջ կոնսենսուս ունեն՝ թոյլ չտալ Ալիեւի Սահմանադրութեան ընդունումը։
Գրիգորեանը նշեց՝ ընդդիմադիր պատգամաւորներն ամէն ինչ անելու են՝ թոյլ չտալու Ալիեւի պարտադրած Սահմանադրութիւնը հանրաքւէի ներկայացնելը, բայց եւ կարեւոր են համարում խօսել ժողովրդի, իրենց մանդատ տւած ընտրողների հետ՝ Փաշինեանի յայտարարած «ճնշումները» կանխելու եւ անհրաժեշտութեան դէպքում իրենց աջակցելու համար։



