Գեղարդ Մանսուրեան. Օրական 200 բեռնատար է Իրանից մեկնում Հայաստան

Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառութիւնը ներկայումս կազմում է շուրջ 700 միլիոն դոլար, որը կարող է հասնել 3 միլիառդի: Այս մասին յայտնել է Իրանի խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը:
Պատգամաւորը նշել է, որ օրական շուրջ 200 բեռնատար Իրանից մուտք է գործում Հայաստան։ Իրանը հիմնականում Հայաստան է արտահանում նիւթաքիմիական ու նաւթաքիմիական արտադրանք, ճանապարհաշինական սարքաւորումներ, ինքնաշարժներ եւ շինանիւթեր, իսկ Հայաստանից ներմուծում է հիմնականում սննդամթերք։
Մանսուրեանը կարեւորել է Արաքս գետի վրայ ռազմավարական երկրորդ կամրջի կառուցումն եւ Իրան-Հայաստան ցամաքային ճանապարհի ամբողջացումը՝ դրանք համարելով Իրանը Եւրոպային կապող ճանապարհի ամրապնդման կարեւոր ծրագրեր։
Նրա խօսքով՝ կամրջի նախագիծն առաջ էր քաշւել նաեւ նահատակ նախագահ Էբրահիմ Ռայիսիի օրօք, սակայն մինչ այժմ կեանքի չի կոչւել։ Մանսուրեանը նշել է, որ ծովային հաղորդակցութեան առկայ սահմանափակումների պայմաններում այդ նախագիծը կարող է ռազմավարական ցամաքային կապ ապահովել Իրանի եւ Եւրոպայի միջեւ եւ նպաստել արտահանման ու ներմուծման ծաւալների աճին։
Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի ներքաղաքական փոփոխութիւնները, այդ թւում՝ նախարարների հնարաւոր փոփոխութիւնը, չեն ազդի Թեհրան-Երեւան յարաբերութիւնների վրայ։



