ԹեհրանՀամայնքՀայաստան - ԱրցախՍփիւռք

Թեհրանի հայոց թեմի կողմից արցախահայութեանն ուղղւած օգնութեան առաջին բեռնաքանակը Հայաստանում է

Հայաստանում է Թեհրանի հայոց թեմի կողմից արցախահայութեանն ուղղւած օգնութեան առաջին բեռնաքանակը։ 17 տոննա բեռը պարունակում է հիգիենային պարագաներ, սննդեղէն ու կաթսաներ։ Վառարաններ ու հիգիենային պարագաներ պարունակող երկրորդ բեռնաքանակը գտնւում է մաքսատանը՝ թղթաբանութեան փուլում է։

Yerkir.am-ը այցելել է Հայ Օգնութեան միութեան պահեստներից մէկը, ծանօթացել ՀՕՄ-ի աշխատանքներին ու վերջին ստացած բեռնաքանակին։

ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչութեան ատենապետ Մարօ Քեշիշեանը ներկայացրեց անցնող ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքները՝ նշելով, որ հասցրել են օգնութիւն տրամադրել ՀՀ տարբեր մարզերում բնակւող Արցախի շուրջ 7000 ընտանիքի։ Օգնութեան ծրագիրը իրականացրել են մի քանի փուլով։ Օգնութեան այս բեռնաքանակը պատրաստւում են ընտանիքներին տրամադրել մինչեւ Ամանոր։

Արցախահայութեանն օժանդակելու Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ Ալֆրէդ Քեշիշեանը նշեց, որ տեղահանւած արցախահայութեան կարիքները ճշտելու համար նախ կապ է հաստատել Հայաստանի Կարմիր Խաչի, Հայ Օգնութեան միութեան (ՀՕՄ)-ի եւ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպութեան (ՀԱՍԿ) հետ, պարզելու համար անհրաժեշտ առաջնային կարիքները: Յետոյ որոշել են օգնութիւնները կենտրոնացնել վերմակներ, ադիալներ եւ տաք հագուստների, ինչպէս նաեւ էլեկտրական վառարանների գնման վրայ։ Առաջին բեռնաքանակում ադիալներից բացի, կայ նաեւ սննդեղէն եւ կաթսաներ։ Նա տեղեկացրեց, որ երկրորդ բեռնաքանակում ներառել են հիգիենային պարագաներ ու էլեկտրական վառարաններ, իսկ երրորդ բեռը ամբողջութեամբ լինելու է վառարաններ։

ՀՕՄ-ի Արցախի մասնաճիւղի վարչութեան փոխատենապետ Մելանիա Բալայեանը երախտագիտութիւն յայտնեց՝ Սփիւռքի մեր հայրենակիցներին, ՀՕՄ-ին, ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցներին եւ իրանահայ համայնքին։

Arfd.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button