Թեհրան

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Գրական խմբի նախաձեռնութեամբ՝ «Հայ մշակոյթ»-ին նւիրւած բանախօսական-գեղարւեստական երեկոյ

Սփիւռքեան պայմաններում հայ ժողովրդի գոյապահպանման կարեւորագոյն կռւաններն են Հայոց Առաքելական Եկեղեցին, դպրոցը եւ միութիւնները, որոնք իրենց յարկերի տակ հայապահպանման կարեւորագոյն առաքելութիւններն են ստանձնել:

Թեհրանի մեր մարզա-մշակութային միութիւններից է Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, որը տասնամեակներ է ինչ իր յարկի տակ հայ նոր սերնդին է փոխանցում հայկական մշակոյթը:

Ահաւասիկ միութեան գրական խմբի նախաձեռնութեամբ «Հայ մշակոյթ»-ին նւիրւած բանախօսական-գեղարւեստական համապարփակ միջոցառում էր կազմակերպւել թւականիս՝ նոյեմբերի 24-ի երեկոյեան, միութեան «Սուքերեան» սրահում:

Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառման բացման խօսքով հանդէս եկաւ Քլարա Աղախանեանը: Իր ելոյթի ընթացքում, նա անդրադառնալով հայկական դարաւոր մշակոյթի զարգացման փուլերին, եւ հայրենի աշխարհի վերիվայրումներին, որոնց հետեւանքով Հայաստան աշխարհ ներխուժած թշնամիները յաճախ ոչնչացրել են հայկական հինաւուրց մշակութային կոթողները, խօսեց 21-րդ դարում Արցախ ներխուժած թշնամիների հայակործան քաղաքականութեան մասին, նշելով. «Ներկայիս կրկին հայ ժողովուրդը դժւարին կացութեան մէջ է յայտնւել, ձեռքից տւել ենք Արցախն եւ ականատես ենք, թէ ինչպէս է թշնամին մեր սրբավայրերը, եկեղեցիները սրբապղծում կամ ձեւափոխելով իր համար կեղծ պատմութիւն է յօրինում»: Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի գոյութիւնը եւ քաղաքակրթութիւնը Արցախում պահպանելու համար բոլորս մեր դերն ունենք:

Միջոցառման բանախօսական բաժնում երկու բանախօսներ էին հրաւիրւել, ովքեր իրենց բանախօսութիւններով հանդիսատեսին հրամցրին հայ մշակոյթի անսասան գոհարների անմնացորդ դերը:

Բանախօս էր հրաւիրւել Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արփի Ալավերդեանը: Իր ելոյթի ընթացքում նա անդրադառնալով Սուրբ Թարգմանիչների անմնացորդ գործունէութեանը ընդգծեց. «Թարգմանիչները հիմք դրեցին ազգային ինքնուրոյն գրականութեան, ճարտարապետութեան, պատմագրութեան, բժշկութեան, փիլիսոփայութեան, աստւածաբանութեան, երաժշտութեան, որով մենք քաղաքակիրթ աշխարհի լիիրաւ անդամը դարձանք: Այդ նրանք էին, որ գրեթէ ոչնչից ստեղծեցին ինքնատիպ մի մշակոյթ, որ ուրիշ ոչ մէկ ազգի հետ չես շփոթի: Այդ նրանց ջանքերով էր, որ ազգը համախմբւեց միասնական մէկ հաւատքի շուրջ եւ կարողացաւ յետ վանել ճակատագրի դառը փորձութիւնները: Հայոց աշխարհում Մեսրոպեան գիրը դարձաւ ինքնապաշտպանութեան զէնք ու վահան, դարձաւ հայ ժողովրդի յարատեւ գոյութեան երաշխիքը՝ ապահովելով հայ ժողովրդի ինքնութիւնը։ Նա ոչ միայն փրկեց մեր ժողովրդին ողբերգական կործանումից, այլեւ խթանեց նրա կամքը՝անմեռ արժէքներ ստեղծելու»:

Բանախօսը անդրադարձաւ հայ ժողովրդի վերիվայրումներով լի պատմութեանը, ի մասնաւորի՝ Արցախի պատմական նշանակութեանը հայ ժողովրդի համար եւ նշեց. «Մեր առաջին ուսուցիչ՝ Մեսրոպ Մաշտոցն Արցախում գտնւող Ամարասի վանքում հիմնում է առաջին հայկական դպրոցը:

Շուրջ 14 դար Ամարասի վանքում հնչել է հայերէն աղօթքը: Այն լռել է միայն 1928-88 թւականներին, երբ Արցախը եղել է ադրբեջանցիների լծի տակ: 1988 թւականին սկսւած ազատագրական շարժումները նոր շունչ հաղորդեցին հինաւուրց վանքին եւ 1990 թւականի սեպտեմբերի 7-ից սկսեցին ղօղանջել նրա զանգերը: Չնայած 1992 թւականին, պատերազմի ժամանակ, վանքը գրաւեցին ադրբեջանցիները, սակայն կարճ ժամանակ անց Լեռնային Ղարաբաղի բանակը վերջնականապէս ազատագրեց այն: …Իսկ այսօր էլ մեր ժամանակներում, վայրագ թուրքը բռնագրաւեց մեր Ամարասը եւ Բաքւի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազաւթւած Ամարասի վանքում պղծւել է Ս. Գրիգոր Լուսաւորչի թոռան՝ Ս. Գրիգորիսի դամբարանը»: Նա խօսքը ուղղելով ներկաներին ընդգծեց. «Սիրելիներ այսպէս է լինելու հայկական հողի իւրաքանչիւր անկիւնում ննջող մեր նախնեաց բոլոր յիշատակների հետ, եթէ դրանք թողնենք թշնամուն։ Թշնամուն զիջելով մեր հայրենի հողի ցանկացած թիզ, մենք զիջում ենք մեր քաղաքակրթութիւնը, զիջում ենք մեր սրբերին, զիջում ենք մեր ազգային արժէքներն ու ինքնութիւնը, մեր մշակոյթը, եւ այդպիսով աւելի է մեծանում զաւթիչ թշնամու ախորժակը: Սիրելիներ պէտք է պայքարենք Արցախում Ադրբեջանի հսկողութեան տակ մնացած պատմա-մշակութային ժառանգութիւնը փրկելու համար: Պէտք է ամէն գնով փորձենք բարձրաձայնել Արցախի մշակութային ժառանգութեան մասին, որպէսզի վառ պահենք կրկին այդ տարածքները հայերին վերադարձնելու յոյսը: Այսօր ցաւօք աշխարհն իր աչքերը փակել է Արցախ աշխարհում տեղի ունեցող դէպքերի վրայ եւ լուռ դիտում է հայերիս հետ կատարւող ողբերգութիւնները»: Իր ելոյթի ընթացքում բանախօսը ժողովրդին սթափւելու հրաւիրելով, ասաց.«Բայց թող իմանան, որքան էլ փորձեն մեզ համոզել, որ Հայաստան աշխարհը ընդամէնը կազմում է 29800 քկ., մենք պէտք է հակադրւենք, հզօրանանք ու ձգտենք վերականգնել պատմական արդարութիւնը եւ պէտք է տէր կանգնենք մեր ունեցւածքին: Քանի որ անընդհատ զիջելով, տարիներ անց այսօրւայ փոքրիկ Հայաստանն էլ չենք ունենայ: Հնարաւոր չէ լռել եւ աչք փակել այս վայրագութիւնների նկատմամբ: Այսօր անհրաժեշտ է ամբողջ հայութեան ջանքերի համախմբում։ Այսօր բոլորս պէտք է համախմբւած լինենք ու ձգտենք մեր ազգային արժէքների պահպանմանը»:

Միջոցառման բանախօսներից էր արւեստագէտ Շարիս Մելքոմ Աբգարը: Իր ելոյթի ընթացքում բանախօս Շարիս Մելքոմ Աբգարը համապարփակ գծերով անդրադարձաւ անմահանուն Գրիգոր Նարեկացու անմնացորդ աշխատանքի մասին եւ ընդգծեց. «Եթէ Մեսրոպ Մաշտոցի միջոցով հինգերորդ դարը հռչակւեց Ոսկեդար, ապա Նարեկացին ապրելով 10-րդ դարի աւարտին եւ 11-րդ դարի սկզբին հայ ժողովրդի, գրականութեան եւ եկեղեցու վերածննդի պատճառը դարձաւ»: Իր ելոյթի այլ բաժնում բանախօսը ընդգծեց. «Եթէ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի միջոցով թարգմանւեց Աստւածաշունչը, ապա Նարեկացու միջոցով գրւեց «Նարեկ»-ը, կամ «Մատեան Ողբերգութիւն»-ը, որը դարձաւ հայ ժողովրդի երկրորդ Աստւածաշունչը: Եթէ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը հայ լեզւին ինքնուրոյն անձնագիր շնորհեց, եւ հայերէնը ճանաչեցնել տւեց աշխարհին, ապա Նարեկացին հայ հոգեւոր գրականութիւնը եւ ընդհանրապէս հոգեւոր գրականութիւնը տարածեց աշխարհով մէկ, քանի որ նրա Մատեանում երբեք չի նշւում «Հայ» բառը, սակայն միեւնոյն ժամանակ նրա գրիչը իսկական պատկերն է իր անհատականութեան: Իր մէջ նա խտացնում է այն բոլոր խոկերը, որ հայ միտքն ունեցել է սկզբից ի վեր, մանաւանդ արաբական իշխանութեան ժամանակ եւ դրանից յետոյ, Հայ ցեղի բոլոր տագնապներն ու պայքարներն ու յաղթանակներն ու յոյսերը, մտքի, սրտի, հոգու եռեակ հրդեհներով մի գունդ կրակ է Նարկեացին, Աստծու մեծ ճամբի վրայ: «Մատեան ողբերգութիւնը» կամ «Նարեկ»-ը Գրիգոր Նարեկացու հոգու կատարեալ արտայայտութիւնն է: Նա իր գաղափարներն ու զգացումներն արտայայտելու համար չկարողացաւ սահմանափակւել հայոց լեզւի եղած մթերքով, եւ նոր բառակերտումների դիմեց: Նարեկից յետոյ էլ ոչ ոք չի կարողացել պահել եւ պահպանել Նարեկի լեզւի մաքրութիւնն ու վսեմութիւնը:

Եւ այդպիսով կարծես նրա աղօթքը գրւած է ամբողջ աշխարհի ժողովուրդների համար: «Մատեան ողբերգութիւն»-ը թարգմանւեց աւելի քան 30 լեզուների: Այն համամարդկային մտքի պատմութեան գագաթներից մէկն է»:

Իր ելոյթի այլ բաժնում բանախօսը այսպէս ընդգծեց. «Ինչպէս կասէր հայ բանասէրը՝ ժամանակն է Նարեկը հանել բարձի տակից, ժամանակն է մարմնական բժշկութեան կողքին նաեւ քիչ երկմտւել հոգու բժշկութեան համար: Իսկ հոգու բժշկութիւնը ձեռք կը բերւի, կարդալով, աղօթելով, Աստծուն ժամանակ յատկացնելով: Նարեկը պիտի կարդալ, Նարեկը պիտի խօսք դարձնել, պիտի հաւատալ: Մշակոյթը նայելով, գիրկն առնելով եւ բարձի տակ դնելով չի զարգանում: Մշակոյթը զարգանում է ապրելով»:

Գեղարւեստական յայտագրում «Հաւուն-հաւուն» եւ «Բազում են գթութիւնդ» հոգեւոր տաղերի կատարմամբ հանդէս եկաւ արւեստագէտ-երաժիշտ Մեղեդի Եղնազարեանը: Միջոցառմանը, հայկական պարերով ելոյթ ունեցան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի սաները, գեղարւեստական ղեկավար Արտաւազդ Աւետիսեան, պարուսոյցներ՝ Թինա Անտոն եւ Սիւնէ Շահվալադեան, իսկ բեմադրութիւնները իրականացրել էին Էդգար Աւետիսեանը եւ Մերի Աւետիսեանը, իսկ պարախմբից՝ Մինէ Միրզախանեանը հանդէս եկաւ մենապարով, սաները ներկայացրին թէ՛ զուգապարեր, եւ թէ՛ խմբական կատարումներ: Գեղարւեստական յայտագիրը յագեցած էր նաեւ ասմունքային կատարումներով, որոնք ներկայացրեցին Էմելիա Պօղոսեանը եւ Գրէյսի Վարդանեանը:

Ծրագրի աւարտին հրաւիրւեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով իր գնահատանքի խօսքը ուղղեց բանախօսներին, եւ գեղարւեստական յայտագիրը իրականացնողներին: Նա մեծարեց հայ մշակոյթի անխոնջ գործիչներին, ի մասնաւորի հայ ուսուցիչներին, որոնք այսօր ծանր առաքելութիւն ունեն իրենց ուսերին դրւած եւ նրանց ջանքերի շնորհիւ այսօր պէտք է հայ մատաղ սերնդի մօտ վառ մնայ հայրենասիրութիւնը:

Ծրագիրն իրենց ներկայութեամբ պատւել էին Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի պատգամաւորներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների, կառոյցների ու միութիւնների ներկայացուցիչներ, ուսուցիչ-ուսուցչուհիներ եւ մշակութասէր հայրենակիցներ:

Միջոցառման աւարտին հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը: Նա իր գնահատանքի խօսքը ուղղելով միջոցառման յայտագիրը իրականացնողներին, ընդգծեց, որ մշակոյթը մի ժողովրդի ինքնութիւնն է, առանց որի հնարաւոր չէ ազգի գոյատեւումը: Նա կարեւորեց միութիւնների յարկի տակ մշակութային ծրագրերի իրականացման անհրաժեշտութիւնը, որպէսզի նոր սերնդին փոխանցւի հայկական մշակոյթի պատառիկները, որոնք անհրաժեշտ են հայապահպանման համար:

Թղթակցութիւնը կազմեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

Առնչւող Յօդւածներ

Back to top button