ԹեհրանՀամայնքՄարզական

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ Իրանի 54-րդ Համահայկական խաղերը մեկնարկելու են սեպտեմբերի 7-ին

Այս տարի Թեհրանում կայանալու է Իրանի 54-րդ Համահայկական խաղերը, որը նախաձեռնում է Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութիւնը:

Առիթը պատեհ համարելով հարցազրոյց ենք ունեցել Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան վարչութեան նախագահ եւ 54-րդ Համահայկական խաղերի պատասխանատու Արբի Սարգսեանի հետ:

Անդրադառնալով կազմակերպչական աշխատանքներին, նա այսպէս շարունակեց. «Թէեւ 54 տարիներ է, ինչ կազմակերպւում են մարզական խաղերը, սակայն չորս տարին մէկ անգամ, երբ խաղերը զուգատիպում են Հայաստանի Համահայկական խաղերին, մասամբ կազմակերպչական դժւարութիւններ են լինում համադրութիւնների առումով, բայց մենք պատրաստ ենք ամէն գնով նախաձեռնել խաղերը եւ մեր միութենականների համագործակցութեամբ ու անխոնջ ջանքերով հինգշաբթի, սեպտեմբերի 7-ին «Արարատ» մարզաւանում բացումն է կատարւելու Իրանի 54-րդ Համահայկական խաղերի: Խաղերը շարունակւելու են մինչեւ սեպտեմբերի 14-ը:

Արդէն ստացել ենք յայտերը եւ մասնակցելու են խմբեր Թեհրանի մարզամշակութային միութիւններից, Թաւրիզից, Ուրմիայից, Գեարդաբադից եւ Սպահանից, նաեւ մասնակցութեան դիմումներ ենք ստացել Հայաստանից եւ յուսանք ապահովւի խմբերի մասնակցութիւնը: Մարզաձեւերի առումով ունենալու ենք՝ բասկետբոլ տղայոց եւ աղջկանց, վոլէյբոլ աղջկանց, թեթեւատլետ, սեղանի թենիս, թենիս եւ ժայռամագլցում»:

Անդրադառնալով բացման արարողութեանը, նա ընդգծեց, որ ինչպէս միշտ բացման պաշտօնական հանդիսութեանը, ներկայութեան համար հրաւէրներ են յղւել պետական օրգաններին եւ մարզական ֆեդերացիաններին:

Խօսելով մարզական խաղերը խորհրդանշող ջահի բոցավառման արարողութեանը, Արբի Սարգսեանը նշեց. «Հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, այս տարւայ մարզական խաղերի ջահը օրհնւել է Թեհրանի Ս. Մինաս եկեղեցում երկուշաբթի, սեպտ. 4-ին եւ ջահը կը տեղափոխւի «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռ, մինչեւ բացման հանդիսութեան մեկնարկը:

Այս շրջանի խաղերի ջահակիրն է՝ Իրանի աղջկանց բասկետբոլի հաւաքականի աւագ՝ Էդնա Իսայեանը, ով մէկ ամիս առաջ Իրանի հաւաքականի հետ միասին մասնակցեց Ասիայի առաջնութեան մրցաշարին: Գլխաւոր ջահակիրին ուղեկցելու են «Արարատ»-ի մինի բասկետբոլի խմբի մարզիկները:

Նշեմ նաեւ, որ այս տարի եւս տարբեր մարզաձեւերի մրցումների հարցով դիմել ենք պատկան ֆեդերացիաներին, մրցավարներով մրցումները ապահովելու համար:

Վերջում անհրաժեշտ եմ համարում շնորհակալութիւնս յայտնել «Ալիք» օրաթերթին, որը միշտ եղել է մեր կողքին եւ լուսաբանել Համահայկական խաղերը:

Հարցազրոյցը վարեց Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

Առնչւող Յօդւածներ

Back to top button