ԽմբագրականՀՅԴ Մամուլ

ԱԿՆԱՐԿ. ՎԵՆԵԶՈՒԵԼԱ. ԱՄԵՐԻԿԵԱՆ ՆԷՈԻՄՊԵՐԻԱԼԻԶՄՆ ԱՌԱՆՑ ԴԻԱՄԿԻ

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Վենեզուելայի դէմ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան եւ երկրի ընտրւած նախագահի՝ Նիկոլաս Մադուրոյի ու նրա կնոջ առեւանգումը, ոչ միայն միջազգային իրաւունքի բացայայտ ոտնահարման փաստ են, այլեւ 21-րդ դարում նէոիմպերիալիստական մտածողութեան ամենակոպիտ եւ մերկ դրսեւորումներից մէկը։ Անկախ այն հանգամանքից, թէ ինչ քաղաքական կամ գաղափարական գնահատականներ կարող են տրւել Վենեզուելայի իշխանութիւններին, որեւէ պետութեան ղեկավարի նկատմամբ արտաքին ռազմական միջամտութիւնը եւ ուժի կիրառումը ՄԱԿ-ի կանոնադրութեան, միջազգային իրաւունքի հիմնարար նորմերի եւ պետութիւնների ինքնիշխանութեան սկզբունքի կոպիտ խախտում են։ Սա ոչ թէ «ժողովրդավարութեան պաշտպանութիւն» է, այլ ուժի լեզւով պարտադրանք՝ քողարկւած «նարկոբիզնեսի դէմ պայքարի անհրաժեշտութեան» պատճառաբանութեամբ։

ԱՄՆ-ի գործողութիւնները վտանգաւոր են ոչ միայն Վենեզուելայի, Լատինական Ամերիկայի, այլ ամբողջ միջազգային համակարգի համար։ Դրանք միջազգային ընդունւած նորմերից վեր, ինքնագործունէութեան հերթական վտանգաւոր դրսեւորումն են, երբ Սպիտակ տունն ինչպէս միշտ իրեն վերապահում է դատաւորի, դատախազի եւ կատարողի դերերը միաժամանակ՝ անտեսելով բազմակողմ դիւանագիտութիւնը, միջազգային ինստիտուտները, իրաւունքը եւ կանոնները։ Այս վարքագիծը խարխլում է առանց այն էլ ճգնաժամային վիճակում գտնւող միջազգային կարգը եւ աշխարհն աւելիով է մխրճում ուժի սանձազերծութեան եւ պարտադրանքի ու կամայականութեան վրայ հիմնւած անկայուն համակարգում, որտեղ անկախ պետութիւնները մշտապէս գտնւում են սպառնալիքի տակ։

Վենեզուելայի պարագայում, իհարկէ, այս ագրեսիւ քաղաքականութեան իրական շարժառիթներն ակնյայտ են։ Նախ՝ խօսքը գնում է աշխարհի խոշորագոյն նաւթային պաշարների, ինչպէս նաեւ բնական այլ ռազմավարական ռեսուրսների նկատմամբ վերահսկողութիւն սահմանելու մասին։ Տասնամեակներ շարունակ Վաշինգտոնը չի թաքցրել իր դժգոհութիւնն այն կառավարութիւններից, որոնք փորձել են ինքնուրոյն տնօրինել սեփական պաշարները եւ դրանք ծառայեցնել ազգային քաղաքականութեան նպատակներին՝ դուրս գալով ամերիկեան տնտեսական եւ քաղաքական ազդեցութեան գօտուց։ Նաւթը Վենեզուելայի դէպքում ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ինքնիշխանութեան առանցքային գործօն է, եւ հէնց այդ ինքնիշխանութեան դէմ է ուղղւած Վաշինգտոնի անօրինական ռազմական միջամտութիւնը։

Երկրորդը՝ Վենեզուելայի իրադարձութիւնները պէտք է միանշանակ դիտարկել Մոնրոյի դոկտրինի տրամաբանութեան շրջանակում, երբ 21-րդ դարի պայամններում եւ գերտէրութիւնների մրցակցութեան ֆոնին, Վաշինգտոնը փորձում է պահպանել իր աւանդական գերակայութիւնը արեւմտեան կիսագնդում: Վենեզուելան, լինելով Չինաստանի առանցքային գործընկերներից մէկը Լատինական Ամերիկայում, վերածւել էր Չինաստանի համար ռազմավարական յենակէտի ԱՄՆ-ի անմիջական «յետնաբակում»։ Սա Սպիտակ տան կողմից ընկալւում էր որպէս մարտահրաւէր, յատկապէս Թրամփի վարչակազմի շրջանում, երբ Չինաստանի գլոբալ վերելքը դիտարկւում է խիստ մտահոգութեամբ։ Այդ համատեքստում ԱՄՆ-ի կողմից Վենեզուելայի նկատմամբ տնտեսական ճնշումները, քաղաքական մեկուսացման փորձերը, տարածաշրջանային դաշնակիցների ակտիւացումը եւ վերջապէս ռազմական ագրեսիան կարելի է մեկնաբանել որպէս Մոնրոյի դոկտրինայի արդիականացւած կիրառութիւն՝ չինական տնտեսական ու ռազմավարական ներթափանցման դէմ ուղղւած, այսինքն՝ փորձ կանխելու Պեկինի ամրապնդումը Լատինական Ամերիկայում ամենակոշտ միջոցներով:

Իհարկէ այս ամէնը պատմականօրէն նոր չէ Լատինական Ամերիկայի համար։ 20-րդ դարի 40-ից 70-ական թւականներին այդ տարածաշրջանը դարձաւ ԱՄՆ-ի կոպիտ միջամտութիւնների ասպարէզ՝ «կոմունիզմի դէմ պայքարի» պատրւակով։ Տխրահռչակ United Fruit Company-ի, ինչպէս նաեւ այլ ամերիկեան կորպորացիաների սերտ համագործակցութիւնը CIA-ի հետ, հանգեցրին Գւատեմալայում, Բրազիլիայում, Արգենտիայում, Չիլիում, Նիկարագուայում, Դոմինիկեան Հանրապետութիւնում եւ այլ երկրներում ընտրւած իշխանութիւնների տապալմանը։ Ազգային առաջնորդները ներկայացւում էին որպէս «սպառնալիք ազատ աշխարհին», իսկ իրականում նրանք խոչընդոտում էին ամերիկեան կապիտալի սահմաններ չճանաչող շահամոլութիւնը եւ տեղական ռեսուրսների թալանը։

Այդ միջամտութիւնների հետեւանքով իշխանութեան գլուխ եկան հիմնականում զինւորական խունտաներ՝ հակաժողովրդավարական, բռնապետական եւ խորապէս կոռումպացւած։ Դրանք ամբողջութեամբ կախւած էին Վաշինգտոնից՝ թէ՛ ռազմական, թէ՛ տնտեսական, թէ՛ քաղաքական իմաստով։ Ժողովուրդները վճարեցին հսկայական գին՝ հազարաւոր զոհեր, անհետացումներ, խոշտանգումներ եւ տասնամեակներով ձգւող քաղաքական եւ սոցիալական յետընթաց։ Սակայն ամերիկեան քաղաքական վերնախաւը երբեք պատասխանատւութիւն չկրեց իր անմիջական իմացութեամբ եւ աջակցութեամբ իրականացւած այդ յանցագործութիւնների համար։

Այսօր Վենեզուելայի շուրջ զարգացող իրադարձութիւնները այդ նոյն փորձի շարունակութիւնն են, բայց արդէն 21-րդ դարի ձեւաչափով։ Զինւորական խունտաների փոխարէն առաջ են մղւում «ժողովրդավարական» մարիոնետ գործիչներ, մարդու իրաւունքների տեսքով փաթեթաւորւած արտաքին կառավարում, որի նպատակը նոյնն է՝ Վաշինգտոնին ենթակայ իշխանութեան ձեւաւորում։ Սա 21-րդ դարի չափորոշիչներին համապատասխան նուրբ, բայց ոչ պակաս վտանգաւոր մեթոդ է, քանի որ այն քայքայում է ինքնիշխանութիւնը ներսից՝ օրինականութեան պատրանք ստեղծելով։

Վենեզուելայի դէմ իրականացւող գործողութիւնը, հետեւաբար, պէտք է ընկալել ոչ թէ որպէս առանձին դէպք, այլ որպէս ամերիկեան նէոիմպերիալիզմի հերթական դրսեւորում։ Սա ամերիկեան համակարգային քաղաքականութիւն է, որը չի հաշտւում անկախ պետութիւնների եւ բազմաբեւեռ աշխարհի գաղափարի հետ եւ փորձում է պահպանել գլոբալ գերիշխանութիւնը՝ ճնշումների, պատժամիջոցների եւ անհրաժեշտութեան դէպքում՝ ռազմական միջամտութիւնների միջոցով։ Եթէ այս քաղաքականութիւնը հերթական անգամ չարժանանայ համարժէք եւ համաչափ միջազգային արձագանքի, այն կրկին կը ծնի նոր միջամտութիւններ, նոր ճգնաժամեր եւ նոր պատերազմներ։

Վերջիվերջոյ հարցը միայն Վենեզուելայի մասին չէ։ Խօսքը միջազգային համակարգի ապագայի, անկախ պետութիւնների ինքնիշխան իրաւունքի եւ միջազգային իրաւունքի իմաստի մասին է։ կայ յստակ բանաձեւ. Եթէ ուժեղը կարող է անպատիժ կերպով խախտել կանոնները, ապա այդ կանոնները դադարում են գոյութիւն ունենալուց։ Իսկ այդպիսի աշխարհում անվտանգ չի կարող լինել ոչ ոք։ Մենք այսօր ականատեսն ենք ամերիկեան նէոիմպերիալիզմի հերթական երկունքին, իսկ պատմութիւնը բազմիցս ցոյց է տւել, որ նման երկունքները երբեք լաւ աւարտ չեն ունենում:

Related Articles

Back to top button