Դաշնակցական ԲեմՄշակութային

Լոյս է տեսել ազգային-ազատագրական պայքարի նւիրեալ, պետական գործիչ Զաքար Եօլեանի յուշերի ժողովածուն

Օրերս լոյս է տեսել Աղասի Ազիզեանի եւ Աշոտ Սիմոնեանի կազմած ազգային-ազատագրական պայքարի եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան պետական գործիչ, նւիրեալ դաշնակցական Զաքար Եօլեանի «Անցեալի յուշեր» յուշագրութիւնների մեծածաւալ ժողովածուն։ Գիրքը ներառում է նրա մամուլում տպագրւած յօդւածները։

Լեռնահայաստանի յայտնի գործչի յօդւածները լոյս են տեսել Թիֆլիսի «Ժամանակ»-ում, Բաքւի «Արեւ»-ում եւ «Գրոհ»-ում, Գորիսի «Սիւնիք»-ում, իսկ Իրան փոխադրւելուց յետոյ, Թեհրանի «Ալիք» օրաթերթում, Բոստոնի «Հայրենիք»-ում, ՀՅԴ օրգան «Դրօշակ»-ում, ինչպէս նաեւ Բէյրութում ժամանակին լոյս տեսնող «Յեղափոխական ալբոմ» պարբերաթերթում։

Նորահրատ գրքի նիւթերը դասաւորւած են ըստ բովանդակութեան եւ տպագրւած թւականի ժամանակագրութեամբ։ Հետաքրքրական է, որ Եօլեանը որոշ յուշերում իր մասին խօսում է երրորդ դէմքով։ Դրա վառ օրինակներից են՝ Սահակ Տէր-Գաբրիէլեանի հետ հանդիպման պատմութիւնը կամ Դրոյի հետ նրա ճամբորդութիւնը դէպի Երեւան։

Ստորեւ ներկայացնում ենք գրքում տեղ գտած Զ․ Եօլեանի համառօտ կենսագրութիւնը, որը 1992 թւականին կազմել է իր որդին՝ Աշոտ Եօլեանը.

«Զ․ Եօլեանը ծնւել է 1882 թւականին Զանգեզուրի Գորիս քաղաքում՝ յունիսի 17-ին։ Տարագրւել է Պարսկաստան 1921 թ․-ի յուլիսի 10-ին։ 1946 թւականին տեղափոխւել է Թեհրան։

Այս տողերը, որ գրում եմ, տարիներով կուտակւել են մտքիս մէջ։ Դրանք լսել եմ իրենցից, կամ շրջապատից եւ կամ անձամբ իմ տեսածներն են։ Գրի եմ առել մտածելով, որ այն կարող է օգտակար լինել իրենց թոռներին ու ընթերցողներին։

Տարրական դպրոցն աւարտելուց յետոյ, ուր սովորել էր հայերէն եւ ռուսերէն, իր ապագան բարւոքելու ու նաեւ ծնողներին օգնելու նպատակով, 1898 թ․ աշնանը, հայրս թողնում է իր ծննդավայր Գորիսը եւ գնում Բաքու, ուր իր բարեկամների աջակցութեամբ, գրագրի պաշտօնով, ամսական 18 ռուբլիով մտնում է ծառայութեան Մանթաշեւի Սաբունչի նաւթահանքում, որը Բաքւից 20 կմ․ հեռու էր գտնւում։

Շուրջ երկու տարի գիշեր-ցերեկ եռանդուն աշխատանքի շնորհիւ նշանակւում է պահեստապետ՝ ստանալով ամսական 30 ռուբլի, որը բաւարար էր թէ՛ օգնելու ծնողներին, եւ թէ՛ հոգալու իր կարիքները։ Նա կարողանում է թերթեր եւ գրքեր գնել ու նւիրւում է ընթերցանութեան, ի մասնաւորի միջազգային քաղաքական կուսակցութիւնների գաղտնի յեղափոխական գրականութեան եւ մասնակցում է գաղտնի ժողովների։

1900 թ.-ին տեղի է ունենում 20-օրեայ գործադուլ, որին մասնակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որպէս քաղաքական կազմակերպութիւն, որի գոյութեան իմաստն ու նպատակը հայ աշխատաւոր դասի ազատագրումն ու նրա շահերի եւ իրաւունքների պաշտպանութիւնն է տաճկական եւ ռուսական բռնատիրութիւնից։

Զաքար Եօլեանը 1903 թ.-ին անդամագրւում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը։

1910 թւականի դեկտեմբերի 18-ին ամուսնանում է Հայկանուշ Յովհաննիսեանի հետ։ Հայկանուշը ծնւել է 30 յունիսի 1896 թւականին Դիլիջանում եւ աւարտել Թիֆլիսի գիմնազիան։ Զաքարը եւ Հայկանուշը 8 տարի ապրում են Բաքւում։

Զ․ Եօլեանը 4000 բանւորների ներկայացուցիչ է ընտրւում։

Հայաստանի Հանրապետութեան ժամանակ ընտրւում է խորհրդարանի անդամ եւ հետագայում նշանակւում Զանգեզուրի ներկայացուցիչ եւ գեներալ կոմիսար։

1921-ի յուլիսի 10-ին տարագրւում է Պարսկաստան եւ բնակութիւն հաստատում Թաւրիզ քաղաքում։ Կինը՝ Հայկանուշը մնում է Թիֆլիսում, որտեղ 1921 սեպտեմբերի 1-ին ծնւում եմ ես։ Մինչեւ 1925-ի դեկտեմբերի 27-ը ապրում ենք մենակ մամենց գերդաստանի հետ, որից յետոյ գալիս ենք Թաւրիզ եւ միանում հօրս։

Հայրս Թաւրիզում հաշւապահութիւն էր անում ճանապարհներ եւ կամուրջներ կառուցող ընկերութիւններում, իսկ մայրս կար էր անում եւ հանգիստ ապրում էինք։ Հայրիկիս ընկերները յաճախ գալիս էին իրեն տեսնելու, միշտ հիւր ունէինք։ Մաման էլ ազատ ժամանակ ծանօթներից օգնութիւն էր հաւաքում եւ բաժանում կարիքաւորներին ու բազմազաւակ ընտանիքներին եւ յաճախ, ծանօթների հիւանդութեան ժամանակ խնամում էր նրանց մինչեւ լուսանալը։

Զաքարը վերջերս Թաւրիզում «Արօր» կօօպերատիւում 18 մասնաբաժին ունէր եւ կառավարում էր քաղաքի առաջին բենզալցակայանը։ Մեր դրութիւնը լաւ էր, բայց այդ կօօպերատիւը փակւեց եւ մեր ունեցած 18 մասնաբաժինները փոշիացան։

Հայրս նաեւ պրն․ Կորիւնի մօտ մեքենավարներին մեխանիկութեան դասեր էր տալիս։ 72 մեքենավարներ սովորեցրեց, որոնք այնուհետեւ մեքենաներ գնեցին եւ միշտ օրհնում էին հօրս, որ իրենց գործի տէր դարձրեց։

1946-ի դեկտեմբերի 31-ին բոլորս տեղափոխւեցինք Թեհրան։ Հայրս «Ալիք» թերթի եւ Սփիւռքի այլ ամսագրերի մէջ նիւթեր էր գրում եւ վերջերս էլ «Ալիք»-ը ամսական 3000 ռիալ վճարում էր կատարում։ Նրա մականունն էր Ա․ Աշխատունի։

Հայրս ձախլիկ էր, բայց երկու ձեռքով էլ գրում էր։ Շատ ծանր ձեռք ունէր։ Ասում էին, որ մի անգամ մի հոգու հարւածել էր ձախ ձեռքով. այդ անձը երեք ամիս մնացել էր հիւանդանոցում։ Հէնց այդ պատճառով նա երբեք ձախ ձեռքը չէր գործածում։

1970 թւականի ապրիլի 4-ին, կաթւածահար լինելուց երեք ամիս յետոյ, հայրս վախճանւեց։ Թաղումը տեղի ունեցաւ ապրիլի 6-ին, Թեհրանի Դուլաբի գերեզմանատանը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պանթէոնում։

Հինգ տարի յետոյ, 1975-ի մարտի 24-ին մահացաւ մայրս»։

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button