Մարզական

Արման Անդրէասեանը՝ Եւրոպայի չեմպիոն

Արման Անդրէասեանը տպաւորիչ յաղթանակով նւաճեց Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացւող ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնում 70 կգ. քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը յամառ պայքարում 7:3 հաշւով յաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձէին:

Առաջին մրցափուլը Անդրէասեանը սկսեց մեծ ակտիւութեամբ: Մէկ րոպէ անց գորգի մրցավարը վրացի ըմբիշին պասիւութիւն տւեց եւ հաշիւ բացեց: Մրցակիցը հնարքի չգնաց, Անդրէասեանը մէկ միաւոր վաստակեց: Վայրկեաններ անց վրացի մրցակիցը երկու միաւորանոց գցում կատարեց եւ հաշւի մէջ առաջ անցաւ:

Երկրորդ մրցափուլում մրցակիցը եւս մէկ միաւոր վաստակեց Անդրէասեանի պասիւութեան շնորհիւ: 3:1 հաշւից յետոյ Արման Անդրէասեանը մրցակցին երկու անգամ աշխատանքային գորգից դուրս հանեց: Վերջին վայրկեաններին 4 միաւորանոց գցումով հաշիւը դարձրեց 7:3:

Ադրէասեանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշւով պարտութեան էր մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմիսորովին։ Քառորդ երզափակիչում 6:5 հաշւով առաւելութեան էր հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Սէյֆուլա Իտաեւի նկատմամբ: Կիսաեզրափակիչում գօտեմարտեց աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն, Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաեւի հետ եւ յամառ պայքարում յաղթեց 8:5 հաշւով:

Արման Անդրէասեանը աշխարհի բրոնզէ մեդալակիր է, Եւրոպայի փոխչեմպիոն:

Sport.news.am

Related Articles

Back to top button