
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ Այաթ. Սէյէդ Ալի Խամենէին, այսօր՝ առաւօտեան, Իմամ Ալիի ծննդեան օրւայ եւ գեներալ Սոլէյմանիի նահատակութեան 6-րդ տարելիցի առիթով հանդիպել է 12-օրեայ պատերազմի նահատակների ընտանիքների հետ: Հանդիպման ընթացքում, նա շեշտել է ազգային միասնութեան պահպանման եւ թշնամու «փափուկ պատերազմի» դէմ համընդհանուր զգօնութեան անհրաժեշտութիւնը։
Իս.յեղափոխութեան առաջնորդի խօսքով՝ թշնամիները, ռազմական դաշտում անյաջողութիւնից յետոյ, փորձում են հասարակութեան մէջ անվստահութիւն, յուսահատութիւն եւ երկմտանք տարածել՝ օգտագործելով ապատեղեկատւութիւն, սուտ, ասեկոսեներ եւ հոգեբանական ազդեցութեան այլ մեթոդներ։ Նա ընդգծել է, որ նման պայմաններում ժողովրդի թուլացումը կարող է խոչընդոտել երկրի նպատակների իրականացմանը, քանի որ «երկրի հիմնական ուժը ժողովրդի կամքն ու մասնակցութիւնն է»։
Այաթ. Խամենէին նշել է, որ թշնամու հիմնական նպատակը ժողովրդի մոտիւացիայի նւազեցումն է եւ ազգային կարողութիւնների ժխտումը։ Նրա խօսքով՝ որոշ արտաքին կենտրոններ, ինչպէս նաեւ ներսում գտնւող որոշ խմբեր, միտումնաւոր անտեսում կամ թաքցնում են երկրի գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումները՝ հասարակության մէջ հիասթափութիւն առաջացնելու նպատակով։
Իսլ. Յեղափոխութեան գերագոյն առաջնորդը որպէս օրինակ, անդրադարձել է Իրանի վերջին գիտատեխնիկական առաջընթացներին, այդ թւում՝ մէկ օրւայ ընթացքում երեք արբանեակի արձակմանը եւ օդատիեզերական, բժշկական, նանոտեխնոլոգիական ու պաշտպանական ոլորտներում գրանցւած զարգացումներին՝ նշելով, որ այդ ձեռքբերումները իրականացւել են ծանր պատժամիջոցների պայմաններում եւ վկայում են երկրի մարդկային մեծ ներուժի մասին։
Նա նաեւ յայտարարել է, որ հէնց այս կարողութիւններն են ստիպել հակառակ կողմին 12-օրեայ պատերազմի ընթացքում պահանջել ռազմական գործողութիւնների դադարեցում:
Յեղափոխութեան առաջնորդն ընդգծել է, որ Իրանը վստահութիւն չունի «թշնամական կողմի յայտարարութիւնների» նկատմամբ։
Աայթ. Խամենէին անդրադարձել է նաեւ վերջին օրերի իրադարձութիւններին եւ սոցիալ-տնտեսականհողի վրայ արձանագրւած բողոքներին՝ նշելով, որ ազգային արժոյթի արժեզրկումը եւ արտարժոյթի շուկայի անկայունութիւնը լուրջ խնդիրներ են տնտեսվարողների համար։ Նա տնտեսվարողների դժգոհութիւնը համարել է հիմնաւոր, ընդգծելով, որ երկրի ղեկավարութիւնը տեղեակ է խնդրից եւ աշխատում է լուծումների ուղղութեամբ։
Միեւնոյն ժամանակ, Յեղափոխութեան գերագոյն առաջնորդն անընդունելի է համարել բողոքների շահարկումը եւ դրանց վերածումը անկարգութիւնների՝ նշելով, որ որոշ խմբեր, թշնամական դրդապատճառներով, փորձում են օգտագործել սոցիալ-տնտեսական դժգոհութիւնները երկրի ներքին կայունութիւնը խաթարելու համար։ Նրա խօսքով՝ «բողոքը եւ անկարգութիւնը տարբեր բաներ են», եւ պետութիւնը պարտաւոր է տարբերակել օրինական պահանջը կազմակերպւած խռովութիւններից։
Ելոյթի աւարտին այաթ. Խամենէին յայտարարել է, որ երկիրը չի ընկրկելու արտաքին ճնշումների առջեւ եւ շարունակելու է դիմակայել տեղեկատվական ու քաղաքական ճնշումներին՝ հենւելով ժողովրդի համախմբւածութեան վրայ։



