Գիտակցւած ընտրութեան հրամայականը
Աւարտւեց խորհրդարանական ընտրութիւնների թեկնածուների քարոզարշաւը: Վաղը՝ մարտի 1-ին կը կայանան ընտրութիւնները, իսկ շատ շուտով մենք կը շնորհաւորենք ու յաջողութիւն կը մաղթենք 12-րդ գումարման խորհրդարանում իրանահայութեանը ներկայացնող երկու պատգամաւորներին, ովքեր էլ որ նրանք լինեն, քանզի նրանց ենք վստահելու իրանահայ համայնքի շահերի պաշտպանութեան պարտականութիւնն առաջիկայ չորս տարիների ընթացքում:
Իսկ մինչ այդ, կարեւոր պարտականութիւն ունենք կատարելու մենք՝ ընտրողներս: Վաղը, որոշողը մենք ենք լինելու: Մենք մէկ շաբաթ ապրեցինք ընտրական թոհ ու բոհում, ծանօթացանք առաջադրւած թեկնածուների գաղափարներին ու ծրագրերին, հասկացանք, թէ նրանք ինչ գաղափարախօսութիւն, քաղաքական ու հասարակական ծրագրեր ունեն, ինչքանով են ծանօթ մեր համայնքային ու համազգային կեանքի խնդիրներին եւ առաջնահերթութիւններին եւ ինչպէս են պատկերացնում դրանց կարգաւորումն ու կեանքի կոչումը:
Մէկ շաբաթ շարունակ մենք հնարաւորութիւն ունէինք զանազանելու, ինչպէս ժողովուրդն է ասում, թացը՝ չորից, ճիշտը՝ սխալից, իրականը՝ կեղծից:
Արդ, վրայ է հասել վճռորոշ պահը: Վաղը այդ մենք ենք լինելու, որ իրացնելով ընտրելու մեր քաղաքացիական իրաւունքը, որոշելու ենք մեր վաղւայ օրւայ ուղեգիծը: Մենք ենք որոշելու, թէ մարդկային, գաղափարական ու քաղաքական ինչպիսի որակներով ենք ցանկանում ներկայացւած լինել յաջորդ խորհրդարանում: Մենք ենք ճշտելու, թէ որոնք են մեր համայնքային ու համազգային առաջնահերթութիւնները, եւ ինչպիսի մակարդակով ենք պատկերացնում դրանց վեր հանումն ու արծարծումը երկրի օրէնսդիր մարմնի բարձր ամբիոնից:
Քւէն քաղաքացու ուժի մարմնաւորումն է, որից ծնւում է քաղաքացիական իրաւունքը, որն էլ իր հերթին ենթադրում է պատասխանատւութիւն: Եւ հէնց պատասխանատւութեան այդ բարձր գիտակցումով է, որ մենք պէտք է արժեւորենք մեր քւէն, ընտրելով նրանց /խօսքն իրանահայ զոյգ պատգամաւորների մասին է/, ովքեր կը գործեն հեռատեսօրէն եւ արդիւնաւէտ, կը գործեն ժողովրդի հետ եւ միայն նրա համար սկզբունքով, միաժամանակ տուրք չտալով ամբոխավարութեանն ու ցուցականութեանը, ունակ կը լինեն գործօն մասնակցութիւն ցուցաբերելու երկրում առկայ հասարակական-տնտեսական բազմաբնոյթ եւ բազմաբովանդակ խնդիրների կարգաւորման գործում, կացութիւնը բարեփոխելու նպատակով կառաջնորդւեն գաղափարական-քաղաքական յստակ ուղղւածութեամբ, պահի գիտակցման պատասխանատւութեան իրական քայլերով՝ իրանահայ համայնքին հեռու պահելով քաղաքական անհարկի տատանումներից ու արկածախնդրութիւններից:
Համաիրանական, համահամայնքային եւ համազգային մակարդակներում մենք ունենք քաղաքական, հասարակական եւ տնտեսական բազմաթիւ հիմնահարցեր, որոնց յաղթահարման ուղիների հաւաստանշումը պէտք է դառնայ մեր ընտրութեան առանցքը:
Մեր ընտրութեան գործում առաջնային նշանակութիւն պէտք է ունենայ համաիրանական, համահամայնքային եւ համազգային քաղաքական, հասարակական եւ տնտեսական կենսական շահերի պաշտպանութեան եւ իրացման յստակ ծրագրերի իրականացման հարցը:
Հէնց այս սկզբունքներն են, որ պէտք է լուսաւորեն այն մայրուղին, որով շարժւելու ենք մենք՝ ընտրութիւն կատարելիս: Այլապէս, կը ձախողենք ամէն ինչ եւ դրա պատասխանատւութիւնը եւ, բնականաբար, անմիջական հետեւանքներն առաջինը կը կրենք հէնց մենք՝ շարքային քաղաքացիներս: