ԱտրպատականՀամայնք

Պետական հեռուստակայանի հարցազրոյցը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի հետ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Երեքշաբթի, նոյեմբերի 24-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Թաւրիզի «Վադիյէ Ռահմաթ» համալիրի մզկիթում, հանգուցեալ Իմամ Խամենէի պատկերով եւ կրօնական շրջազգեստով յարդարւած յատուկ բեմահարթակի վրայ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը թուրքերէն լեզւով հարցազրոյց շնորհեց Պետական հեռուստակայանին, պատասխանելով կայանի հաղորդավարի հարցերին:

Գլխաւորաբար նահատակութեան խորախորհուրդ գաղափարի մեկնաբանութիւնը կատարելով, Սրբազան հայրը վեր առաւ դրա անպարտելիութիւնը. «Նահատակութիւնը չենք կարող համեմատել սովորական մահւան հետ: Նահատակութիւնը մահւան անխուսափելի ճիրաններէն դուրս մնացող երեւոյթ է, երբ իր ազգի, իր հայրենիքին, իր ընտանիքի համար նահատակւողին հոգին սլանում է երկինք եւ Աստծու անմերձենալի երկնային տարածքում է հանգչում», ասաց Սրբազանը, յիշելով անձնապէս իր հօր նահատակութիւնը իսրայէլեան ռմբակոծութիւնների ժամանակ, 1976 թւին:

Շարունակելով պատասխանել կայանի թղթակցի հարցերին, որոնք ընդգրկում էին հանգուցեալ Իմամ Խամենէի անձը, Սրբազանը շեշտեց նրա մարդկային հոգատարութեան բացառիկ շնորհքը, երբ ոչ մէկ տարբերութիւն դնելով հայ թէ իրանցի մուսուլման հայրենակիցների միջեւ, նա ամանորի օրերին այցելում էր հայ նահատակների ընտանիքներին, հիւրասիրւում նրանց տանը, մխիթարում նահատակի ծնողներին, եւ հայրաբար հոգում նրանց կարիքները. «Սրանք բացառիկ երեւոյթներ են աշխարհի քարտէզի վրայ, օրինակելի բոլոր նրանց, ովքեր դեռեւս չեն իմանում ի՞նչ է նշանակում հայրութեան սէր ցուցաբերել դժւարութեան մէջ գտնւողներին», ասաց Սրբազանը: Նոյն առիթով Թաւրիզի հանգուցեալ աղօթապետ Ալէ Հաշեմին, անդրադառնալով նրա անկեղծ ու հայասէր նկարագրին, եւ անձնական մտերմութեանը:

Նշենք, որ Սրբազան հայրը նախքան սոյն զրոյցին սկսելը, նրա գերեզմանի վրայ աղօթք էր մրմնջացել, Աստծու գութը հայցելով նրա հոգու խաղաղութեան համար:

Վերջապէս, առաջնորդ Սրբազանը շեշտեց նահատակներին սիրող ու յարգող մեծ Նահատակին՝ Իմամ Ալի Խամենէի նահատակութիւնը, որը ներկայ ամբողջ ժողովրդի սրտում դարձել է անմահութիւն..:

Իրանում ապրող բոլոր ազգերին ու այլ կրօնների պատկանող բնակիչներին իր խօսքը ուղղելով, Սրբազանը ասաց, որ նրա քաջութեան օրինակը պէտք է տարածւի իրանցիների մտքում եւ հոգում: Սրբազան հայրը իր հարցազրոյցի վերջին նախադասութիւնը հայերէն լեզւով արտասանելով, բոլորի աղօթքն ու զօրակցութիւնը հայցեց աշխարհի խաղաղութեան եւ Իրանի ինքնապաշտպանութեան համար:

Նշենք, որ նախքան հարցազրոյցի անցնելը, Սրբազան հայրը եւ իր ընկերակիցները՝ Փոքրամասնութեան գրասենեակի պատասխանատուն, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը ընդունւեցին հիմնարկութեան ընդհանուր տնօրէնի գրասենեակում, որտեղ թէյասեղանի շուրջ արծարծւեցին ներկայ կեանքի, եւ ժողովրդի սպասումների տարբեր նիւթեր:

Related Articles

Back to top button