Մշակութային

Ճաշ

Մութ գիշերւայ մի խաւար մտմտուք,
Ծանր ու երկիւղալի,
Թառել է բաբախող սրտերի վրայ,
Մինչեւ վաղորդայնը ժամանի,
Լուսաբացը տարածւի կեանքի վրայ,
Որպէս հրճւալի ողջոյն,
Եւ ամենօրեայ ժխորը ստեղծագործ,
Կիրքը կատաղի,
Մոլուցքը փնտրումի,
Ցաւը անբուժելի,
Ու յուսադրող երազի պատրանքը
Ճառագեն արթնութեան վրայ
Իմացութեան այս ընդարձակ ծաւալում։

Աղուրի վրայ
Մեկնարկում է մրջիւնների երկարող կարաւանը,
Բեռնաւոր զանազան անհրաժեշտ փշուրներով,
Որ կարիք են յագեցնում
Եւ ապրեցնում են,
Երկարացնում են կեանքի ուղին,
Զարդարում են ճակատագիրը
Յաջողութիւններով։

Դաշտը բացել է իր բերքառատ գիրկը
Գարնանային արեւի
Տաք համբոյրի հանդէպ․
Թեւաւորները կչկչում են,
Ծլվլում են, թռչկոտում են․
Ճառագայթները լիզում են
Բուրաւէտ ծաղիկների թերերը
Հաճոյքի բաւարարութեամբ։

Հեռաւոր կապտութեան մէջ
Լեռների կուտապն է ծւարած,
Մէջքները վերեւ կուտակած
Ծեծւած շան նման։

Ամպերը թխմւում են իրար մէջ,
Որպէս նոյն նեղւածքը մտնող
Հոսուն հեղեղ,
Բայց փարատւում են
Ձնձխւած ծւէններով։

Օրը խորանում է աշխատանքի հնոցում,
Երկնքի կապտութիւնը փայլում է,
Եւ միջանցիկ մի հով,
Փախած մի ստւերի սեղմումից,
Բամբասանքներ է փսփսում
Ծանօթ պարտէզին։

Հեռւից ճաշւայ լռութիւնն է մօտենում,
Աքութներից ախորժաբեր ծուխ ու հոտ
Բարձրանում են
Միջօրէի շոգ արեւով թանձրացած։

Կէսօրւայ օրհնւած ճաշ…

Բաժակս լից գինով,
Որ խնամքդ մտերմանայ իմ հետ
Եւ ես հարբեմ քեզնով
Ու գինով։

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button