ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ TRIPP նախագծի մասին. «Հայ գործընկերները մեզ վստահեցրել են, որ Հայաստանը երբեք չի դառնայ սպառնալիքի աղբիւր Թեհրանի համար»

ՀՀ-ում՝ ԻԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին վստահեցնում է, որ Հայաստանի եւ Իրանի համագործակցութիւնը տարբեր ոլորտներում արագ տեմպերով առաջ է գնում։ Նրա գնահատմամբ՝ տնտեսութեան, առեւտրաշրջանառութեան եւ համատեղ իրականացւող նախագծերում փոխգործակցութիւնը ցայտուն կերպով երեւում է։
Հայաստանում Իրանի դեսպանն այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է մամլոյ ասուլիսի ժամանակ:
Մամլոյ ասուլիսի ընթացքում դեսպանն անդրադարձել է Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնների ներկայ փուլին, երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերութեան փաստաթղթի ստորագրման հաւանական ժամկէտներին, TRIPP նախագծի վերաբերեալ Իրանի դիրքորոշմանը, Իրանի գործընկեր երկրների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հնարաւոր ազդեցութեանը Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական համագործակցութեան վրայ եւ այլ հարցերի։
Նոյն կապաակցութեամբ News.am-ի մեկնաբանութեամբ ԻԻՀ դեսպանը կոշտ ձեւակերպմամբ է մեկնաբանել ՀՀ իշխանութիւնների կեցւածքը կապւած տարածաշրջանային զարգացումներին եւ նշել. «Կարծիք է ձեւաւորւում, թէ ՀՀ-ն Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրւած ուժերի գործունէութեան կենտրոն է դառնում»:
«Նիւզ»-ը յաւելել է, որ այս կապակցուեամբ փորձել է ստանալ ՀՀ Ազգային անվտանգութեան խորհրդի գլխաւոր քարտուղար Արմէն Գրիգորեանի մեկնաբանութիւնը: Վերջինս սակայն հրաժարւել է մեկնաբանել նշելով, որ դեռ ծանօթ չէ ասուլիսի ընթացքում արւած յայտարարութիւններին:
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ-ը յայտարարել է, որ ՀՀ-ում հաւատարմագրւած դեսպանների, այդ թւում ԻԻՀ դեսպանատան անվտանգութիւնը եւ բնականոն գործունէութեան անհրաժեշտ պայմանները երաշխաւորւած են:
Նշենք, որ դեսպան Շիրղոլամին մամլոյ ասուլիսի ժամանակ իր դժգոհանքն էր յայտնել դեսպանատան դիմաց՝ օրերս կազմակերպւած ցոյցերի կապակցութեամբ, որ տեղ Իրանի համակարգի եւ ղեկավարութեան հասցէին անյարգալից յայտարարութիւններ են արւել:



