Գարիկ Միսակեանը՝ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. «Իրանը պատրաստ չէ այնպիսի համաձայնագրերի, նոյնիսկ ԵԱՏՄ-ի հետ, որը կը վնասի Իրանի ինքնաբաւ տնտեսական համակարգին»
Իրանը կը ստորագրի ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գօտու մասին համաձայնագիրը եւ աշխատանքները կը սկսի Հայաստանից: Թէ ինչ առաւելութիւններ է ենթադրում տւեալ համաձայնագիրը, «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում իրանագէտ Գարիկ Միսակեանը նշեց, որ ընդհանրապէս Իրան-ԵԱՏՄ ցանկացած համագործակցութիւն, Հայաստանի ճիշտ աշխատելու պարագային բաւական մեծ առաւելութիւններ կարող է ենթադրել հէնց Հայաստանի համար, նաեւ հաշւի առնենք այն հանգամանքը, որ իրանական կողմը փորձում է ամէն կերպ աշխատել Հայաստանի հետ եւ զարգացնել տնտեսական յարաբերութիւնները:
Ըստ Միսակեանի՝ առաջին խնդիրը Մեղրիի ազատ առեւտրի գօտին է, որ իրանական կողմը բազմաթիւ անգամ շեշտել է, եւ դրա գործարկումը կարող է մեծապէս խթանել Հայաստան-Իրան առեւտրային յարաբերութիւններին:
«Իրանը ցանկացած պարագային, այդ թւում նաեւ ԵԱՏՄ-ի հետ համագործակցութեան դէպքում, Հայաստանը դիտարկում է որպէս ցամաքային կապ ապահովող երկիր, որը նաեւ միակ երկիրն է Իրանի հարեւաններից, որն անդամակցում է ԵԱՏՄ-ին»,- նշեց նա:
Իրանագէտը շեշտեց, որ Իրանի եւ ԵԱՏՄ համաձայնագիրը վերաբերւում է մի քանի ազատ գօտիների գործարկմանը, եւ եթէ դրանցից ցանկացածը գործարկւի հայ-իրանական սահմանում, ապա բաւականին մեծանալու է նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գօտու գործարկման կարեւորութիւնը:
Միւս կողմից, նաեւ Սիւնիքի ենթակառուցւածքների բարելաւման հարցն է, որը Գարիկ Միսակեանի խօսքով՝ լինելու է Հայաստանի համար առաջնային:
«Այս պարագային, Իրանի հետ ցանկացած տրանսպորտային տարանցման եւ առեւտրաշրջանառութեան բարձրացմանն ուղղւած գործընթացների հիմքում պէտք է դրւի Սիւնիքի ենթակառուցւածքների եւ Սարաֆի շինարարութեան աւարտը»,- յաւելեց նա:
Արդեօք այդ նախագծերի իրականացումն իրատեսական են, թէ՞ ոչ: Միսակեանը պատասխանեց, որ դժւար է ասել, աակայն այն, որ Իրանը փորձում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցութիւնը զարգացնել դա փաստ է, բայց միւս կողմից Իրանը չի գնալու այնպիսի համաձայնագրերի, նոյնիսկ ԵԱՏՄ-ի հետ, որը կը վնասի Իրանի ինքնաբաւ տնտեսական համակարգին:
Նշենք, որ ԵԱՏՄ երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը կարող է ստորագրւել այսօր՝ դեկտեմբերի 25-ին հինգ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Իրանի հետ ԵԱՏՄ-ի ազատ առեւտրի գօտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը նախատեսւում է ստորագրել դեկտեմբերի 25-ին Բարձրագոյն եւրասիական տնտեսական խորհրդի շրջանակում։ Այս մասին ԵՏՀ առեւտրի գծով նախարար Անդրէյ Սլեպնեովը յայտարարել է ճեպազրոյցի ժամանակ։
Ինչպէս նշել է նախարարը, Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կանխատեսումների համաձայն` համաձայնագրի ուժի մէջ մտնելուց յետոյ երկրների ապրանքաշրջանառութիւնն առաջիկայ 5-7 տարիների ընթացքում կարող է հասնել 18-20 մլրդ. դոլարի։