Ի՞նչ է տարածաշրջանը

Քաղաքագիտութեան մէջ տարածաշրջանը սոսկ աշխարհագրական տարածք չէ, այլ ընդհանուր պատմական, քաղաքական, տնտեսական եւ անվտանգային յատկանիշերով փոխկապակցւած պետութիւնների, ազգերի, ցեղերի ու հասարակութիւնների հասկացողութիւն կամ մի խօսքով շրջանակ է:
Այնտեղ պետութիւնների շահերը երբեմն համընկնում են, երբեմն՝ բախւում, սակայն դրանցից ոչ մէկը չի կարող լիովին անտեսել միւսների ազդեցութիւնը։ Տարածաշրջանի սահմանները միշտ չէ, որ համընկնում են աշխարհագրական քարտէզի սահմաններին: Դրանք ձեւաւորւում են նաեւ ուժային յարաբերութիւններով, հաղորդակցային ուղիներով եւ ռազմավարական շահերով։
Հետեւաբար, տարածաշրջան հասկանալ նշանակում է ճանաչել ոչ միայն սեփական դիրքը, այլեւ հարեւանների դերակատարութիւնը, քանի որ տարածաշրջանային քաղաքականութիւնը սկսւում է փոխադարձ ազդեցութեան գիտակցումից։



