ԻրանՄիջազգային

Իրանը արձագանգել է Զանգեզուրի կեղծ միջանցքի մասին Թուրքիայի չարաբաստիկ յայտարարութեանը

«ԱԼԻՔ» – Իրանի ԱԳՆ խօսնակ Նասեր Քանանին երէկ՝ յունւարի 8-ին արձագանգելով Զանգեզուրի կեղծ միջանցքի մասին Թուրքիայի չարաբաստիկ յայտարարութեանը, ընդգծել է, որ առեւտրային եւ տարանցիկ համագործակցութեան զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների համար։

Parstoday.ir-ի համաձայն՝ թէեւ Իրանը բազմիցս յայտարարել է, որ թոյլ չի տալու աշխարհաքաղաքական ու սահմանային փոփոխութիւններ տեղի ունենան Իրանի հիւսիսում, եւ Հայաստանը նոյնպէս յայտարարել է, որ ոչ մի երկրի միջանցք չի տրամադրելու, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլղադեր Ուրալօղլուն յայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծն աւարտին հասցնել մինչեւ 2028 թւականը։

Իրանի ԱԳՆ խօսնակն այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարարի այս յայտարարութեան մասին ասել է. «Ես տեղեակ չեմ յայտարարութիւնների ճշգրտութեան մասին, բայց մենք ունենք յստակ դիրքորոշում տարածաշրջանում, յատկապէս Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան, միջանցքների ու տարանցիկ անցումների վերաբերեալ։ Մենք ընդգծում ենք տարածաշրջանային համագործակցութեան ընդլայնումը յանուն խաղաղութեան եւ կայունութեան, եւ առեւտրատնտեսական, տրանսպորտային ու տարանցիկ համագործակցութեան»։

«Մենք մշտապէս ընդգծել ենք, որ առեւտրային եւ տարանցիկ համագործակցութեան զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների եւ երկրների տարածքային ամբողջականութեան եւ ազգային ինքնիշխանութեան խախտման համար»,- ասել է Քանանին։

Նշենք, որ Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդն աւելի վաղ զգուշացրել էր միջազգային սահմանների անվտանգութեան վերաբերեալ եւ ասել. «Երկու կողմերը (Երեւանը եւ Բաքուն) չպէտք է ոտնձգութիւն կատարեն միջազգային սահմանների նկատմամբ եւ ահաբեկիչները չպէտք է տեղակայւեն մեր սահմանների մօտ։ Տեղեկութիւններ կան այդ մասին։ Ահաբեկիչները չպէտք է մօտենան մեր սահմաններին, որովհետեւ, եթէ նրանք անեն դա, խիստ պատասխան կը ստանան»:

Related Articles

Back to top button