ԹեհրանՄշակութային

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Գրական խմբի եւ Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ նշանաւորւեց Վարդանանց տօնը

Հայ ժողովրդի ազգային նկարագրի ձեւաւորման գործում իր ուրոյն եւ անժխտելի դերը զբաղեցրած Վարդանանց գոյաբանական պայքարի տօնը նշանաւորւեց:

Այդ առիթով Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում, Արւեստից բաժանմունքի եւ Գրական խմբի նախաձեռնութեամբ, փետրւարի 8-ի, երեկոյեան կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական երեկոյ: Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:

Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառման հաղորդավար Հիլդա Աղախանեանը ընթերցեց բացման եւ ողջոյնի խօսքը: Իր խօսքի ընթացքում նա այսպէս ասաց. «Հայ ժողովրդի համար պատերազմները եղել են անխուսափելի: Ինչպէս ասւում է՝ մեզ պայքարի դաշտ առաջնորդող հրամայականը միշտ նոյնն է եղել՝ գոյատեւումը: Մեր ժողովուրդը իր ինքնութիւնը, իր հաւատքը ու գոյութիւնը պահպանելու համար թշնամու դիմաց մարտի է ելել, վկան մեր հայ ժողովրդի պատմութիւնը՝ Վարդանանց պատերազմը, Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի, Փետրւայի 18-ի ապստամբութիւնը եւ Արցախի ժողովրդի ազատագրական պայքարը»:

Միջոցառմանը՝ Վարդան Զօրավարի ոգեշունչ ճառից հատւածներ ընթերցեց Էլին Մելիքսէթեանը:

Հանդիսութեանը բեմ հրաւիրւեց օրւայ բանախօս Արամ Շահնազարեանը, ով իր ելոյթի ընթացքում համապարփակ գծերով անդրադարձաւ հայ ժողովրդի գոյատեւման հարցով՝ Վարդանանց պատերազմի թողած անժխտելի դերակատարութեանը: Բանախօսը կենտրոնացաւ այն հոգեբանական, աշխարհաքաղաքական, աշխարհամտածողական եւ ազգային մտածողութեան խորը ազդեցութեան մասին, որ Վարդանանց հերոսամարտը թողեց հայ ժողովրդի ազգային նկարագրի, աշխարհամտածողութեան ձեւաւորման, եւ այսպէս կոչւած գենետիկայի վրայ, որը հայ ժողովուրդը ժառանգեց 451 թւականին եւ կրում է մինչ օրս: Նա իր ելոյթը այսպէս շարունակեց. «Հայ ժողովրդի ճակատագրական եւ ամենաբարդ օրերին, եկել ենք նշելու հայոց պատմութեան ամենակարեւոր, ամենաառանցքային եւ ամենաանկիւնաքարային օրերից մէկը՝ Վարդանանքը: Երեւի թէ՝ սա ճակատագրի չար կատակն էր մեր ժողովրդի հետ, որ Վարդանանքից աւելի քան 1500 տարի յետոյ, կրկին մենք կանգնած ենք կենաց-մահու պայքարի առջեւ, մենք գոյաբանական բնոյթի պայքար ենք մղում, մենք փորձում ենք այս արեւի տակ պահպանել մեր ինքնութիւնը, մեր գոյութեան իրաւունքը, մեր հաւատքը եւ ամենակարեւորը՝ մեր հայրենիքը»: Բանախօսը յետդարձ ակնարկ նետելով Վարդանանց պատերազմի պատմական տւեալներին, համեմատական եզրեր անցկացրեց Հայաստանի եւ հայ ժողովրդի ներկայի եւ այն ժամանակւայ իրավիճակի մասին: Բանախօսը ընդգծեց. «Նոյն Վարդանանց ոգով տոգորւած Հայոց Ցեղասպանութիւնից երեք տարի անց հայ ժողովուրդը, ով դարձեալ կանգնած էր լինել-չլինելու դիմաց, 1918 թւականին կրկին կենաց-մահու պայքար մղելով կերտեց Մայիսեան փառապանծ յաղթանակը, հիմքը դնելով Հայաստանի Առաջին Հանրապետութեան, սակայն երկու տարի տեւած անկախութիւնից յետոյ, 1920 թւականից տասնամեակներ շարունակ, հայ ժողովուրդը թմբիրի մէջ էր մինչեւ 1988 թւականը, երբ սկսւեց Արցախեան շարժումը եւ ժողովուրդը ոտքի կանգնեց յանուն Արցախի, եւ արցախեան շարժումը դարձաւ հիմքը՝ մեր անկախութեան վերականգնման: Արցախեան շարժումը դարձաւ հիմքը 1990 թւականներին մեր պանծալի յաղթանակների՝ Արցախի անկախութիւն, Արցախի վերամիաւորում մայր հայրենիքի հետ եւ հզօր Հայաստանի կառուցում»: Բանախօսը նշեց. «Մենք այս ամէնը կորցրինք այն օրը, երբ աչք փակեցինք իրականութեան վրայ եւ ցաւօք սրտի տրւեցինք խաբկանքների եւ 2018 թւականից կանգնեցինք այսօրւայ դառը իրականութեան առջեւ»: Բանախօսը իր ելոյթը եզրափակեց հետեւեալ տողերով. «Այսօր առաւել քան երբեւէ մեզ անհրաժեշտ է՝ «Վասն հաւատքի եւ Վասն հայրենեաց» կարգախօսը: Այսօր առաւել քան երբեւէ մեզ անհրաժեշտ է Մամիկոնեանների եւ Վարդանանց մտածողութիւնը, քաջութիւնը եւ սխրագործութիւնը եւ անհրաժեշտ է գիտակցել, մահ իմացեալ անմահութիւն է, իսկ սովորական մահը ոչնչութիւն: Սա շատ կարեւոր է գիտակցել եւ եթէ առաջնորդւենք այս ամենով, վաղ թէ ուշ վստահ եղէք, որ կրկին ոտքի ենք կանգնելու»:

Ծրագրի գեղարւեստական յայտագրում, հայկական հեզաճկուն պարով ելոյթ ունեցան միութեան «Նայիրի» պարախմբի սաները,պարուսոյցներ՝ Թինա Անտոն եւ Սիւնէ Շահվալադեան: Ասմունքներով հանդէս եկան՝ Էմինէ Թահմազեանը, Անիա Բաղումեանը եւ Լէօ Խաչատրեանը: Հոգեւոր մեներգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ մեներգչուհի Օֆիկ Մելիքեանը, իսկ ազգային յեղափոխական երգերով՝ Էրիկա Դաւթեանը:

Վերջում հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը: Նա իր ելոյթի ընթացքում այսպէս ասաց. «Եթէ 451 թւականին չլինէր մեր ժողովրդի հաւատքը, չլինէր ազատատենչութեան գաղափարը, մեր ժողովուրդը հէնց այն ժամանակ էր ոչնչանալու: Սակայն այդ գաղափարով էր, որ մեր ժողովուրդը արդարութիւն ստեղծեց եւ միասնականութիւնը դրսեւորելով կարողացաւ կերտել անկախ հայրենիքը»: Նա կարեւորեց ժողովրդի միասնականութիւնը այս ճգնաժամային պայմաններից անցնելու համար:

Միջոցառմանը իրենց ներկայութեամբ պատւել էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արփի Ալավերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ ատենադպիր Հայրիկ Աղանեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան, եկեղեցական խորհուրդների, միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ:

Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակցութիւնը կազմեց Կարինէ Դաւթեանը

Առնչւող Յօդւածներ

Back to top button