Փաշինեանը չպէտք է հրաժարական տայ ու հեռանայ. նա պէտք է դատապարտւի ցմահ ազատազրկման

Ութ տարի շարունակ հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ անկայուն շարժումներով եւ պոռթկումներով ուղեկցւող հակահայկական հիստերիկ յայտարարութիւններին՝ կարծում եմ, որ հայ ժողովրդին այլ ելք չի մնում, քան նրան ձերբակալելը, դատելը եւ ցմահ ազատազրկման դատապարտելը։
Փաշինեանին չպէտք է թոյլ տալ պարզապէս հրաժարական տալ եւ հեռանալ։ Նա պէտք է շատ թանկ վճարի Հայաստանի թշնամիների հետ համագործակցելով՝
– Արցախի Հանրապետութիւնն Ադրբեջանին յանձնելու, ինչը յանգեցրեց մի քանի հազար հայ երիտասարդ զինւորների մահւան եւ հազարաւոր այլ զինծառայողների վիրաւորւելուն,
– 2021-2022 թւականներից ի վեր Ադրբեջանին թոյլ տալու, որ բռնազաւթի Հայաստանի Հանրապետութեան տարածքի որոշ հատւածներ,
– Հայաստանի ազգային սրբազան խորհրդանիշների արժէզրկելու,
– Հայաստանի Սահմանադրութեան եւ հարիւրաւոր օրէնքների խախտելու, եւ
– Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ունեցած արդարացի պատմական պահանջներից հրաժարւելու համար։
Յուսահատութիւնից դրդւած, նախագահ Ալիեւի թելադրած Սահմանադրութեան վերաբերեալ հանրաքւէի համար խորհրդարանի հաւանութիւնը ստանալու այլ ելք չգտնելով՝ Փաշինեանն անցեալ շաբաթ նոր հնարքի դիմեց։ Նա խորամանկօրէն յայտարարեց, որ հրաժարական կը տայ, եթէ Հայաստանի քաղաքացիները հանրաքւէով մերժեն առաջարկւող Սահմանադրութիւնը՝ պայմանով, որ խորհրդարանը նախ հաւանութիւն տայ նման քւէարկութեան անցկացմանը։ Այնուհետեւ նա յաւելեց, որ հրաժարական կը տայ մինչեւ 2031 թւականը, եթէ հանրութիւնը հաւանութիւն տայ Սահմանադրութեանը։
Բարեբախտաբար, խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցութիւններն արդէն մերժել են նրա խարդախ առաջարկները, որոնց մասին նա հիմարաբար պնդում էր, թէ իրենք «չեն կարող մերժել»։
Փաշինեանն այս դատարկ խոստումները տալիս է հետեւեալ պատճառներով՝
Նախ՝ նրա կուսակցութիւնը խորհրդարանում չունի հանրաքւէի անցկացմանը հաւանութիւն տալու համար անհրաժեշտ մանդատների երկու երրորդը՝ չնայած 2026 թւականի յունիսեան ընտրութիւններից առաջ նրա հնչեցրած նախազգուշացումներին, թէ սեպտեմբերին պատերազմ կլինի, եթէ իր կուսակցութիւնը չստանայ աթոռների երկու երրորդը։ Նախագահ Ալիեւը պնդել է, որ քանի դեռ Հայաստանը չի փոփոխել իր Սահմանադրութիւնը եւ նախաբանից չի հեռացրել Արցախի մասին յիշատակումը, ինքը չի ստորագրի համաձայնեցւած խաղաղութեան պայմանագիրը։
Փաշինեանի քաղաքական կարիերան կախւած է Ալիեւի կողմից այդ պայմանագրին տրւելիք հաւանութիւնից, քանի որ վարչապետը բազմիցս մոլորեցրել է հայ հանրութեանը՝ խոստանալով, թէ Ադրբեջանի հետ պատերազմում նրանց որդիներն այլեւս չեն զոհւի, եթէ հաստատւի խաղաղութեան այն պայմանագիրը, որին, իր պնդմամբ, ինքն արդէն ձեռք է բերել կամ պատրաստւում է ձեռք բերել։
Մինչ այժմ Փաշինեանին յաջողւել է միայն հասնել նրան, որ խաղաղութեան պայմանագրի նախագիծը երկուստեք նախաստորագրւի, այլ ոչ թէ ստորագրւի, թէեւ տեքստի բոլոր 17 յօդւածները թելադրել էր Ալիեւը։ Նոյնիսկ պայմանագրի նախաստորագրումը տեղի ունեցաւ նախագահ Թրամփի կողմից Ալիեւի վրայ գործադրւած ուժեղ ճնշման ներքոյ, որը ամէն գնով ցանկանում էր արժանանալ Խաղաղութեան Նոբելեան մրցանակի։ 2025 թւականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինեանի եւ Ալիեւի հետ նախատեսւած հանդիպման նախօրէին Թրամփը վաղաժամ յայտարարել էր, թէ նրանք գալիս են Վաշինգտոն՝ խաղաղութեան պայմանագիրը ստորագրելու։
Ալիեւը չի շտապում ստորագրել նման պայմանագիր, քանի որ դեռեւս Փաշինեանին ուղղւած պահանջների երկար ցանկ ունի։ Բացի Սահմանադրութիւնը փոխելու հարցում Հայաստանի վրայ ճնշում գործադրելուց, Ալիեւը պահանջում է, որ.
– Արցախեան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանից հեռացած 300 հազար ադրբեջանցիներին թոյլատրւի վերադառնալ,
– Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը ճշգրտւի՝ Ադրբեջանին լրացուցիչ տարածքներ զիջելու միջոցով,
– Հայաստանի տարածքում գտնւող, նախկինում ադրբեջանաբնակ անկլաւները վերադարձւեն Ադրբեջանին, եւ
– Հայաստանը տասնեակ միլիարդաւոր դոլարների փոխհատուցում վճարի Արցախի «բռնագրաւման» հետեւանքով հասցւած վնասների համար։
Երկրորդ՝ ոչ մի ողջամիտ մարդ չի հաւատայ Փաշինեանի տւած որեւէ խոստման։ Վերջին ութ տարիների ընթացքում նա հարիւրաւոր անգամ ստել է հանրութեանը։ Այն, ինչ նա յայտարարում է առաւօտեան, նոյն օրւայ երեկոյեան հակառակն է պնդում։ Երբ Փաշինեանին յիշեցնում են նրա բազմաթիւ հակասական յայտարարութիւնների մասին, նա փորձում է հերքել, թէ երբեւէ նման բան է ասել։ Նոյնիսկ այն բանից յետոյ, երբ լրագրողները միացնում են նրա նախկին յայտարարութիւնների ձայնագրութիւնները եւ ցոյց տալիս ֆէյսբուքում նրա հակասական խօսքերով տեսանիւթերը, նա կա՛մ ասում է, որ չի յիշում՝ նման բան ասել է, թէ ոչ, կա՛մ էլ յօրինում է որեւէ անհեթեթ բացատրութիւն։ Փաշինեանի՝ իր խօսքից հրաժարւելու ամենատխրահռչակ օրինակը 2019 թւականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հաւաքւած հազարաւոր արցախահայերի ներկայութեամբ արած յայտարարութիւնն է, թէ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»։ Մի քանի տարի անց՝ Արցախն Ադրբեջանին յանձնելուց յետոյ, նա յետ կանգնեց իր խօսքից եւ յայտարարեց՝ «Արցախն Ադրբեջանի մաս է»։
Աւելին, որպէս Հայաստանի Հանրապետութեան վարչապետ՝ Փաշինեանն իրաւունք չունէր Արցախը զիջել Ադրբեջանին։ Մինչ այդ նա խոստովանել էր, որ Հայաստանի քաղաքացիներն իրեն նշանակել են ոչ թէ Արցախի, այլ Հայաստանի վարչապետ։ Հետեւաբար, նրա կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը եւ Ալիեւի ու Պուտինի հետ 2020 թւականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի ստորագրումը, որով Արցախին հարակից տարածքները զիջւեցին Ադրբեջանին, Հայաստանի Սահմանադրութեան կոպիտ խախտումներ են։
Այնուամենայնիւ, Փաշինեանը շարունակում է ելք փնտրել։ Սկզբում նա յայտարարեց, որ «արտահերթ» խորհրդարանական ընտրութիւններ է անցկացնելու՝ ապարդիւն յոյս փայփայելով, որ այդպիսով իր կուսակցութիւնը կը ստանայ անհրաժեշտ մանդատների երկու երրորդը։ Բայց, երբ թիմակիցները զգուշացրեցին նրան, որ արտահերթ ընտրութիւնները կարող են ունենալ հակառակ հետեւանք՝ խորհրդարանում ունեցած մեծամասնութեան կորուստ, նա շտապ հրաժարւեց այդ մտքից։
Այնուհետեւ, Փաշինեանը դիմեց իր քաղաքական ընդդիմախօսներին ամենատարբեր ապօրինի միջոցներով՝ այդ թւում կեղծ մեղադրանքներով, ձերբակալութիւններով եւ ազատազրկմամբ սպառնալուն, որպէսզի հարկադրի նրանց ապահովել այն վեց լրացուցիչ ձայները, որոնք անհրաժեշտ են իր կուսակցութեանը՝ հանրաքւէի անցկացմանը հաւանութիւն տալու համար։
Յետոյ նա յայտարարեց, որ կը յորդորի հանրութեանը ճնշում գործադրել խորհրդարանական ընդդիմութեան վրայ՝ հանրաքւէին կողմ քւէարկելու համար։ Սա հերթական յուսահատ քայլն է։ Ես խիստ կասկածում եմ, որ նրա հետեւորդները կարձագանքեն խորհրդարանը շրջապատելու եւ ընդդիմադիր պատգամաւորներին հանրաքւէի օգտին քւէարկել ստիպելու իր կոչերին։
Չնայած այս մանեւրներին՝ Փաշինեանին չի յաջողւել գտնել Սահմանադրութիւնը փոխելու միջոց՝ Ալիեւին գոհացնելու նպատակով։
Ես աւելի լաւ առաջարկ ունեմ. հանրաքւէից յետոյ Փաշինեանին հրաժարական տալու հնարաւորութիւն ընձեռելու փոխարէն հայ ժողովուրդը պէտք է անյապաղ ձերբակալի նրան, դատի եւ դատապարտի ցմահ ազատազրկման։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



