Չիպերի պատերազմը
Գաղտնի հետախուզութիւնից՝ կիսահաղորդիչների շուկայ նոր հետախուզական պայքարի բեմը

Ժամանակակից հետախուզական ծառայութիւնների պայքարն այլեւս չի սահմանափակւում ստւերային գործողութիւններով: Դրա տեսանելի ճակատը տեղափոխւել է նաեւ էկրաններից այս կողմ։ Պետութիւնների համար սննդային եւ էներգետիկ անվտանգութեան հետ մէկտեղ ռազմավարական նշանակութիւն է ձեռք բերել նաեւ բարձր եւ ճշգրիտ տեխնոլոգիաների արտադրանքի նկատմամբ վերահսկողութիւն հաստատելու կարողութիւնը։ Աւելին տեխնոլոգիայի հարցում առաջատարի դիրքերից խօսելը վերածւել է ազգային անվտանգութեան եւ աշխարհաքաղաքական ազդեցութեան կարեւորագոյն գործօնի։
Արհեստական բանականութեան շուրջ ծաւալւող մրցակցութիւնը արդէն իսկ դուրս է եկել տեխնոլոգիական ընկերութիւնների եւ շուկայական շահերի սահմաններից վերածւելով պետութիւնների միջեւ ռազմավարական դիմակայութեան:
Նոր հարթակում՝ հաշւարկային հզօրութիւնը, կիսահաղորդիչների արտադրութիւնն ու տեղեկատւութեան հասանելիութիւնը ազգային անվտանգութեան հարցեր են։
Այս իրողութեան ուշագրաւ դրսեւորումներից մէկն էր ամերիկեան NVIDIA ընկերութեան շուրջ ծաւալւած սկանդալը: The New York Times-ի հրապարակման համաձայն NVIDIA-ի հիմնադիրի հետ կապւած պատմութեան հերոսուհին չինացի գործարար Ալիս Հուանգն է, ով աւելի ուշ պարզւեց, որ կապ է ունեցել Չինաստանի անվտանգային կառոյցների հետ։
Թերթի աղբիւրները նաեւ պնդում են, որ Չինաստանի հետախուզական կառոյցներն առնւազն երկու տարի գաղտնի աշխատանք են իրականացրել արհեստական բանականութեան նորագոյն չիպերի մասին տեղեկութիւններ ձեռք բերելու եւ կիսահաղորդիչների արտադրութեան ու մատակարարման շղթաների մասին տեղեկութիւններ հաւաքելու ուղղութեամբ։
Այս պատմութեան նշանակութիւնը շատ աւելի խորն է, քան առանձին լրտեսական սկանդալը։ Փաստ է, որ NVIDIA-ն արհեստական բանականութեան համաշխարհային մրցավազքի առանցքային ընկերութիւններից մէկն է։ Նրա արտադրած գրաֆիկական պրոցեսորներից է կախւած նաեւ ժամանակակից արհեստական բանականութեան համակարգերի աշխատանքը: Այսինքն արհեստական բանականութեան մրցավազքում որոշիչ է ոչ միայն այն, թէ ով է ստեղծում լաւագոյն ծրագրային համակարգը, այլեւ այն, թէ ով ունի դրանց աշխատանքն ապահովող նիւթական ենթակառուցւածքը։
Մեր կողմից նշենք, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ հակասութիւնն այստեղ յստակ է։ Միացեալ Նահանգները սահմանափակում է Չինաստանի հասանելիութիւնը առաջադէմ կիսահաղորդիչներին, փորձելով դանդաղեցնել նրա տեխնոլոգիական եւ ռազմական կարողութիւնների զարգացումը։ Միւս կողմից ամերիկեան ընկերութիւնները չեն ցանկանում կորցնել չինական հսկայական շուկան։ NVIDIA-ի օրինակը ցոյց է տալիս, թէ ինչպէս են բախւում մասնաւոր ընկերութիւնների տնտեսական շահերն ու պետութեան ռազմավարական հաշւարկները։
Սակայն նման կարգի մրցակցութիւներն այլեւս միայն արտահանման արգելքների կամ արտադրական կարողութիւնների շուրջ չեն։ Երբ տեխնոլոգիական առաջընթացը կախւած է սահմանափակ թւով արտադրողների, մասնագէտների եւ մատակարարման ուղիների հասանելիութիւնից, այդ ամբողջ համակարգը դառնում է նաեւ հետախուզական հետաքրքրութեան առարկայ։ Տեղեկատւութիւնը, տեխնոլոգիան եւ դրանց ձեռքբերման միջոցներն այս պայքարում նոյնքան կարեւոր են, որքան բուն արտադրանքը։
Ուստի NVIDIA-ի շուրջ սկանդալը կարելի է դիտարկել ԱՄՆ-Չինաստան դիմակայութեան համատեքստում նաեւ։ Այստեղ հարցն այլեւս միայն այն չէ, թէ ով է ստեղծելու աւելի հզօր արհեստական բանականութիւն, այլեւ ով է վերահսկողութիւն սահմանում ոլորտի միջոցների վրայ:
Եթէ մինչեւ այդ աշխարհաքաղաքական պայքարում նաւթն էր ռազմավարական ռեսուրսը, ապա ներկայ ժամանակներում այդ դերը կարող են ստանձնել կիսահաղորդիչներն ու դրանց արտադրութեան ամբողջ շղթան։ Տարբերութիւնն այն է, որ նոր ռազմավարական ռեսուրսը դուրս չի բերւում ընդերքից: Դրա հասանելիութիւնից է կախւած նաեւ ապագայի տեխնոլոգիական, տնտեսական եւ ռազմական ուժերի հաւասարակշռութիւնը։



