ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ԲՌՈՒՆՑՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹԵԱՆ ԼՍՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԴԻՄԱՑ

ՀԱՏԻՍ

 

Մի յայտնի կատակ կայ։ Մէկը գիւմրեցուն հարցնում է՝

– Դիմացի մայթը ո՞րն է։

– Էն միւսը,- ասում է՝ ցոյց տալով դիմացի մայթը։ Սա էլ զարմացած նայում է ու ասում.

– Բա էն կողմի՞ց էլ էս կողմն են ցոյց տալիս…

Հայաստանի այսօրւայ քաղաքական իրականութիւնը երբեմն հէնց այդ «դիմացի մայթի» պատմութիւնն է յիշեցնում։ Հանրութեանն այնքան հակասական ուղղութիւններ են ցոյց տրւում, որ ի վերջոյ դժւարանում է կողմնորոշւել՝ ո՞ր կողմն ինչ է, եւ ո՞ւմ ցուցումով ուր պէտք է գնալ։ Քաղաքականութեան մէջ այսպիսի շփոթը միշտ չէ, որ պատահական է։ Երբեմն այն վերածւում է հանրութեանը մոլորեցնելու քաղաքական գործիքի։

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցած լսումները, սակայն, մի այլ պատկեր ներկայացրին։ «Հայաստան» խմբակցութիւնը նոյն խորհրդարանական ամբիոնի շուրջ հրաւիրել էր քաղաքական ուժերի եւ գործիչների, որոնց միջեւ անցեալում եղել են խոր, երբեմն՝ անհաշտ հակադրութիւններ։ Եթէ ժամանակին ՀՀՇ-ն, նրա քաղաքական իրաւայաջորդ Հայ ազգային կոնգրեսը եւ ՀՅԴ-ն գտնւում էին տարբեր քաղաքական խրամատներում, ապա այսօր խորհրդարանական խօսափողից զրկւած ուժերի  ներկայացուցիչների համար նոյն ամբիոնն ու խօսափողն ապահովելը կարեւոր քաղաքական ուղերձ է։ Դա չի նշանակում, թէ նրանք մոռացել են իրենց տարաձայնութիւնները։ Դա նշանակում է, որ պետականութեան եւ ժողովրդավարական հաստատութիւնների պահպանման հարցում կարելի է եւ պէտք է կուսակցական սահմաններից վեր կանգնել։

Սա խորհրդարանական մշակոյթի կարեւոր դրսեւորում է։

Իսկ միւս «մայթում» ի՞նչ ենք տեսնում։ Ազգային ժողովի միջանցքներում, իսկ երբեմն էլ հեռուստատեսութեան ուղիղ եթերում, քաղաքական բառամթերքը վերածւում է գոռգոռոցների, վիրաւորանքի ու սպառնալիքի։ Բռունցքներն ու մատ թափ տալը կարծես սկսել են փոխարինել փաստարկներին։ Եւ երբ նման տեսարանները կրկնւում են, հասարակութիւնն էլ աստիճանաբար սովորում է դրանց՝ որպէս քաղաքական կեանքի սովորական երեւոյթի։

Առաւել մտահոգիչ է այս ամենի համընկնումը սահմանադրական փոփոխութիւնների օրակարգի հետ։ Հայաստանի նոր Սահմանադրութեան հարցը շրջանառւում է նաեւ Ադրբեջանի պահանջների համատեքստում։

Իսկ երբ իշխանութեան համար հանրաքւէի ճանապարհին առաջանում են խորհրդարանական խոչընդոտներ, հանրային ճնշման մասին հռետորաբանութիւնը չի կարող չմտահոգել։ Վեց ձայնի պակասը չի կարող լրացւել քաղաքական կամքի պարտադրմամբ, առաւել եւս բռնութեան կամ դրա սպառնալիքի մթնոլորտով։

Եւ ահա նոյեմբերի 16-ի լսումների իրական քաղաքական իմաստը։ Մի կողմում քաղաքական հակառակորդներին նոյն սեղանի շուրջ հրաւիրելու, նրանց խօսելու հնարաւորութիւն տալու եւ տարաձայնութիւններից վեր պետական հարցեր քննարկելու պատրաստակամութիւն։ Միւս «մայթում» ընդդիմախօսին լռեցնելու, հանրային ճնշում գործադրելու եւ բռունցքի ուժը քաղաքական փաստարկի տեղ ներկայացնելու մօտեցում։

Ժողովրդավարութիւնը չի մեռնում միայն այն ժամանակ, երբ փակում են խորհրդարանի դռները։ Երբեմն այն նահանջում է նաեւ այն ժամանակ, երբ խորհրդարանը մնում է բաց, բայց այնտեղ խօսքի փոխարէն սկսում են գործել բռունցքները։

Պետութիւնը կառուցւում է ոչ թէ ընդդիմութեան ձայնը խլելով, այլ այն լսելու կարողութեամբ»:

Related Articles

Back to top button