Արաղչին ԷԿՕ-ի անդամ երկրներին կոչ է արել ձեւաւորել տարածաշրջանային անվտանգութեան համակարգ
ԱԳ նախարարը կարեւորել է նաեւ առեւտրային համաձայնագրի վերանայումն ու տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական կապերի ընդլայնումը

Սէյէդ Աբբաս Արաղչին Իսլամաբադում կայացած Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ԷԿՕ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 30-րդ նիստին ընդգծել է տարածաշրջանային տնտեսական համագործակցութեան ամրապնդման եւ անվտանգութեան հարցերում տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցութեամբ երկխօսութեան անհրաժեշտութիւնը։
Արաղչին, մասնաւորապէս, ողջունել է ԷԿՕ-ի առեւտրային համաձայնագրի (ԷԿՈՒՏԱ) վերանայման նպատակով տեխնիկական բանակցութիւնների յանձնաժողովի ձեւաւորումը, միաժամանակ կարեւորելով գործող համաձայնագրի վերամշակումն ու դրա արդիականացումը։
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին Արաղչին յայտարարել է, որ Թեհրանը շարունակում է հաւատարիմ մնալ միջազգային իրաւունքին, ՄԱԿ-ի կանոնադրութեանն ու տարաձայնութիւնների խաղաղ կարգաւորման սկզբունքին։ Միաժամանակ նա ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի դէմ յարձակումների, տնտեսական ճնշումների, նպատակային սպանդի ու ահաբեկչութեան եւ շրջափակման քաղաքականութեան մէջ, այդ գործողութիւնները որակելով որպէս միջազգային իրաւունքի խախտում։ Արաղչին նաեւ յայտարարել է, որ այդ գործողութիւնների հետեւանքով զոհւել է աւելի քան հինգ հազար Իրանի քաղաքացի, այդ թւում՝ Մինաբի դպրոցի 168 աշակերտներ ու ուսուցիչներ։

Հորմոզի նեղուցի եւ Պարսից ծոցի շուրջ ստեղծւած լարւածութեան վերաբերեալ Արաղչին պնդել է, որ դրա պատճառը ԱՄՆ-ի եւ Իսրայէլի թշնամական քաղաքականութիւնն ու ռազմական գործողութիւններն են Իրանի դէմ։ Նա ընդգծել է, որ Իրանը ձգտում է բարիդրացիական յարաբերութիւնների տարածաշրջանի երկրների հետ եւ չունի նրանց հետ հիմնարար տարաձայնութիւններ։ Միաժամանակ շեշտել է, որ տարածաշրջանի ոչ մի երկրի տարածք, օդային տարածք կամ ենթակառուցւածք չպէտք է օգտագործւի մէկ այլ երկրի դէմ յարձակումների համար։
Արաղչիի համոզմամբ ստեղծւած իրավիճակը հրատապ է դարձնում տարածաշրջանի երկրների նախաձեռնութեամբ ու մասնակցութեամբ անվտանգութեան շուրջ համապարփակ երկխօսութեան ձեւաւորումը, հիմնւած ուժի չկիրառման եւ երրորդ երկրների կողմից այլ պետութիւնների տարածքն ու ենթակառուցւածքները մէկ այլ երկրի դէմ յարձակումների համար չօգտագործելու սկզբունքների վրայ։
Արաղչին անդրադարձել է նաեւ Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցներին նշելով, որ դրանք չեն թուլացրել Իրանի ժողովրդի դիմադրելու վճռականութիւնը։ Նա շնորհակալութիւն է յայտնել ԷԿՕ-ի այն անդամ երկրներին, որոնք դժւարին պայմաններում համերաշխութիւն են ցուցաբերել Իրանի ժողովրդին։



