
Շաբաթ` նոյեմբերի 21-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք են այցելել Իրանի Ազգային Փաստաթղթերի եւ Գրադարանների նահանգային պատասխանատուները։
Այցի ընթացքում հիւրերը ծանօթացել են Վանքի փաստաթղթերի վերականգնողական կենտրոնի գործունէութեանը եւ իրականացւող աշխատանքներին` կենտրոնի պատասխանատու Թովմա Գալստանեանի ուղեկցութեամբ։
Այնուհետեւ հիւրերը այցելել են «Ներսէս Շնորհալի» գրադարան, որտեղ գրադարանավար Վերգինէ Միրզախանեանի ներկայացմամբ ծանօթացել են գրադարանի հարուստ հաւաքածուներին եւ գործունէութեանը։
Հիւրերը շրջել են նաեւ Վանքի թանգարաններում եւ եկեղեցում, ծանօթանալով հայ համայնքի պատմամշակութային ժառանգութեանը։
Այցի ընթացքում քննարկւել են տարբեր ուղղութիւններով համագործակցութեան հնարաւորութիւններ եւ փոխգործակցութեան հեռանկարներ, մասնաւորապէս մասնագիտական վերապատրաստումների եւ գրադարանի առցանց ցանկերի փոխանակման ոլորտներում։
Այցը կարեւոր առիթ էր մշակութային հաստատութիւնների միջեւ կապերի ամրապնդման եւ հետագայ համագործակցութեան նոր եզրեր գտնելու տեսանկիւնից։
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ















