Վրէժի ժամը. ոսոխը պատժւեց
ԻՅՊԿ ռազմաօդային ուժերն ԱԹՍ-ներով եւ հրթիռներով հարւածել են Իսրայէլին
«ԱԼԻՔ»- Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերն այսօր՝ ապրիլի 14-ի վաղ առաւօտեան տասնեակ անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով հարւածել են Սիոնիստական ռեժիմի տարածքում գտնւող թիրախներին:
Այս կապակցութեամբ ԻՅՊԿ-ն հանդէս է եկել յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշւած է. «Ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան հիւպատոսական բաժնի վրայ Սիոնիստական ռեժիմի իրականացրած յանցագործութեան՝ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը տասնեակ անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով հարւածներ են հասցրել Սիոնիստական ռեժիմի տարածքներում կոնկրետ թիրախների:
Հետեւելով Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմավարական քաղաքականութեանը.
- ԱՄՆ ահաբեկչական կառավարութեանը զգուշացնում ենք, որ Իրանի շահերին հարւածելու ցանկացած գործողութեան աջակցութիւնը եւ մասնակցութիւնը կը յանգեցնի Իրանի Իսլամական Հանրապետութեան ԶՈՒ-ի վճռական եւ ափսոսանք պատճառող պատասխանին:
- Կարեւորելով տարածաշրջանի հարեւան երկրների հետ բարիդրացիութեան քաղաքականութիւնը, զգուշացնում ենք. ցանկացած երկրի տարածքից ԱՄՆ ահաբեկչական կառավարութեան եւ Սիոնիստական ռեժիմի կողմից սպառնալիքին կը հետեւի Իսլամական Հանրապետութեան փոխադարձ եւ համաչափ պատասխանը:
Իրանի հերոս ժողովրդին վստահեցնում ենք, որ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը եւ երկրի միւս բոլոր Զինւած ուժերն ի գին կեանքի՝ կը պաշտպանեն ազգային շահերը եւ կը չէզոքացնեն թշնամիների ջանքերը՝ խաթարելու ժողովրդի անվտանգութիւնը եւ անդորրը»: