Մարգար Աղաջանեանը կը գլխաւորի «Լեռնային Արցախ»-ը

«ԱԼԻՔ» – Ուրախութեամբ տեղեկացանք, որ Իրանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզչի նախկին օգնական Մարգար Աղաջանեանը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայում հանդէս եկող «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի գլխաւոր մարզչի պաշտօնը:
Այս կապակցութեամբ ակումբը հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ, որում նշւած է.
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լեռնային Արցախ»-ի գլխաւոր մարզչի պաշտօնը ստանձնել է Մարգար Աղաջանեանը:
Փորձառու մասնագէտը երկար տարիներ ընդգրկւած է եղել Իրանի ազգային հաւաքականի մարզչական շտաբում, որտեղ աշխատել է նաեւ պորտուգալացի Կառլուշ Կէյրուշի հետ:
Իրանի ազգային թիմի հետ Աղաջանեանը մասնակցել է երեք Մունդիալների՝ 2014, 2018 եւ 2022 թթ:
Իրանի օլիմպիական եւ երիտասարդական հաւաքականներում աշխատելու փորձ ունեցող 60-ամեայ մասնագէտը ակումբային կարիերայի ընթացքում մարզչական գործունէութիւն է ծաւալել իրանական «Օղաբ», «Բարղ», «Մես» եւ «Դամաշ» թիմերում:
Մարգար Աղաջանեանի մարզչական շտաբում ընդգրկւել են Սլաւիկ Գաբրիէլեանը, Արա Աբրահամեանը, Լեւոն Մկրտչեանը, Նայիրի Պետրոսեանը եւ Զաուր Արամեանը:
Բարի գալուստ «Լեռնային Արցախ»»:
«ԱԼԻՔ»-ը սրտանց շնորհաւորում է սիրելի Մարգարին՝ նրան մաղթելով յաջողութիւն ստանձնած նոր պաշտօնում: