
Հանր. նախագահի տեղակալ. «Իրանում բոլորը անկախ ազգութիւնից եւ կրօնից համարւում են իրանցիներ եւ պէտք է օգտւեն այն բոլոր հնարաւորութիւններից, որոնք առկայ են»
«ԱԼԻՔ», Կարինէ Դ. – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանի նախաձեռնութեամբ երէկ՝ նոյեմբերի 16-ին հանդիպում էր կազմակերպւել կանանց եւ ընտանիքի հարցերով Իրանի Հանր. նախագահի տեղակալ դտկր. Զահրա Բեհրուզազարի հետ:
Նախագահի տեղակալի գրասենեակում կազմակերպւած հանդիպմանը պատգամաւորի հետ միասին ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Արմինէ Սէթխանեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանը, Մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանը, «Թունեան-Թովմասեան» հայոց ազգային աղջկանց դպրոցի տեսչուհի եւ ՊԺ-ի անդամ Արսինէ Խաչատրեանը, Հ.Բ.Ը.Մ-ի վարչութեան քարտուղար Թայիկ Տէր Դանիէլեանը, Ալենուշ Շահնազարեանը եւ «ԱԼԻՔ» օրաթերթի թղթակիցը:
Հանդիպման ընթացքում պատգամաւոր դկտր. Արա Շահվերդանը կարեւորելով նման կենտրոնի հետ փոխգործակցութիւնը յանուն համայնքային հարցերի կարգաւորման, ներկայացրեց պատւիրակութեան անդամներին եւ համապարփակ գծերով անդրադարձաւ Թեհրանի հայկական համայնքի տարբեր ոլորտներում հայ կանանց ներգրաււածութեանը, ակտիւ դերակատարութեանը եւ ինչու չէ նաեւ համայնքնային հարցերի եւ խնդիրների մասին: Պատգամաւորը կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայերի դերակատարութեանը իրանական տարբեր ոլորտներում, ընդգծելով, որ բազմադարեայ իրանահայ համայնքը համարւում է Իրանի ժողովրդի մասնիկը, որը չի խնայել իր կարելին յանուն Իրանի: Նա անդրադարձաւ դպրոցների եւ միութիւնների բազմաթիւ հարցերին, ընդհուպ վերանորոգումից, պետական ուսուցիչների, ուսուցման խորհրդատուների եւ անձնակազմի, դպրոցների համատեղման, համայնքի նիւթական դժւարութիւնների, Ամանորեայ եւ տարբեր առիթներով միութիւններում կազմակերպւող բազարներին եւ վերջինիս դերը միութիւնների նիւթական կարիքները ապահովելու անհրաժեշտութեան մասին, խօսւեց նաեւ «ԱԼԻՔ» օրաթերթի վերաբերեալ, որպէս Իրանում լոյս տեսնող երկրորդ օրաթերթի, որի 95-ամեակն է լրանում: Պատգամաւորը ընդգծեց, որ նման հարցերի կարգաւորմամբ համայնքը էլ աւելի դիւրին է կարող իրականացնել իր հանրօգուտ աշխատանքները: Արա Շահվերդեանը նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ համայնքում բարերարների դերակատարութեանը եւ բոլոր միութիւններում կատարւող սիրայօժար աշխատանքներին:
Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետը բովանդակալից բացատրութիւններ փոխանցեց համայնքային դրւածքի եւ կատարւող աշխատանքների վերաբերեալ: Նա անդրադարձաւ համայնքում կարիքաւոր ընտանիքների եւ ընդհանրապէս համայնքի նիւթական դժւարութիւնների մասին եւ կարեւորեց նման փոխգործակցութիւնները, որոնց շնորհիւ էլ աւելի դիւրին է դառնալու հարցերի կարգաւորման ընթացքը:
Ապա բոլոր ներկաները, իրենց ներկայացրած ոլորտների վերաբերեալ համապարփակ բացատրութիւններ փոխանցելով, առաջարկներ ներկայացրեցին համայնքային հարցերի աւելի դիւրին կարգաւորման համար:
Վերջում նախագահի տեղակալ դտկր. Զահրա Բեհրուզազարը գնահատանքով անդրադարձաւ հայկական համայնքում կատարւող աշխատանքների, ի մասնաւորի բարերարների դերակատարութեանը եւ ընդգծեց, որ Իրանում եւս տաբեր բնագաւառներում, յատկապէս դպրոցաշինութեան ոլորտում միշտ իրենց անմնացորդ դերն են խաղացել բարերարները: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ դպրոցների, «Ակունք» կենտրոնի, միութիւնների եւ հնչած հարցերի մասին, եւ ընդգծեց, որ Հանրապետութեան նախագահի կողմից եւս խիստ կարեւորութիւն է տրւում նոր սերնդի դաստիարակութեանը, որպէս համայնքի ապագայ դերակատարներ: Նա նաեւ ընդգծեց, որ Իրանում բոլորը անկախ ազգութիւնից եւ կրօնից համարւում են իրանցիներ եւ պէտք է օգտւեն այն բոլոր հնարաւորութիւններից, որոնք առկայ են: Հանր. նախագահի տեղակալը ձեռներեց նախաձեռնութիւններ սկսելու առումով մի շարք առաջարկութիւններ ու խորհուրդներ ներկայացրեց ներկաներին եւ ընդգծեց, որ փոխգործակցութիւնը կարող է նպաստել հայկական համայնքին, որպէսզի համայնքի աշխատանքները կարելի լինի աւելի դիւրին իրականացնել եւ կարեւորեց նմանօրինական հանդիպումների շարունակականութիւնը:



