ԱտրպատականԳաղափարականՀամայնք

Մելիք-Թանգեան Սրբազանը

(Ընդհանուր բնութագծում)

ՊՐՈՖ. ԱՇՈՏ ԳԱՍՊԱՐԵԱՆ

 

Հայ հոգեւորականութեան պատկառելի ներկայացուցիչների մօտ կարելի է նկատել դէմքեր, որոնք իրենց նկարագրի հիմնական գծերով կամ բոլորովին նւիրւած են տեսականին, ուրիշ խօսքով ասած՝ մտաւոր ստեղծագործութեանց են հետամուտ (ինչպէս հանգուցեալ պատրիարք Եղիշէ Դուրեանն էր), կամ խստօրէն կեանքի առօրեայ խնդիրներին հետամուտ եւ այդտեղ իրենց կոչումը փնտրող, որպիսին էր ներկայ դէպքում Մելիք-Թանգեան Սրբազանը, գերազանցօրէն գործի մարդ եւ այդ ասպարէզում վերին աստիճանի եռանդուն: Իբրեւ մարմնացած դաւանանք ունէր հայրենասիրութիւնը-ազգասիրութիւնը, հայ ազգային եկեղեցու դարաւոր սկզբունքների եւ աւանդոյթների հաւատարիմ եւ անվկանդ պաշտպանութիւնը:

Սոյն երկու իրեն համար կենսական խնդիրներում Մելիք-Թանգեանը հանդէս է բերում աներեր, անզիջող վերաբերմունք: Իբրեւ նահապետական հայր իւր համայնքի, հեռու որեւէ խնդիրներից, բանսարկութիւնից, այդ պատճառով էլ նա ստեղծում էր Ատրպատականի Հայոց Առաջնորդարանում խաղաղութեամբ տոգորւած մի մթնոլորտ: Իւր նկարագրով հանրային գաղափարների յղացող, ստեղծագործող չէր, բայց հասարակական կեանքում եղած առողջ տրամադրութիւնների գործադրողն էր: Նա գործում էր ո՛չ իբրեւ կուսակցական, այլ որպէս ազգասէր հայ հոգեւորական բոլոր կուսակցութիւնների ու խմբակցութիւնների համար, այդ պատճառով էլ բոլորի հետ գործակցում էր ազգային գետնի վրայ, ազգանւէր նպատակով:

Իւր տրամադրութեան տակ գտնւած դրամական հաշիւները միանգամայն մաքուր լինելով նա ստեղծում էր վստահութիւն առաջնորդարանի տնտեսական գործառութիւնների վերաբերմամբ: Թէպէտեւ մտաւոր զբաղումներին նւիրւած անձ չէր, բայց սիրում էր հաղորդակից լինել, ընթերցանութեան միջոցով, հայ մամուլի արծարծած խնդիրներին: Հանրային կենաքում բեղումնաւոր կերպով գործելու համար կարիք ունէր բարոյական նեցուկների եւ իրազեկ խորհրդատուների, որոնց եւ միշտ ունեցել է իւր տրամադրութեան տակ՝ յանձին Թեմական խորհուրդների, հոգաբարձութիւնների եւ այլն:

Իր անհատական դրոշմը չէր դնում լուծւելիք խնդիրների վրայ, բայց աշխատում էր գործնականապէս յարմարը իրագործել, յաճախ յախուռն եւ շտապ կերպով: Սկզբից մինչեւ վերջ եղաւ իւր կեանքում ժողովրդանւէր: Չկար ոչ մի անջրպետ նրա եւ ժողովրդական զանազան խաւերի մէջ, ինչպիսին սակայն տեղի է ունենում զուտ մտաւոր զբաղման նւիրւած անձանց մօտ:

Մարդականց հետ շփւելիս լեզու էր գտնում կենցաղագիտօրէն եւ ըստ այնմ շարժւում: Յարաբերութիւնները մշակելիս սուր ընթացք չէր կիրառում, այլ ճկունութիւն, յարմարւելով շրջապատի պայմաններին:

Խօսքը ժողովրդական գունաւորում ունէր եւ ո’չ թէ ընտիր ձեւով  մշակւած, այդ պատճառով էլ լսւում էր իբրեւ նահապետական հայր, այլեւ որովհետեւ անյիշաչար էր ու արդարադատ, դիւրութեամբ հնազանդւում էին եւ հետեւում նրան:

Ոչ այնքան քարացած սկզբունքներին էր հետեւում, որքան կենդանի արդիւնաւէտ գործին: Երկար տարիներ պաշտօնավարելով նոյն միջավայրում, իւրացրել էր տեղական կեանքի նրբերանգները. լաւ ճանաչում էր մարդկանց եւ ըստ այնմ վերաբերւում: Ոչ միայն իւր ստացած դաստիարակութեամբ եւ մտայնութեամբ ժողովրդական էր, այլ ժողովրդական էր իւր վարած կեանքով, բոլոր շարժուն ձեւերով, այս պատճառով էլ սիրւած էր բոլորից: Ունենալով մելիքական ծագում, այդ գիծը չէր թոյլատրում նրան մանրանալ, ճղճիմ հաշիւներով զբաղւել: Ազգային եւ եկեղեցական աւանդոյթներին ջերմօրէն կառչած էր ու դարաւոր եկեղեցական ծիսակատարութեանց պաշտպան էր:

Ունէր ողջամտութիւն, բնատուր ընդունակութիւն՝ միայն հնարաւոր եւ իրականանալիք գործեր հետապնդելու:

Իւր ամբողջ կեանքում իբրեւ հայ ազգային եկեղեցու ներկայացուցիչ, հեռու է եղել որեւէ արարքից, որ կարող էր ամենադոյզն չափով արատաւորել իւր անձնւէր ուխտը՝ ազգին ու հայ եկեղեցուն:

Հասարակական գործունէութեան մեծագոյն մասը Իրանում անցկացնելով, այն եզրակացութեան էր եկել, որ հայութիւնը այս երկրում -համեմատած այլ գաղութների- դարեր շարունակ հովանաւորւածի վիճակում է եղել եւ իւր այս համոզումը նա բազմապիսի առիթներով արտայայտում էր իւր ճառախօսութեանց ընթացքում:

Ատրպատականի հայութիւնը երկար տարիների ընթացքում, հանրային կեանքի զանազան ասպարէզներում տեսնելով յանձինս Ներսէս Մելիք-Թանգեան Սրբազանի նոյն անվկանդ ժողովրդանւէր առաջնորդին, երախտագիտական զգացմունքներով տոգորւած մօտենում էր նրան եւ դրանով պիտի բացատրել այն համատարած վիշտը, որ նրա մահւան պատճառով համակել էր բոլորին:

Related Articles

Back to top button