Թեհրան

Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցին՝ Ապրիլի 24-ի առաւօտեան խուռներամ շարքերով մասնակցենք կրօնական-քաղաքական ծրագրերին

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը նշող Կենտրոնական յանձնախմբի նախաձեռնութեամբ, երէկ՝ ապրիլի 13-ի երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում էր կազմակերպւել Թեհրանի հայոց թեմի միութիւնների վարչութիւնների եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչների հետ կապւած Ապրիլեան ծրագրերի կազմակերպման: Սկզբում յանձնախմբի նախագահ Արա Գալստեանը ողջունելով ներկաներին, համապարփակ գծերով ներկայացրեց յանձնախմբի նախաձեռնած աշխատանքները՝ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի միջոցառումների կապակցութեամբ, նշելով, որ այս տարի յանձնախմբի որոշմամբ Ապրիլի 23-ի երեկոյեան, միայն Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում տեղի է ունենալու երիտասարդական համահաւաք եւ գեղարւեստական ճոխ ծրագիր, որի նպատակն է մեր երիտասարդների մօտ վերակենդանացնել պահանջատիրութեան ոգին:

Անդրադառնալով Ապրիլի 24-ի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կազմակերպւելիք միջոցառումներին, Արա Գալստեանը նշեց, որ ինչպէս միշտ կատարւելու է եկեղեցական արարողութիւն մեր Սրբադասւած Նահատակների յիշատակին, ապա եկեղեցու բակում տեղադրւած Բիւրաւոր նահատակների յուշարձանի մօտ տեղի է ունենալու խնկարկում եւ ծաղիկների մատուցում նախ պաշտօնական անձանց եւ համայնքային կառոյցների ու միութիւնների կողմից, ապա ժողովրդի միջոցով: Տեղի է ունենալու ժողովրդական համահաւաք, հնչելու ենք ելոյթներ, կարգախօսեր եւ խօսքեր: Ատենապետը նշեց, որ ինչպէս ընկալեալ սովորութեան Ապրիլի 24-ի երեկոյեան ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի է ունենալու բանախօսանկան-գեղարւեստական յայտագրով միջոցառում: Նա իր գնահատանքը յայտնեց միութիւններին, որոնք արդէն իսկ նախաձեռնել են իրենց ծրագրերը:

Հանդիպմանը, թէ՝ յանձնախմբի նախագահը, եւ թէ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Հայրիկ Աղանեանը, կարեւորեցին Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման ծրագրերին գիտակից հայորդիների մեծաքանակ մասնակցութիւնը, որը վստահաբար իր խիստ արտացոլումն է ունենալու եւ այս հարցով դիմեցին միութիւններին, որպէսզի չխնայեն իրենց կարելին, իրենց միութենականներին մասնակցութեան կոչ ուղղելու առումով: Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների եւ առաջարկութիւնների արծարծման:

Առնչւող Յօդւածներ

Back to top button