ԹեհրանՄշակութային

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի տարեկան ելոյթը՝ նւիրւած պարախմբի 15-ամեակին

Թեհրանի հայկական համայնքի միութիւնները իրենց առաքելութիւնների ծիրում հայկական մշակոյթով սնում ու դաստիարակում են մեր մատաղ սերնդին: Հայկական մշակոյթի անբաժան մասնիկներից է պարը, որի շնորհիւ հայ պատանին ու պարմանուհին հաղորդակից են դառնում հայկական ազգային աւանդոյթներին:

Թեհրանահայ համայնքի պարախմբերից է Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախումբը, որը մարտի 7-ին եւ 8-ին երկու օրերի շրջանակում, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում հանդիսատեսին ներկայացրեց պարախմբի տարեկան ելոյթը, նւիրւած՝ «Նայիրի» պարախմբի հիմնադրման 15-ամեակին:

Պարախմբի գեղարւեստական յայտագրին մաս էին կազմում հայկական աւանդական պարեր, ինչու չէ, նաեւ այլ ազգերի մշակոյթը ներկայացնող մի քանի պարեր: «Նայիրի» պարախմբի գեղարւեստական ղեկավարն է Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալակիր՝ Արտաւազդ Աւետիսեանը, գլխաւոր պարուսոյց՝ Մերի Աւետիսեան, պարուսոյցներ՝ Թինա Անտոն, Սիւնէ Շահվալադեան եւ Նինէլ Մանուկեան, իսկ փորձավարներ՝ Մինէ Միրզախանեան, Էլին Մելիքսէթեան, Անի Քրիստի Դանիէլեան եւ Վենիտա Միրզախանեան:

Միջոցառումը մեկնարկեց հայկական խիզախ եւ պայքարունակ ոգին ներշնչող մարտական պարով, որից յետոյ միութեան անունից ողջոյնի եւ բացման խօսքով հանդէս եկաւ Շարիս Մելքոմ Աբգարը: Նա նշեց. «Ազգային մշակոյթի եւ մասնաւորապէս պարարւեստի մասին կարելի է խօսել ժամանակի կոմպոզիտոր, երգահան եւ ազգագրագէտ՝ Կոմիտասի ասւած բառերով, թէ՝ պարը արտայայտում է իւրաքանչիւր ազգի գծերը, մանաւանդ բարքն ու քաղաքակրթութեան աստիճանը»: Անդրադառնալով «Նայիրի» պարախմբի 15-ամեայ անցեալին, նա նշեց. «Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, 2008 թւականից սկսած հիմք է դրել «Նայիրի» պարախմբի: 2008-ից 2010 թւականներին պարախումբը կառավարել է Արիգա Ղահրամանեանը, այնուհետեւ մինչեւ 2014 թւականը ղեկավար է նշանակւել Հայաստանից ժամանած վաստակաւոր պարուսոյց Յարութիւն Կարապետեանը: Նոյն շրջանում նաեւ կեանքի է կոչւել յանձնախումբ, որոնք նւիրւածութեամբ միշտ կանգնած են եղել պարախմբի կողքին: 2014 թւականին նոր շունչ փոխանցելու մտայղացումով աշխատանքի է հրաւիրւում Մելան Սեֆեանը եւ Թինա Անտոնը: Գեղարւեստական ղեկավար է նշանակւում Հայաստանից հրաւիրւած Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալակիր՝ Արտաւազդ Աւետիսեանը, իսկ ժամանակակից պարերի համար Հայաստանից հրաւիրւում է Մերի Աւետիսեանը, նշանակւելով, որպէս գլխաւոր պարուսոյց»:

Նա նշեց. «Պարախումբն իր կանոնաւոր աշխատանքն է ունեցել մինչ 2020 թւականը: Սակայն համաճարակի պատճառով շուրջ երկու տարի դադարեցւում են աշխատանքները, իսկ 2022 թւականից պարախումբը վերսկսում է իր գործունէութիւնը հետեւեալ փոփոխութիւններով՝ Թինա Անտոնը նշանակւում է, որպէս անսամբլի ուսուցիչ, Սիւնէ Շահվալադեանը թիւ 1 եւ թիւ 2 խմբերի, իսկ Նինէլ Մանուկեանը թիւ 3 խմբի ուսուցչուհիներ: Փորձավարներ են նշանակւում Մինէ Միրզախանեանը, Էլին Մելիքսէթեանը, Անի Քրիստի Դանիէլեանը եւ Վենիտա Միրզախանեանը: «Նայիրի» պարախմբի պատասխանատու կազմում աւելի քան 13 տարի Անի Աբրահամեանի գլխաւորութեամբ աշխատում են՝ Հրաչիկ Շահբազեանը, Ռուբինա Յարութիւնեանը, Այլին Մարութեանը եւ Էրիկա Քարիմ Մասիհին»:

Բացման խօսքից յետոյ մէկը միւսին յաջորդեց պարախմբի սաների կատարումները:

Աւելի քան մէկ ժամ տեւողութեամբ «Նայիրի» պարախմբի սաները, տարիքային տարբեր խմբերով, գունազարդ հագուստներով եւ իրարայաջորդ արագ տեմպով հանդիսատեսին հրամցրին հայկական հեզաճկուն պարը, եւ մի քանի այլ պարեր, որոնք ներկայացնում էին այլ ժողովուրդների մշակոյթը:

Ընթացքում ցուցադրւեց տեսաֆիլմ, պարախմբի փորձերի եւ անցած 15-ամեայ ուղու մասին:

Մարտի 7-ի ծրագրին ներկայ էին՝ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, «Ալիք» օրաթերթի, ազգային իշխանութեան, մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Միջոցառումը եզրափակւեց տարիքային բոլոր խմբերի միասնական պարով:

Ապա բեմ հրաւիրւեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը: Իր ելոյթի ընթացքում վարչութեան նախագահը անդրադառնալով մշակոյթ հասկացութեանը նշեց, որ հայկական մշակոյթը ներկայացնում է հայ ժողովրդի ինքնութիւնը, որի պահպանման միջոցով հայ ժողովուրդը գոյատեւել է դարեր շարունակ: Նա իր գնահատանքի խօսքը ուղղեց «Նայիրի» պարախմբի գեղարւեստական ղեկավարին, պարուսոյցներին, փորձավարներին, եւ բոլոր սաներին, որոնք լաւագոյնն են իրականացնում, հայկական մշակոյթը պահպանելու եւ այն տարածելու գործում:

Նա նաեւ իր գնահատանքի խօսքը փոխանցեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի յանձնախմբին, որոնք տարիներ է ինչ չեն խնայում իրենց կարելին յօգուտ պարախմբին եւ ինչու չէ Հ. Մ. «Սիփան» միութեանը համագործակցութեան համար:

Իր ելոյթի աւարտին Սերոժ Օհանեանը շնորհաւորելով Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին վերընտրւելու կապակցութեամբ, բեմ հրաւիրեց պատգամաւորին եւ նշեց, որ այս միջոցառումը պատգամաւորի վերընտրւելուց յետոյ համարւում է նրա ներկայութեամբ առաջին համայնքային ծրագիրը:

Պատգամաւոր Արա Շահվերդեանը իր քաջալերանքի խօսքերի ընթացքում, իր գնահատանքը ուղղեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեանը, Արւեստից միութեանը եւ անդամներին, իրենց ազգանւէր աշխատանքների կապակցութեամբ: Պատգամաւորը ընդգծեց, որ հայկական խրոխտ եւ միասնական պարերը արտացոլում են մեր ժողովրդի պայքարունակ ոգին եւ միասնականութիւնը, որը առաջ ընթանալու եւ դժւարութիւնները կարգաւորելու խթան է հանդիսանում:

Արա Շահվերդեանը նշեց. «Մեր փոքրիկները, մեր պատանի պարմանուհիները եւ երիտասարդ-երիտասարդուհիները համայնքի հարստութիւններն են համարւում եւ բոլորս պարտաւոր ենք մեր միութիւնների յարկերի տակ առիթ ստեղծել, որպէսզի մեր մատաղ սերնդի ներկայացուցիչները ստանալով հայեցի դաստիարակութիւն կրթւեն ու դաստիարակւեն իրենց նախասիրած ոլորտներում եւ հնարաւորութիւն ունենան փայլելու միջազգային բեմերում»: Նա իր երախտագիտութեան խօսքը փոխանցեց ժողովրդին, որոնք կրկին վստահելով իրեն, վերընտրել են, որպէս պատգամաւոր եւ յաւելեց, որ չի խնայելու իր կարելին համայնքի հարցերի կարգաւորման ի խնդիր:

Վերջում գնահատւեցին պարախմբի ղեկավարները եւ բոլոր սաները:

Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Առնչւող Յօդւածներ

Back to top button