ԻրանՀամայնքՄարզական

Բզիկին յատուկ համեստութիւն՝ Ֆուտբոլային գռեհկութեանը պատասխանելիս

Ֆուտբոլում, յատկապէս նախկին խաղացողների եւ մարզական դէմքերի միջեւ ծագող տարաձայնութիւններում, անձնական վիրաւորանքներն ու փոխադարձ մեղադրանքները յաճախ ստւերում են բուն խնդիրը։ Սակայն Էդմոնդ Բզիկի վերջին արձագանգը Ռեզա Շահրուդիի յայտարարութիւններին առանձնանում էր հէնց այդ տարածւած մշակոյթին տուրք չտալու մօտեցմամբ։

Այս օրերին նման վէճի կենտրոնում են յայտնւել իրանահայ նախկին ֆուտբոլիստ Էդմոնդ Բզիկն ու Ռեզա Շահրուդին։ Վերջինս վերջերս տարածւած տեսանիւթում Բզիկին բնութագրել էր որպէս հնազանդ անձնաւորութիւն՝ ֆուտբոլային ղեկավարների ասածին միշտ «այո» ասող։ Սակայն Բզիկի պատասխանը նկատելիօրէն տարբեր էր այդ հռետորաբանութիւնից։

Բզիկը չի խուսափել պատասխանելուց, չի լռել իր հասցէին հնչած մեղադրանքների դիմաց, բայցեւ չի իջել անձնական վիրաւորանքների մակարդակին։ «Ես մեծերին ու ինձանից աւագներին չեմ անպատւում»,- ընդգծել է նա։

Բզիկը նաեւ ներկայացրել է «Պերսպոլիս»-ի ակադեմիայի աշխատանքների արդիւնքները նշելով, որ ներկայումս ակադեմիայի 20-22 ֆուտբոլիստ է հրաւիրւել Իրանի տարիքային հաւաքականներ։ Միայն պատանեկան հաւաքականում կան 8-ից 9 ակադեմիայի սաներ։

«Պերսպոլիս»-ի ֆուտբոլի ակադեմիայի (նախկին) պատասխանատու Էդմոնդ Բզիկը, անդրադառնալով Շահրուդիի հետ ունեցած տարաձայնութեանը, նախընտրել է խօսել փաստերով, յիշեցնելով, որ ստանձնել է թիմը, երբ այն մրցաշարային աղիւսակում զբաղեցնում էր 13-րդ տեղը, եւ իր ղեկավարութեամբ թիմն աւարտել է առաջնութիւնը 4-րդ հորիզոնականում։ Նա նաեւ պարզաբանել է, թէ ինչպէս եւ ինչ պայմաններում է ստանձնել այդ պատասխանատւութիւնը։

Related Articles

Back to top button