Մշակութային

Փարաջանով տօնը, Փարաջանով առասպելը

Կինոյի ասպարէզում, Սերգէյ Փարաջանովը լեգենդ էր ու համաշխարհային հռչակ ունէր կենդանութեան օրօք: Նրան այցելում, նրա հետ աշխատում, նրա հետ ընկերութիւն էին անում, նրա մասին խօսում էին համաշխարհային հռչակ ունեցող ռեժիսորները, սցենարիստները, դերասանները: Փարաջանովը տօն էր, որ փոխում էր այն միջավայրերը, որտեղ լինում էր, փոխում էր իր շուրջը գտնւող մարդկանց, ներշնչում նրանց, ստեղծագործական լիցքեր հաղորդում: Ստորեւ ներկայացնում ենք Փարաջանովտօնի, Փարաջանովառասպելի մասին փոքրիկ պատմութիւններ ու նրա հանրայայտ ընկերների խօսքերը:

«Նա արւեստ է ստեղծում ամէն ինչից. ընթրիքի համար սեղան է բացում՝ արւեստ է, չորացած ճիւղը կը դնի բաժակի մէջ՝ արւեստ է, կադրը կը տեղաշարժի ընդամէնը մէկ սանտիմետր՝ եւ դուք ախ կը քաշէք…եւ նրա մասին ոչ ոք ոչինչ չի գրում, եթէ գրում էլ են, չեն տպում: Յատկապէս հիմա նրա մասին պէտք է գրել. նա կրկին վանդակաճաղերի յետեւում է: Նա բանտարկւած է նրա համար, որ մնում է արւեստագէտ…»,- Անդրէյ Տարկովսկի

Վլադիմիր Վիսոցկին եւ Մարինա Վլադին ամուսնութիւնից յետոյ գնում են Թբիլիսի եւ հիւրընկալւում Սերգէյ Փարաջանովի տանը: Նրանք բացում են տան դուռը եւ անակնկալի գալիս:
«Սենեակի ամբողջ տարածութիւնը, որտեղով պէտք է քայլէինք լցւած էր խնձորներով եւ այլ բազմագոյն մրգերով: Վլադիմիրը ըստ արժանւոյն գնահատեց ընկերոջ կատակը: Մենք երկուսս էլ ծիծաղում էինք: «Սերգէյ Փարաջանով» բառերով բացիկը ամրացւած էր անկողնուն գցւած մի ճոխ, հին շալի վրայ: Սերեօժան, ում մենք երկուսս էլ շատ սիրում էինք, մտածել էր մեզ համար այդ սիւրռէալիստական բեմադրութիւնը: Աշխատելով շատ չտրորել մրգային գորգը, մենք անուժ ընկանք եւ ես միանգամից քնեցի, փաթաթւելով շալով»,- Մարինա Վլադի

«Մեր հանդիպումը Փարաջանովի հետ անմոռանալի էր: Մենք մտանք նրա տուն, նա զարմանալի մարդ էր, մարդ-թատրոն: Սերգէյ Փարաջանովին Մաստրոյանին մի զոյգ կօշիկ նւիրեց: Մարչելլօն վերցրեց կօշիկները եւ մէկի վրայ գրեց «Մարչելլօ», միւսի վրայ «Մաստրոյանի», ապա վերադարձրեց Սերգէյին եւ ասաց, որ կօշիկները հագնի ձեռքերին եւ փողոցով քայլի այնպէս, որ բոլորը տեսնեն իր ինքնագիրը կօշիկների վրայ»,- Էլդար Շենգելայա

«1981 թւականին Սերժիկը թբիլիսեան բանտում էր: Իսկ ես Լիկանիում էի (Վրաստանի արեւմուտքում)՝ էլիտար սանատորիայում: Յանկարծ լուր տարածւեց, որ յատուկ պրոցեդուրաների համար այստեղ է գալիս Շեւարդնաձէն, այն ժամանակ Վրաստանի Կենտկոմի առաջին քարտուղարը: Ես նոյն բուժումները արեցի, ինչ նա եւ հանդիպեցի նրան: Մեր զրոյցը ես սկսեցի նրանով, որ արտայայտեցի իմ հիացմունքը Փարաջանովի արւեստով: Յետոյ բացատրեցի, թէ ինչու Սովետական Միութիւնում թերագնահատում են նրան: Ես ասացի Շեւարդնաձէին. «Սերժիկը, ըստ էութեան միակ ռեժիսորն է աշխարհում, ում յաջողւել է էկրանին փոխանցել հեքիաթ-երազի անթափանց, առկայծուն օդը: Իւրաքանչիւր բնապատկերից նա նատիւրմորտներ, կինոգեղանկարչութիւն է ստեղծում: Նրա բոլոր կերպարները կարծես խոշորացւած են (աչքեր, բեղեր, յօնքեր), կարծես 20-ականների Չապլինի հերոսները լինեն: Բայց այդ ամէնը մեր օրերին կամ մեր ամբողջ կեանքին ընդդիմութիւն չէ: Դա Փարաջանովի հզօր կամքն է, որը ստիպում է մարդկանց տեղափոխւել այլ աշխարհ, որը բնորոշ է միայն նրան: Դա մի աշխարհ է լցւած լեգենդներով ու երեւակայութեամբ»,- Տոնինօ Գուէրրա

Առնչւող Յօդւածներ

Back to top button