Ամանորի տօնական հանդիսութիւն՝ Թաւրիզի հայոց ազգային դպրոցի կազմակերպութեամբ
Ատրպատական, Ազգային Առաջնորդարան, Թաւրիզ – 2024 տարւայ աւարտին, չորեքշաբթի, դեկտեմբերի 25-ի երեկոյեան ժամը 7:00-ին, տեղի ունեցաւ Թաւրիզ Հայոց ազգային «Հայկազեան-Թամարեան-Սահակեան» դպրոցի Ամանորի հանդիսութիւնը ներկայութեամբ մեծ թւով թաւրիզահայերի:
Նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի եւ Հովանաւորութեամբ Թեմական խորհրդի, հանդիսութիւնը ներկաներին հոգեպէս փոխադրեց մանկական օրեր ու տարիներ, տօնական ուրախ մթնոլորտ պարգեւելով բոլորին, որոնք այնքան կարօտ էին մանկապատանեկան շունչ ներարկող նման ձեռնարկների:
Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» հանդիսասրահում, դպրոցի աշակերտութիւնը հանդէս եկաւ, տեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի համատեղ աշխատանքով, ներկայացնելով Ամանորի եւ Սուրբ Ծննդեան յատուկ մի ծրագիր:
Դպրոցի ուսուցչուհիներից Սաթիկ Բաբայեանը բացման խօսքը կատարեց, Ամանորի վերանորոգիչ բառերով, որոնք քաջալերանք էին արտայայտում, ներկայ աշխարհի տագնապների վերահասու իւրաքանչիւր անձին: «Թող 2025 թւականը, լինի ինչպէս լոյսի շող, որ կը թափանցի ձեր սրտերը, ու կը բերի առողջութիւն, յաջողութիւն ու երջանկութիւն», եզրակացրեց նա:
Օրւայ բեմավարութիւնը ստանձնել էին աշակերտ՝ Տաթեւ Աբրահամեանը եւ աշակերտուհի Յասմիկ Շահմուրադեանը: Նրանք բարի գալստեան խօսք ուղղեցին բոլորին, աշակերտութեան անունից շնորհաւորեցին նոր տարին եւ առաջիկայ Սուրբ Ծնունդը Յիսուսի, եւ հրաւիրեցին իւրաքանչիւր աշակերտի, իր մասնակցութիւնը բերել ծրագրին:
Դպրոցի երգչախումբը, Ամանորի ճոխ երգացանկով ներկայացաւ հանդիսականներին: Երգչախումբը ելոյթ ունեցաւ մանկական երգերով ու ամանորեայ խանդավառ կատարումներով, ղեկավարութեամբ Վահիկ Բարոյեանի: Այն ներառում էր Ամանորի հայկական եւ օտար տօնակատարութիւնների մասին խիստ բացատրութիւններ:
Ամանորի հանդիսութեան երկրորդ արարում բեմ դուրս եկան ձմեռ պապիկը, եւ ձիւնանուշիկը, (Օթնիէլ Աբիշոյեան եւ Սկարլետ Ենովքեան), որոնք Ամանորի շնորհաւորանքներով եւ խանդավառ պարերով զւարճացրին բոլոր ներկաներին:
Դպրոցի տեսչուհի Սիլւա Աշըղեանը բեմ հրաւիրւեց, եւ Ամանորի ու սուրբծննդեան տօների առիթով իր խօսքը ուղղեց հանդիսականներին. «Նոր տարւայ սեմին կանգնած, մենք մաղթում ենք, որ աշխարհում խաղաղութիւն լինի, մարդկանց միջեւ սէր լինի, իւրաքանչիւր պետութիւն իր երկրի եւ իրաւունքների տէրը լինի, փոխադարձ յարգանք ունենալով իրար նկատմամբ, վայելելու համար կեանքի աստւածապարգեւ բոլոր բարիքները», ասաց նա: Ապա, շնորհակալութեամբ յիշեց անունով եւ անանուն բարերարները, որոնք մեծ ու փոքր նւիրատւութիւններով քաջալերել էին հայոց դպրոցը, հոգալով անհրաժեշտ իրերի գնման ծախսերը: Տեսչուհի Սիլւա Աշըղեանը յատկապէս իր շնորհակալութիւնը յայտնեց դպրոցի ուսուցչակազմին եւ ծնողական խորհրդին, որոնք իրականացրել էին ծրագրի բոլոր կազմակերպական աշխատանքները:
Տեսչութեան տնօրինումով, խօսք առաւ նախկին տեսչուհի Արմինէ Վահրամեանը, յիշարժան պահերը վերյիշեցնելով նոր հանգստի կոչւած հայերէնագիտութեան ուսուցչուհի Լուսիկ Ոսկանեան-Դանղեանի. «Յիշում եմ այն օրը, որ ես եւ Լուսիկը, սրանից 35 տարիներ առաջ ոտք դրեցինք դպրոց: Նա աւարտել էր դպրոցը, ես էլ համալսարանը. հրաւիրւել էինք հոգաբարձութեան կողմից, դասաւանդելու համար հայոց ազգային դպրոցում: 35 տարիներ անխոնջ աշխատանք: Սիրով կատարւած աշխատանքն է, որ արագ է ընթանում: Լուսիկը մեր խստապահանջ ուսուցչուհիներից եղաւ, որպէսզի հայ լեզուն, խտացւած ժամանակի մէջ, լաւապէս ուսուցանի, հայ դպրոցի առաքելութիւնը իր նպատակին հասցնելու համար: Լսեցիք այսօր, որ մեր աշակերտները ինչքան լաւ առոգանութեամբ էին արտասանում հայերէն բառերը: Դրա համար մենք պարտական ենք մեր ուսուցիչներին, որ այս թոթովախօս մանուկների մօտ առաջին անգամ մեր լեզուն են հիմնաւորում: Դրա պայծառ օրինակը Լուսիկ Ոսկանեանն է: Հակառակ իր լուրջ կեցւածքին, նա շատ քաղցր է խօսում իւրաքանչիւր աշակերտի հետ: Աշակերտական տարիներից յետոյ, բոլոր աշակերտները քաղցրութեամբ են յիշելու նրա մայրական սէրն ու հայեցի կրթութեան ոգին»,- ասաց Արմինէ Վահրամեանը:
Սրտի խօսքով իր ուսուցչական ապրումները եւ շնորհակալական զգացումները ներկաներին հաղորդեց հանգստեան կոչւած ուսուցչուհի Լուսիկ Ոսկանեանը: Նա իր երախտագիտութիւնը յայտնեց ամբողջ համայնքին, ու յատկապէս հայոց դպրոցին, որը իր երկրորդ հարազատ տունը համարեց: Վերջապէս, նա ասաց, որ իր պարտքն էր կատարել իր հարազատ համայնքին, բոլոր աշակերտութիւնը իր հարազատ զաւակին նման սիրելով: Նրա խօսքերը ներկաների երկարատեւ ծափողջոյններին արժանացան:
Սրբազան Հօր ձեռամբ, վաստակաշատ ուսուցչուհի Լուսիկ Ոսկանեանին յանձնւեց, դպրոցի կողմից պատրաստւած գեղեցիկ յուշանւէր:
Դպրոցի տեսչութիւնը սոյն հանդիսաւոր առիթով գնահատեց նաեւ երկու համալսարանական ուսանողուհիներ՝ Մեղմիկ Ոսկանեանին եւ Շարիս Վարդանեանին, որոնք յաջող արդիւնքների էին հասել:
Առաջնորդ Սրբազանը, նախ Ամանորի շնորհաւորական ուղերձով բարեմաղթանքներ կատարեց, բարձր գնահատելով Թաւրիզի հայոց դպրոցի մեծ ընտանիքին, համայնքի կեանքին սքանչելի փայլը լինելուն համար. «Տարիները թաւալւում են, սակայն ոչ թէ միայն թւականների փոփոխութեամբ, այլ մեր աշակերտների հասունացմամբ: Ովքե՞ր են հիմնական նեղութիւնը քաշում այս հրաշալի գործում, եթէ ոչ ծնողները եւ յատկապէս դպրոցի տեսչութիւնը, ուսուցչական կազմը եւ հոգաբարձութիւնը: Այս բեմի վրայ է աճում ու մեծանում մեր աշակերտութիւնը, դպրոցի դասարաններում սնւելուց յետոյ», ասաց Սրբազանը, իր բարձր գնահատանքը յայտնելով ծնողներին, տեսչութեան, ուսուցչական կազմին եւ հոգաբարձութեան: Այս առթիւ, նա բարձր գնահատեց եւ յատուկ Օրհնութեան Գիր շնորհեց դպրոցի հանգստեան կոչւած ուսուցչուհի Լուսիկ Ոսկանեան-Դանղեանին:
Յայտնենք, որ դպրոցին ի նպաստ վիճակախաղ կատարւեց: Օրւայ բախտաւոր հանդիսացաւ Լուսիկ Ղազարեանը: Նշենք նաեւ, որ հանդիսութեան դադարին ճոխ բուֆէի հիւրասիրութիւն կատարւեց ծնողական խորհրդի կողմից, բոլոր հրաւիրեալներին համեղ պատառների մատուցմամբ: