Գաղափարական

Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարանը

Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարանը հիմնադրւել է 1915 թւականին՝ Ժնեւում: Թանգարանի ձեւաւորման համար հիմք են ծառայել հետեւեալ նմուշները. «Ալբոմ բաց նամակների համարէ, ՀՅԴ հիմնադիր անդամ Քրիստափոր Միքայէլեանի պորտֆելը եւ Վասպուրականի ասեղնագործութեան մի փոքրիկ օրինակ: Այդ մասին են վկայում երկու պարզ, խունացած ձեռագիր էջեր, որոնք իրաւամբ համարւում են թանգարանի «ծննդեան վկայականը: Պահպանւած փոքրիկ մի ցուցանակ յուշում է, որ թանգարանի հիմնադիրն է Արտաշէս Վանարեանը (Արտաշէս Հացագործեան 1890-1930 թւականներին): Այնուհետեւ թանգարանը տեղափոխւում է Փարիզ, ուր այն տնօրինում ու պահպանում են յայտնի դաշնակցական գործիչներ Պապաշան՝ Լեւոն Թադէոսեանը (հաւանաբար մինչեւ 1935 թւականը), ապա Գերասիմ Բալայեանը՝ մինչեւ 1959 թւականը: Փարիզում թանգարանը վերածւում է հայ ոգու եւ ինքնութեան պահպանման, հայեցի դաստիարակութեան կենտրոնի: Սփիւռքեան գործունէութեան շրջանում թանգարանի վերջին տնօրէնը եղել է Կարօ Մեհեանը (Ղազարոսեան):

2006 թւականի յունւարին «Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարանը փոխադրւել է Հայաստան: Թանգարանը վերաբացւել է 2007 թւականի յուլիսի 6-ին՝ Երեւանում գտնւող ՀՅԴ Քրիստափոր Միքայէլեան կենտրոնում: Այս կենտրոնում են գործում նաեւ ՀՅԴ Բիւրոյի Կենտրոնական գրասենեակը, Հրայր Մարուխեանի անւան ՀՅԴ գրադարանը եւ այլ գրասենեակներ: Տարածքի հնարաւորութիւններից ելնելով մշտական ցուցադրութեան համար ընտրւել է միայն մէկ թեմա՝ «Հայաստանի Առաջին Հանրապետութեան պատմութիւնը»: Աւելի ստոյգ՝ Հ. Յ. Դաշնակցութեան դերակատարութիւնը Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտման գործում եւ 1918-1921 թւականներին կուսակցութեան ծաւալած գործունէութիւնը՝ Հայրենի պետականութեան պայմաններում:

2008 թւականին ՀՅԴ պատմութեան թանգարանը վերակազմւեց «Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ»-ի:

Թեմատիկ առումով թանգարանի հաւաքածուների գերակշռող մասը վերաբերում է ՀՅԴ գործունէութեանն ու պատմութեանը՝ սկսած հիմնադրումից ու հիմնադիրներից, նրանց գործը շարունակող յետագայ կուսակցական-ազգային անւանի գործիչներից՝ մինչեւ ազգային ազատագրական ու քաղաքական պայքարում դերակատարութիւն ունեցած անձերի վերաբերող նիւթերը (փաստաթղթեր, հրապարակումներ, յուշագրութիւններ, լուսանկարներ, անձնական իրեր եւ այլն): Քիչ չեն անկուսակցական, երբեմն նաեւ այլ կուսակցութիւնների անդամ հանդիսացած դէմքերին վերաբերող նիւթերը: Բացի այդ, սկսած հիմնադրման առաջին իսկ օրից, «ՀՅԴ պատմութեան թանգարան»-ում գիտակցաբար եւ նւիրւածութեամբ հաւաքւել եւ պահպանւել են ազգային-պատմական ու մշակութային արժէք ներկայացնող բազմաթիւ առարկաներ, ինչպէս եւ Եւրոպայի պատմութեանն ու մշակոյթին առնչւող ցուցանմուշներ:

Ժամանակագրական առումով թանգարանի հաւաքածուներն ընդգրկում են 19-րդ դարի վերջից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատւածը, իսկ աշխարհագրական առումով՝ գրեթէ բոլոր այն երկրները, որտեղ եղել են հայկական գաղթօջախներ եւ որտեղ գործել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:

Թանգարանի ցուցանմուշների բազմազանութիւնը հնարաւորութիւն է ընձեռում, բացի թեմատիկ մօտեցումից, նիւթերը խմբաւորել նաեւ տարաբնոյթ հաւաքածուների մէջ: Այնպէս, որ թանգարանի հաւաքածուները կարող են հետաքրքրել ոչ միայն պատմութեամբ, այլեւ արխիւագիտութեամբ, քարտէզագրութեամբ, գրականութեամբ, ձեռագրագիտութեամբ, լուսանկարչութեամբ, տարազով, ասեղնագործութեամբ, դեկորատիւ-կիրառական արւեստով եւ այլ թեմաներով հետաքրքրւողներին: Կարեւորութեան առումով դժւար է գերագնահատել ցուցանմուշների մեծ մասի արժէքը: Դրանք պատմական իրադարձութիւնների, յայտնի գործիչների ու անհատների նկարագրի ու կենսագրութեան վրայ լոյս սփռող նիւթեր են, որոնք անկախ իրենց նիւթական կամ գեղարւեստական արժէքից, ունեն պատմական կարեւոր նշանակութիւն:

Related Articles

Back to top button