Մեքենաներից արտանետւող գազերը կարող են բարձրացնել ճարպակալման եւ դիաբետի վտանգը
Բրիգամ Եանգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ դիզելային շարժիչների արտանետւող գազերի ազդեցութիւնը մկների մօտ կապւած է ճարպային զանգւածի աւելացման, ճարպաբջիջների սերտաճի, ինսուլինի հանդէպ ռեզիստենտութեան եւ օրգանիզմում բորբոքման հետ։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են International Journal of Molecular Sciences (IJMS) ամսագրում։
Հետազօտութեան առաջին փուլում գիտնականները լաբորատոր մկներին բաժանել են երկու խմբի։ Վեց շաբաթւայ ընթացքում առաջին խումբը շնչել է սենեակի օդ, իսկ երկրորդ խումբը՝ դիզելային շարժիչներից արտանետւող գազերի մասնիկներ շաբաթը հինգ օր, 30 րոպէով։ Փորձի աւարտից յետոյ հետազօտողները մկներից վերցրել են ճարպահիւսւածքի նմուշներ լաբորատոր ուսումնասիրութեան համար։
Արդիւնքները ցոյց են տւել, որ արտանետւող գազերի մասնիկները աւելացրել են ճարպային բջիջների չափը, ինչը կապւած է եղել օրգանիզմում բորբոքման եւ ինսուլինի մետաբոլիզմի խափանումների հետ։ Գիտնականները նշել են, որ ճարպային հիւսւածքը արձագանգում է քիմիական նիւթերով աղտոտմանը, որոնք բորբոքում են առաջացնում։ Բորբոքման ուժեղացումը կարող է յանգեցնել սրտի հիւանդութիւնների, երկրորդ տեսակի դիաբետի եւ աուտոիմունային հիւանդութիւնների։
Մկների մօտ, որոնք ենթարկւել էին աղտոտող նիւթերի ազդեցութեանը, աւելացել է նաեւ ենթամաշկային եւ վիսցերալ (շրջապատող օրգանի) ճարպի քանակութիւնը։
Գիտնականները ենթադրել են, որ նման հետեւանքներ կարող են լինել նաեւ մարդկանց մօտ։ Հետազօտութեան հեղինակների կարծիքով՝ ճարպակալման եւ դիաբետի վտանգի գործօնները, որոնք կապւած չեն դիետայի հետ, պէտք է հաշւի առնւեն մետաբոլիկ առողջութեան բարելաւման մասշտաբային ռազմավարութիւնը մշակելիս։
News.am