ԹեհրանՄշակութային

Հ. Մ. «Սիփան» միութեան «Սիփան» պարախմբի տարեկան ելոյթը

Փետրւարի 16-ին, Հ. Մ. «Սիփան» միութեանս «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ միութեանս «Սիփան» պարախմբի տարեկան ելոյթը՝ գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ Կարինէ Մանուչերեանի ղեկավարութեամբ։

Պարախմբի սաները մօտաւորապէս վեց ամիս է ինչ կրթւում եւ պարի նրբագեղ արւեստի հետ են ծանօթանում իրենց ղեկավար՝ Կարինէ Մանուչերեանի միջոցով, ով համբերատարօրէն իր քրտնաջան աշխատանքն է տանում՝ նոր սերնդին հայկական եւ միջազգային պարի ուսուցման ուղղութեամբ։ Ելոյթին իրենց ներկայութեամբ պատւել էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչը, քահանայ հայրերը եւ միութիւնների ու ազգային մարմիններից ներկայացուցիչներ։ Ձեռնարկի բացման խօսքը փոխանցեց վարչութեան անդամ Քարմէն Չարմահալեանը, նշելով. «….պարը մշակութային այն կարեւոր դրսեւորումներից է, որը մղում է ինքնաճանաչման, ազգային արժէքների բացայայտման միաժամանակ կամրջելով տարբեր աշխարհագրութիւնների մշակոյթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր։ Պարը ի վերջոյ, մշակութային հաղորդակցման լեզու է: Պարը ոչ միայն արւեստի գեղեցիկ արտացոլում է եւ մարմնի լեզու, այլեւ՝ ազգային պատմութեան, կենսակերպի ու աւանդոյթների, իղձերի եւ նւաճումների իւրօրինակ արտացոլում։ Պարը հոգու թաքնւած լեզուն է։ Պարը աղօթք է շարժման մէջայն իր մէջ ամփոփում է արւեստների ողջ բազմազանութիւնը։ ….Կոմիտաս վարդապետը ասել է՝ պարը արտայայտում է իւրաքանչիւր ազգի բնորոշ գծերը, մանաւանդ բարքն ու քաղաքավարութեան աստիճանը»։

Ապա պարախմբի սաները իրենց գեղեցիկ, հայկական եւ ժամանակակից պարերով ելոյթ ունեցան ու մեծ ոգեւորութիւն փոխանցեցին ներկաներին, յատկապէս իրենց ծնողներին, ովքեր սրտատրոփ հետեւում էին իրենց զաւակների պարային յաջողութեանը։

Ելոյթի աւարտին իր ոգեւորիչ խօսքով հանդէս եկաւ պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով կարեւորեց հայ մշակոյթի, հայկական պարի տարածումը եւ շեշտեց նմանօրինակ ձեռնակների շարունակական լինելու մասին, որը աշխոյժ կը պահի հայկական բեմը։

Իսկ վերջում շնորհակալական խօսքեր հնչեցին եւ պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ միութեանս վարչութեան նախագահ Արա Մկրտչեանի միջոցով գեղեցիկ ծաղկեփնջեր նւիրւեցին միութեանս պարախմբի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ Կարինէ Մանուչերեանին եւ երկու փորձավարներ՝ Էրինէ Աւասափեանին եւ Փրենի Խաչատրեանին իրենց նւիրական աշխատանքի գնահատման համար։

Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան անունից շնորհակալութիւն ենք յայտնում այս ելոյթը լաւագոյնս կազմակերպած միութեանս Արւեստից բաժանմունքի ղեկավար մարմնին, Կարինէ Մանուչերեանին, փորձավարներին, պարախմբի բոլոր սաներին եւ յուսանք տարէցտարի է՛լ աւելի հմուտ պարային կատարումների ականատես կը լինենք եւ ձեռք-ձեռքի տւած սերնդէսերուդ կը փոխանցենք հայկական պարն ու մշակոյթը։

Հ. Մ. «Սիփան» միութիւն

Առնչւող Յօդւածներ

Back to top button