Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պարտւողա-կապիտուլիացիոն դիւանագիտութեան հետքերով

Մինչ պաշտօնական Հայաստանի քաղաքական օրակարգում Բաքւում բռնադատւող եւ խոշտանգւող հայ ռազմագերիների եւ այլ պահւող անձանց վերադարձի հարց պարզապէս չկայ, մինչ պաշտօնական Հայաստանի քաղաքական օրակարգում տեղ չունի Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան խնդիրը, մինչ պաշտօնական Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում լռում կամ աւելին՝ խոչընդոտում է եւ մերժում բարձրաձայնել Արցախում ընթացող հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգութեան ցեղասպանութեան խնդիրը, մինչ պաշտօնական Հայաստանը չի խօսում արցախահայութեան Վերադարձի իրաւունքինց, մինչեւ վարչախումբը պաշտօնապէս յայտարարում է եւ գլխաւորում թշնամական արշաւը մեր ինքնութեան յենասիւն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝ արհեստական եւ ցեղասպան պետութիւն Ադրբեջանը շարունակում է իւրացնել մեր հազարամեայ ժառանգութիւնը՝ միջազգային տարածքներում ամրապնդելով այսպէս կոչւած Արեւմտեան Ադրբեջանի խօսոյթն ու գաղափարախօսութիւնը։

Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կողմից կազմակերպւած բացօթեայ ցուցահանդէսում ցուցադրւել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից եւ Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպէս իրենց՝ ադրբեջանցիների, այսպէս կոչւած «պատմական հայրենիքում մշակութային ներկայութեան վաւերագրութիւններ։

Ինչպէս ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Պարտւողա-կապիտուլիացիոն դիւանագիտութեան եւ նրա օրակարգերում մեր ինքնութեան եւ իրաւունքների պաշտպանութեան տոտալ բացակայութեան ֆոնին, ագրեսոր Ադրբեջանն անցել է յարձակւողական եւ ծաւալապաշտական քաղաքականութեան՝ իւրացնելով մերը, հայկականը՝ տարածքներից մինչեւ քաղաքակրթական ժառանգութիւն։

Հայկական հետքի, հայկականութեան ջնջումը Ադրբեջանում պաշտօնական քաղաքականութիւն է՝ ուղղորդւող եւ կառավարւող հէնց նախագահի կողմից։

Ադրբեջանն աշխատում է, նրանց դիւանագիտութիւնն ագրեսիւ է ու նախաձեռնողական։ Միջազգային տարածքներում ինտենսիւօրէն, Հայաստանի իշխանութիւնների կանաչ լոյսի ներքոյ, Ադրբեջանը լեգիտիմացնում է Արցախի ցեղասպանութիւնը, ներառեալ՝ հոգեւոր-մշակութայինը։

Այս ընթացքում Հայաստանում կարծրանում է բանտ- պետութիւնը, ուր հալածւում է ընդդիմադիր քաղաքական մարդն ու այլախոհ միտքը։

Պաշտօնական Հայաստանն այսպիսով մի կողմից խլացնում է ադրբեջանաթուրքական իրական սպառնալիքը, միւս կողմից՝ վախի ու իրաւական վակխանալիաի մթնոլորդում ճզմւում է հանրութեան կամքը։

Այս ամէնը գին ունի՝ վճարելու ենք բոլորս. «Արեւմտեան Ադրբեջան» կոնցեպտը մտել է նաեւ մեր տարածքներ…. կոյր պիտի լինել սա չտեսնելու համար։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Լուսանկարները տրամադրել է Գագիկ Յակոբեանը

Related Articles

Back to top button