Գաղափարական

Արմէն Ռուստամեան. «Մեր կռիւը ո՛չ իշխանութեան համար է, ոչ էլ մէկը միւսի դէմ. մեր կռիւը հայկական ինքնութիւնը պահելու եւ մեր ժառանգած արժէքները պաշտպանելու համար է»

«Վեր կաց ժողովուրդ» խորագիրը կրող հանդիսութեամբ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Լիբանանի մեծ ընտանիքը ուրբաթ, նոյեմբերի 27-ի երեկոյեան ժամը 8:00-ին, Էշրեֆիէի «Աւա Վենիու» սրահում նշեց կուսակցութեան 136-ամեայ երթը, անդրադարձաւ նրա ունեցած ձեռքբերումներին, ներկայի մարտահրաւէրներին եւ ապագայի տեսլականներին: ՀՅԴ Բիւրոյի եւ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչներ՝ Արմէն Ռուստամեանի եւ Ալպեր Պալապանեանի խօսքերում վերահաստատւեց Դաշնակցութեան յանձնառութիւնը` տէր կանգնելու հայրենիքին, հայութեան, Արցախին, եկեղեցուն եւ լիբանանահայութեան:

Պաշտօնական հանդիսութիւնը սկիզբ առաւ ՀՄԸՄ-ի շեփորախումբի կատարողութեամբ Լիբանանի, Հայաստանի, Արցախի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան քայլերգների ունկնդրութեամբ:

Ապա, ներկաները մէկ վայրկեան լռութեամբ յարգեցին հայ ազգային ազատագրական պայքարի նահատակների յիշատակը:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի ելոյթից հատւածներ, Լիբանանում նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՅԴ 136-ամեակի միջոցառմանը.

Լիբանանի հայ համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

հայրենակիցներ,

սիրելի ընկերներ, ընկերուհիներ,

ՀՅԴ օրը Լիբանանում նշելը ունի առանձնայատուկ նշանակութիւն եւ այն տօնակատարութեանը հաղորդում է առանձնակի կարեւորութիւն, որովհետեւ լիբանանահայութիւնը, առանց չափազանցնելու, կարելի է ներկայացնել որպէս հայկական Սփիւռքի մերանը եւ նրան արիւն ու աւիւն տւողը: Իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութիւնը մեր հաւատքը պահելու եւ մեր հոգեւոր անվտանգութիւնը ապահովելու գործում սփիւռքում անուրանալի է եւ անգնահատելի:

Եւ այս առումով լիբանանահայութեան դերակատարութիւնը ոգեւորող է, ներշնչող եւ մեզ նոր սխրանքների մղող:

Եւ Ճիշտ գնահատւեց, որ լիբանանահայութիւնը անցել է լուրջ փորձութիւններ, լուրջ մարտահրաւէրներ է յաղթահարել եւ այսօր էլ այդ փորձութիւնները քիչ չեն: Այդ մարտահրաւէրները օրհասական բնոյթ ունեն, բայց լիբանանահայութեան մեծութիւնը եւ նրա անգնահատելի նկարագիրը հէնց նրանում է, որ նա երբեք չի երկնչել դժւարութիւնների առաջ եւ յաղթահարել է դրանք իր նկարագրին եւ տեսակին համապատասխան:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը միշտ եղել է, կայ ու կը լինի լիբանանահայութեան կողքին՝ պաշտպանելու նրա շահերը, նրա անժամանցելի իրաւունքները եւ նրա անվտանգութիւնը:

ՀՅԴ օրւան նւիրւած այս միջոցառումը առիթ է խօսելու հայութեան դիմագրաւած մարտահրաւէրների եւ դրանք յաղթահարելու համար գործելու հրամայականի մասին»:

Related Articles

Back to top button