Մայիս 28-ի առիթով

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Մայիս 28-ը, հայ ժողովրդի յարութեան եւ վերազարթօնքի տօնն է:
Մայիս 28-ը, հայ ժողովրդի լինել չլինելու վճռահատման օրն է որով հայը, հակառակ ցեղասպան թուրքի կամքին, վճռեց լինել, ապրել, շատանալ ու ստեղծագործել:
Մայիս 28-ը, հայ ժողովրդի վեց դար ստրկութեան խաւարից ծնւած լուսաշող աստղն է, որը պարգեւեց հային ազատութիւն ու անկախութիւն:
11-12 դարերում, պատմական իրադարձութեանց աննպաստ զարգացումների բերումով, կործանւում է հայոց վերջին թագաւորութիւնը եւ Հայաստանը ընկնում է թուրքերի տիրապետութեան ու ստրկութեան տակ:
Թուրքը տիրանալով մեր երկրին, սկսում է սեփականացնել մեր հայրենիքը որի իրականացման համար, հայ ժողովուրդը իր բուն հայրենիքում, պիտի ձուլւէր կամ ոչնչացւէր:
Թուրքը դարեր շարունակ, դժոխային միջոցներով փորձեց հային ձուլելով եւ թրքացնելով սեփականացնել նրա երկիրը եւ երբ համոզւեց, որ այդ դիւային միջոցները էֆէկտիւ չեն Հայաստանը հայաթափելու, 19-րդ դարի 90-ական թւականից անցնում է թրքավարի միջոցի՝այն է հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացման:
Թուրքը ցեղասպանութեամբ հայաթափելով արեւմտեան Հայաստանը, 1918 թւականին յարձակւում է Հայաստանի վրայ բնաջնջելու եւ հայաթափելու նաեւ արեւելեան Հայաստանը:
Հայ ժողովրդի լինելու հարցն էր սեղանի վրայ դրւած եւ ամբողջ հայութիւնը մէկ մարդու նման ոտքի ելաւ եւ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսիայի հերոսամարտերով թէ՛ պարտութեան մատնեց հայ ժողովրդի ջարդարարին, եւ թէ՛ փրկեց արեւելեան Հայաստանի հայութեանը բնաջնջումից:
Փառաւոր յաղթանակներից յետոյ, 1918 թ.-ի Մայիս 28-ին հռչակւեց Հայաստանի Հանրապետութիւնը եւ հայը, 600-ամեայ ստրկութիւնից յետոյ վերականգնեց իր կորցրած անկախ պետականութիւնը:
ՀՀ-ի ծնունդը փաստօրէն հայ ժողովրդի 18-րդ դարից սկսած ազատագրական շարժումների տրամաբանական հետեւանքն էր:
ՀՀ-ը, հայ ազատամարտի բիւրաւոր նահտակների անձեռակերտ յուշարձանն է:
Հայ ժողովրդի նոր դարաշրջանի պատմութեան լուսաւոր եւ պանծալի էջերից է 1918 թ.-ի Մայիս 28-ը:
Թէեւ մեր անկախ պետութիւնը երկու կէս տարի աւել կեանք չունեցաւ ու խորտակւեց, Լենինի եւ Աթաթուրք գլխաւորութեամբ, Թուրքերի ու Բոլշեւիկների անսուրբ դաշինքով սակայն մեզ տւեց ուսանելի դասեր ըստ այսմ.-
1- Չնայած որ թուրքը յաջողեց հայաթափել եւ նւաճել արեւմտեան Հայաստանը սակայն Մայիսեան հերոսամարտերի շնորհիւ, չհասաւ կոտորել ու հայաթափել արեւելեան Հայաստանը:
2- Եթէ մինչեւ Մայիս 28-ը, հայը տարւած էր տեղայնական մտորումներով, ՀՀ-ի ստեղծումով, հայը դադարեց Ռուսահայ, Պարսկահայ, Թուրքահայ եւ այլնի լինելուց եւ հայեացքը սեւեռեց մէկ ազգ եւ մէկ հայրենիքի գաղափարին:
3- 600 տարւայ ստրկութեան ժանգոտած շղթան, հայի ուսերից արդէն իջել էր նաեւ նրա հոգու վրայ, Մայիս 28-ը փշրեց այդ ստրկական հոգեբանութիւնը եւ հայի մէջ արմատաւորւեց ազատութեան ու անկախութեան գաղափարը:
4- Եթէ ստեղծւած չլինէր ՀՀ-ը, Բոլշեւիկեան 11-րդ բանակի ներխուժումով, չէր ստեղծւել Խորհրդային Հայաստանը այլ մի ինչ որ ինքնավար մարզ կամ ինքնավար հանրապետութիւն, ենթակայ Ադրբեջանին կամ Վրաստանին:
5- Մայիս 28-ի գաղափարն էր որ հայը շուրջ 70 տարի իր մտքում ու հոգում պահելով միահամուռ կերպով 1991 թ.-ի սեպտեմբեր 21-ին քւէարկեց յօգուտ իր անկախութեան:
6- Մայիս 28-ի գաղափարն էր, որ ոտքի հանեց Արցախի քաջարի զաւակներին եւ հայկական զանազան կամաւորական խմբերին, որոնք իրենց խիզախ պայքարների շնոհիւ եւ համայն հայութեան անվերապահ զօրակցութեան, կերտեցին անկախ Ղարաբաղի Հանրապետութիւնը որն դժբախտաբար, հէնց Ա Հանրապետութեան նման որ խորտակւեց Լենին-Աթաթուրք դաւադրութեամբ, Արցախի Հանրապետութիւնն էլ կործանւեց, Փաշինեան-Ալիեւ դաւադիր համագործակցութեամբ:
Բիւր յարգանք ազատութեան համար զոհւած ազատամարտիկներին:
Փառք Մայիս 28-ը կերտողներին:
Նոր Ջուղա
22.5.2026 թ.



