Միջազգային

Կիպրական ռէալպոլիտիկ՝ ըստ Քիսինջերի

2024 թւականին կը լրանայ ուղիղ 50 տարի, ինչ Թուրքիայի զինւած ուժերը ներխուժել եւ գրաւել են Միջերկրական ծովում գտնւող անկախ պետութեան՝ Կիպրոսի Հանրապետութեան տարածքի շուրջ 40%-ը։

Կիպրոսի օկուպացւած հիւսիսային հատւածում Թուրքիան հռչակել է «Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութիւնը» (Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti), որը բացի Թուրքիայի որեւէ այլ պետութիւն չի ճանաչել։ Հիւսիսային Կիպրոսն, ըստ էութեան, Թուրքիայի նահանգներից մէկն է։

Թուրքիայի ռազմական նւաճմանն ընդառաջ միջազգային տարբեր ձեւաչափերում քննարկւում էր այդ հարցը։ Շատերը կարծում էին, որ ՆԱՏՕ անդամ երկու պետութիւնները՝ Թուրքիան եւ Կիպրոսի յետեւում կանգնած Յունաստանը չեն պատերազմի, սակայն եղաւ հակառակը։

Նոյնիսկ Յունաստանի դեմարշը եւ ՆԱՏՕ-ից դուրս գալը որեւէ կերպ չբերեց նրան, որ իրական ճնշում գործադրւի Թուրքիայի վրայ եւ վերջինս դուրս հանի զօրքերը գրաււած տարածքներից։

Այս հարցում Թուրքիայի դաշնակից ԱՄՆ դիրքորոշման մասին հետաքրքիր վկայութիւններ կարելի է գտնել վերջերս մահացած քաղաքագէտ եւ պետական գործիչ Հենրի Քիսինջերի եւ ԱՄՆ նախագահ Ֆորդի զրոյցներում։ Զրոյցի մանրամասները մեզ յայտնի են նախագահ Ֆորդի գաղտնազերծւած արխիւից։

1974 թ. օգոստոսի 13-ի վաղ առաւօտեան այդ ժամանակ պետքարտուղարի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերի օգնականի պաշտօնները համատեղող Քիսինջերը զեկուցում է նախագահ Ֆորդին յոյն-թուրքական պատերազմի մասին։ Ահա զրոյցից մի դրւագ.

Նախագահ Ֆորդ. «Ի՞նչ ենք մենք անելու, եթէ թուրքերը յարձակւեն»։

Քիսինջեր. «Մենք պէտք է նրանց դէմ քւէարկենք [ՄԱԿ] անվտանգութեան խորհրդում։ … Թուրքերը հէնց հիմա ծայրայեղ ազգայնական են։ Մի քանի տարի է, ինչ թուրքերի մարտավարութիւնը ճիշտ է. վերցնում են այն, ինչ ուզում են եւ ապա ուժեղի դիրքերից բանակցում։ Բայց եթէ թուրքերը խորանան Կիպրոսում, յոյները կարող են տապալւել։ Վստահօրէն, մենք չենք ուզում երկուսի միջեւ պատերազմ, բայց եթէ գործը հասնի դրան, Թուրքիան աւելի կարեւոր է մեզ համար եւ նրանք ունեն այնպիսի քաղաքական կառուցւածք, որը կարող է արտադրել Քադաֆիներ։

… Իմ որոշ գործընկերներ ուզում են դադարեցնել Թուրքիային [ԱՄՆ] աջակցութիւնը։ Դա աղէտ կը լինի։ Չկայ որեւէ ամերիկեան պատճառ, թէ ինչու թուրքերը չպէտք է գրաւեն Կիպրոսի մէկ երրորդը…»։

Այս դրւագը հետաքրքիր կերպով ցոյց է տալիս, թէ ինչ է նշանակում ռէալպոլիտիկ՝ իրական քաղաքականութիւն եւ թէ իրականում ինչպէս են ընդունւում որոշումները աշխարհաքաղաքական հարցերում։

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանի բլոգ

168.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button