Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայաստանը՝ աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ փոթորկի կիզակէտում. ՀՀ-ին ՌԴ-ից ու Իրանից կտրելու գործին միացաւ Մեծ Բրիտանիան

ՀՀ իշխանութիւնների՝ դէպի Արեւմուտք արտաքին քաղաքական շրջադարձի փորձի հետեւանքով ՀՀ-ն եւ Հարաւային Կովկասը յայտնւել են աշխարհաքաղաքական ծանր փոթորկի կիզակէտում` աշխարհաքաղաքական գրեթէ բոլոր խաղացողների ակտիւ մասնակցութեամբ։ Խօսքը Ռուսաստանի Դաշնութեան, Միացեալ Նահանգների, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Իրանի մասին է։ Եւ սա՝ մի փուլում, երբ ՀՀ-ի դէմ պատերազմն աւարտւած չէ, աւելին, ըստ որոշ գնահատականների, Հայաստանը գտնւում է նոր պատերազմի շեմին, երբ պատրաստւում է, այսպէս կոչւած, Խաղաղութեան համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որն էլ զուգորդւում է Ադրբեջանի, ինչպէս նաեւ՝ Թուրքիայի կողմից ամենօրեայ սպառնալիքներով եւ ՀՀ-ից նոր տարածքային զիջումների պահանջներով։

Մինչ ՀՀ իշխանութիւնները փորձում են քիչ-քիչ մօտենալ ՀՀ տարբեր տեղանքներում տեղակայւած ռուսական կոնտինգենտին երկրից հանելու գործին, դրան լծելով նաեւ սեփական քարոզիչներին, փուլ առ փուլ փորձելով ռուսական կողմի արձագանգը եւ սրա սահմանները, ՀՀ արտաքին քաղաքական փոփոխութեան վերաբերեալ ուշագրաւ ուղերձներ են հնչում Իրանից, Մեծ Բրիտանիայից եւ այլ կենտրոններից։

Ինչպէս եւ կարելի էր սպասել, յատկապէս ակտիւ է Իրանը, որն այլեւս բաց յայտարարութիւններ է անում եւ հասկացնում, որ Ռուսաստանի փոխարէն՝ ինքը կարող է ստանձնել ՀՀ անվտանգութեան երաշխաւորի դերակատարութիւնը, այլապէս տարածաշրջանից դուրս անվտանգութեան փնտրտուքը հակառակ արդիւնքի է յանգեցնելու` տարածաշրջանը վերածւելու է ուժերի բախման կէտի եւ աւելի շատ մարտահրաւէրներ է ստեղծելու տարածաշրջանային խաղաղութեան եւ կայունութեան համար:

Հարկ է նշել, որ անվտանգային նման ցածր մակարդակ ունեցող երկիրն արտաքին քաղաքական թիւ մէկ գործընկերոջը փոխելու գործընթացի մէջ է մտել՝ առանց Արեւմուտքից յստակ երաշխիքներ ունենալու։

Չէզո՞ք, թէ՞ ԵՄ անդամ երկրի կարգավիճակ է ունենալու ՀՀ-ն, յայտնի չէ որեւէ մէկին։ Այնուամենայնիւ ԵՄ անդամակցութեան կուրսի որդեգրման դէպքում նոյնիսկ այն լինելու է երկարատեւ եւ ձգձգւած գործընթաց, ինչը ենթադրում է ՀՀ-ի շուրջ աշխարհաքաղաքական ցնցումների շարունակականութիւն։

Օրերս թուրքական TRT-ին տւած հարցազրոյցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը արտաքին քաղաքականութեան կողմնորոշման վերաբերեալ նշել էր, որ Հայաստանում ակտիւօրէն քննարկւում են առկայ նոր հնարաւորութիւնները։

«Գաղտնիք չեմ բացայայտնի, եթէ ասեմ, որ այդ շարքում է նաեւ Եւրոմիութեանն անդամակցութեան գաղափարը»,- յայտարարել էր նա։

Ուշագրաւ է, որ այս ամէնն ակտիւ փուլ մտաւ Մունխէնի Անվտանգային կոնֆերանսից յետոյ, որի շրջանակում, ինչպէս յայտնի է, Նիկոլ Փաշինեանը հանդիպել էր նաեւ MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Եւ հետաքրքրական է, որ յայտարարութիւններ է սկսել անել նաեւ Մեծ Բրիտանիան։ ՄԹ զինւած ուժերի նախարար Ջէյմս Հիպպին նշել է, որ Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցութիւնը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպէս այդ երկրի ինքնիշխան իրաւունք, եւ աշխատելու է Եւրոատլանտեան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երեւանին ռուսական պատասխան սպառնալիքների դէպքում։ Նա նշել էր, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցութիւնը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանը՝ յայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային իր պարտաւորութիւնները, միաժամանակ բրիտանացի պաշտօնեան նկատել էր, որ սա դեռ չի նշանակում կազմակերպութիւնից պաշտօնական դուրս գալ:

«Միացեալ Թագաւորութիւնը ստորագրել է ԵԱՀԿ սպառազինութիւնների էմբարգոն, եւ, որպէս այդպիսին, Միացեալ Թագաւորութեան պաշտպանական արդիւնաբերութեան համար ցանկացած օգուտ պէտք է իրականացւի մանդատային սահմանափակումների շրջանակներում: Մենք կը շարունակենք սերտօրէն աշխատել Հայաստանի հետ՝ աւելի սերտ համագործակցութեան հնարաւորութիւնները բացայայտելու նպատակով»,- ի պատասխան պատգամաւորներից մէկի հարցման՝ նշել էր Ջէյմս Հիպպին։

Ռուս վերլուծաբան Անդրէյ Արեշեւը 168.am-ի հետ զրոյցում ասել է, որ օրէցօր արեւմտեան աւելի շատ ղեկավարներ են սկսում ՀՀ արեւմտեան ինտեգրացիայի թեմային անդրադառնալ, որի նպատակը ՀՀ-ին դէպի Արեւմուտք քայլեր իրականացնելու հարցում ոգեւորելն է եւ Ռուսաստանի հետ դաշնակցային կառոյցներից հրաժարւելուն մղելը։

Ըստ նրա, Հայաստանին ցանկանում են Արեւմուտքից ցոյց տալ, թէ որքան մեծ կոնսոլիդացիա կայ Հայաստանի շուրջ։ Սակայն, նրա խօսքով, իրականում այդ կոնսոլիդացիան Ռուսաստանին թուլացնելու համար է, եւ ոչ՝ յանուն Հայաստանի։

«Մեծ Բրիտանիան առաւել ակտիւ աջակցել է մշտապէս ու կաջակցի Ադրբեջանին։ Միշտ է այդպէս եղել։ Այո, Մեծ Բրիտանիան կաջակցի եւ կոգեւորի Հայաստանին Ռուսաստանից կտրւելու եւ Իրանի հետ յարաբերութիւնները չխորացնելու հարցում։ Սակայն ՀՀ-ին իրական աջակցութիւնը ենթադրում է աջակցութիւն ՀՀ անվտանգութեանն Ադրբեջանի դէմ, ռազմական ներուժի զարգացում։ Սակայն նոյնիսկ Ֆրանսիան, որն իրեն դիրքաւորում է՝ որպէս ԵՄ-ում ՀՀ-ի ամենասերտ դաշնակից, տրամադրում է որոշ սարքեր եւ յայտարարում առանձնայատուկ կերպով, որ դրանք կրում են բացառապէս պաշտպանական բնոյթ։ Իսկ Բրիտանիայի դէպքում սահմանափակող հանգամանքները չափազանց շատ են, Բրիտանիան Ադրբեջանի դաշնակիցն է ու կայ, պատերազմում աջակցել է Ադրբեջանին»,- ասել է Արեշեւը։

Վերլուծաբանի խօսքով, բնականաբար, Իրանի զգուշացումները չափազանց կարեւոր են, դրանք կարեւոր նշանակութիւն ունեն, քանի որ Իրանը փորձում է ՀՀ իշխանութիւններին վերջնական շրջադարձից յետ պահել։

«Այսինքն՝ Իրանի համար սկզբունքայինն այն է, որ չլինի շրջադարձ դէպի Արեւմուտք, չմեծանայ Արեւմուտքի անվտանգային ներկայութիւնը ՀՀ-ում՝ իր հարեւանութիւնում, իսկ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների մակարդակը փոփոխելու հարցին, կարծում եմ, Իրանը նորմալ է վերաբերւում։ Բայց ՀՀ ակտիւ բանակցութիւններն Արեւմուտքի հետ՝ Իրանին անհանգստացնում է»,- նկատել է Արեշեւը։

Վերլուծաբանը գտնում է, որ իրական անվտանգութիւնը, զսպման մեխանիզմները հէնց ռեգիոնում են, ոչ թէ դրանից դուրս։

«Դրանից դուրս միայն աշխարհաքաղաքական մրցակցութիւնն է, Ռուսաստանին ռեգիոնից դուրս մղելու նպատակը։ Առանց այդ ամենի գիտակցութեան՝ քայլերը, բնականաբար, կարող են յանգեցնել անբարենպաստ արդիւնքների։ Այնուամենայնիւ այս փուլում, կարծում եմ, կարեւոր դեր է ստանձնել Իրանը եւ մինչ հնարաւոր լուրջ քայլերն Իրանը համապատասխան զգուշացումներն է անում, փոխարէնը՝ ՀՀ-ին առաջարկելով դաշնակցութիւն, որի կենտրոնում՝ անվտանգութիւն եւ զսպման մեխանիզմներ»,- ասել է քաղաքագէտը։

Նրա կարծիքով, Ադրբեջանը եւս կը փորձի օգտւել ստեղծւած իրավիճակից։

«Կարծում եմ՝ Իրանի ուղերձները հաշւի չառնելը կը նշանակի մերժել իրական դաշնակցին եւ գնալ խոստումներ տւողների յետեւից, խոստումներ, որոնց ներքոյ Հայաստանի համար որեւէ լուրջ աջակցութիւն չկայ թաքնւած»,- նկատել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button